Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշանակել է վարչական համայնքների ղեկավարներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2009 12:30

taxapetaranԱյսօր «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ և 89-րդ հոդվածի համաձայն` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներ («Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով` Երևանի թաղային համայնքները վերածվել են վարչական շրջանների), սահմանվել նրանց նստավայրերը:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուբեն Հովսեփյանը, Ավանի` Մանվել Ջավադյանը, Արաբկիրի` Համլետ Մարգարյանը, Դավթաշենի`Արթուր Գևորգյանը, Էրեբունու` Արմեն Հարությունյանը, Կենտրոնի` Գագիկ Գյանջումյանը,Մալաթիա-Սեբաստիայի` Դավիթ Օհանյանը,Նոր Նորքի`Դավիթ Պետրոսյանը, Նորք-Մարաշի` Վարազդատ Մկրտչյանը, Նուբարաշենի` Մհեր Հովհաննիսյանը, Շենգավիթի`Սարգիս Հովհաննիսյանը, Քանաքեռ-Զեյթունի` Արայիկ Քոթանջյանը:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի` Երևանում լինելու է մեկ միասնական բյուջե, վարչական շրջանները բյուջեի փոխարեն կունենան վարչական ծախսերի համար նախատեսվող նախահաշիվ: Միջոցներն ու դրանց նպատակային օգտագործումը տնօրինելու է Երևանի քաղաքապետը:

Օրենքով սահմանված կարգով քաղաքապետը կազմակերպելու է գույքի եւ հողի հարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերի ու տուրքերի, քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն համարվող հողերի, Երևանի սեփականություն համարվող գույքի վարձակալությունից ու օտարումից մուտքերի գանձումն ու վերահսկումը:

Եթե քաղաքապետն արձանագրի, որ վարչական շրջանի ղեկավարն իր աշխատանքում թերացումներ ունի, իրավասու է նրան ազատել աշխատանքից:

Մայիսի 31-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում Երեւանն ունի 65 հոգուց բաղկացած ավագանի` քաղաքապետի գլխավորությամբ, որն ընտրվել է 4 տարի ժամկետով: Քաղաքապետը կունենա 5 տեղակալ, մեկ` առաջին, որին նույնպես կընտրի ավագանին, մյուս 4-ին կնշանակի քաղաքապետը` ավագանու համաձայնությամբ:

Քաղաքապետը կգործի այնքան ժամանակ, որքան ավագանին: Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման միասնական կարգավորումից ելնելով` քաղաքապետին վերապահված են ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ պատվիրակված լիազորություններ:
Երևանի ավագանին իրավունք ունի քաղաքապետին քաղաքական անվստահություն հայտնելու և միաժամանակ նոր քաղաքապետ ընտրելու: Քաղաքապետի ընտրությունից հետո ավագանին նրան 1 տարի անվստահություն հայտնելու իրավունք չունի:

Դիտվել է 2138 անգամ:
Print Friendly

Leave a Reply