Մարտի 1-ի խորհուրդը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2010 0:46

հանրահավաքՄատենադարանի բարձունքում կայացած ՀԱԿ հանրահավաքի ողջ ընթացքում ընդդիմության 10 ակտիվիստներ՝ ձեռքերում մարտի 1-ի 10 զոհերի նկարներն ու երկուական նարգիզներ, կանգնած էին Մեսրոպ Մաշտոցի եւ Կորյունի արձանի առջեւ. երեւի թե օրվա խորհուրդն էին նշանավորում:

Արամ Մանուկյանը ընթերցեց ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ըստ որի մրցույթ է հայտարարվում մարտի 1–ի զոհերի հուշարձանի ստեղծման համար:

«Օրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել 2 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցությունը վայելող նրանց հարազատներին ու մերձավոր­ներին»,-այս խոսքերով սկսեց իր ելույթը ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը իր ելույթում կոչ արեց բոլորին համախմբվելու` մարտի 1-ի սպանությունները բացահայտելու եւ պայքարը վերջնական հաղթանակի հասցնելու համար:

Սակայն այս բոլոր խոսքերը շատ արագ հոդս ցնդեցին, շատ-շատերն իրենց ելույթներում մոռացան անդրադառնալ 2 տարի առաջ կատարված իրադարձություններին՝ հերթական անգամ կրկնելով բազմիցս հնչած ու մի տեսակ հերթապահ դարձած արտահայտությունները. «ձեր վճռականությունից է կախված մեր հաղթանակը», «մեր պայքարն անկասելի է», «մեր գործողությունները մտնում են վճռական փուլ»…

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ իր ելույթում ասաց, որ «պետք է փոխել իշխանությունն՝ ինչ գնով էլ լինի»: Այդ պահին, հավանաբար, Բագրատյանը մոռացել էր, որ 2 տարի առաջ արդեն 10 մարդու արյան գին վճարվեց իշխանափոխության մի փորձի համար:

Դիտվել է 1922 անգամ:
Print Friendly

Leave a Reply