«Մուսա լեռան 40 օրը» վավերագրականը կպատմի համանուն վեպի` Հոլիվուդում էկրանավորելու ձախողումների մասին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 8, 2012 14:24
Ավստրիացի գրող եւ հումանիստ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա համանուն ֆիլմ նկարահանելու Հոլիվուդի փորձերը մշտապես ձախողվել են: Տարբեր տարիներին եւ տարբեր ռեժիսորների կողմից այս վեպը էկրանավորելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Armenian Weekly-ն, «Հսկայական մերժում. Զրկելով Մուսա լեռան 40 օրը» վերնագրով նոր վավերագրականը պատմում է Վերֆելի հայտնի վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու Հոլիվուդի բազմաթիվ փորձությունների, դժվարությունների եւ դրանց ձախողումների մասին:
Վավերագրական ֆիլմը, սակայն, դեռ պետք է ավարտին հասցնել: Նախագիծը ֆինանսավորելու նպատակով ֆիլմի պրոդյուսերները դրամահավաք են կազմակերպել` համացանցի միջոցով: Ֆիլմը նկարահանողներից Էդվին Ավանեսը Armenian Weekly-ի հետ զրույցում շեշտել է լիամետրաժ վավերագրականի կարեւորության մասին: «Մեր նպատակն է հանդիսատեսին տեղ հասցնել օտարերկրյա ուժերի միջամտությամբ ֆիլմի արտադրության ձախողումների մասին»,-նշել է Ավանեսը: Նա նաեւ ընդգծել է ֆիլմում արծարծվող հիմնական թեմաները` Հոլիվուդի պատմության համատեքստում տեղի ունեցած դավադրությունները, դավաճանությունները, հանցակցությունները, բացահայտ գրաքննությունը եւ այլն: Ֆիլմի նախագծում ներառված են նաեւ որոշ անհատներից վերցված հատուկ հարցազրույցները: «Հետազոտություններն այնպես են լուսաբանվում ֆիլմում, որոնք բացահայտում են ֆիլմը նկարահանելու ձախողումների ճշմարտությունը»,-նշել է Ավանեսը:
Հայտնի ռեժիսորներ եւ դերասաններ, ինչպիսիք են Էլիա Կազանը, Սիլվեստեր Ստալոնեն, Ռուբեն Մամուլյանը եւ այլք, տասնամյակներ շարունակ փորձել են Վերֆելի վեպի հիման վրա նկարահանել ֆիլմ, սակայն չի ստացվել: «Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունների մեջ: Վեպի համար հիմք են ծառայել 1915 թվականի Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ: Ֆիլմի բնագրի վերնագիրն է «Epic Denied: Depriving The Forty Days of Musa Dagh»:






Facebook
Tweet This
Email This Post
