ՀԱԿ-ը կրկին արտահերթ ընտրությունների պահանջ է դնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2010 0:41

Լեւոն Տեր-Պետրոսյան«Սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմանադրական հուն տեղա­փոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհր­դա­րանական եւ նախագահական ընտրությունները»,-մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 2-րդ տարելիցին հրավիրված հանրահավաքին հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին  նախագահը նշեց, որ Հայաստանի առջեւ այսօր 5 կարեւոր մարտահրավերներ են ծառացած` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, ժողովրդավարության վերահաստատումը, օրինականության հաստատումն ու կոռուպցիայի հաղթահարումը: Եվ սարերի ետեւում չէ այն օրը, երբ ժողովրդական ըմբոստության կուտակ­վող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո փուլ է գալու «ավազակապետությունն», իսկ «նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշա­տիչները»: Իսկ դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության՝ ՀԱԿ-ի պարտքն է պատրաստ լինել այդ օրվան՝ երկրի կորուստ­ները նվազագույնի հասցնելու եւ պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար:

Արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների թեման կարմիր թելի պես անցավ նաեւ հանրահավաքին մասնակից մյուս գործիչների ելույթներում ու տեղ գտավ Լեւոն Զուրաբյանի կողմից բարձրաձայնված՝ հստակ վերջնաժամկետներով հետմարտիմեկյան ճգնաժամի հաղթահարման ՀԱԿ–ի ժամանակացույցում: Վերջինս 6 պահանջ-կետից է բաղկացած.

  1. անհապաղ ազատել քաղբանտարկյալներին
  2. մարտ ամսվա ընթացքում վերականգնել մարտի մեկի սպանությունները քննող անկախ մարմինը՝ արդեն միջազգային դիտորդների մասնակցությամբ
  3. «երթեր, ցույցեր հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքը մինչև ապրիլ վերադարձնել 2008թ. փետրվարին գոյություն ունեցող տարբերակին
  4. մինչև մայիս անցկացնել անհրաժեշտ մրցույթ և բացել Ա1+ հեռուստաալիքը
  5. մինչև մայիսի վերջ բարեփոխումներ անել ընտրական օրենսգրքում՝ այն ավելի թափանցիկ դարձնելու համար
  6. հունիսից մինչև սեպտեմբեր անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ

Զուրաբյանը հայտարարեց նաեւ, որ այս ժամանակացույցը մարտի 16-ին՝ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստից 1 օր առաջ, կներկայացվի ԵԽ ներկայացուցչությանը: Այդ հանձման գործընթացը կուղեկցվի ՀԱԿ համակիրների երթով:

Հատկանշական է, որ իշխանափոխության տոտալ պահանջների հետ մեկտեղ այս հանրահավաքի էական առանձնատկություններից մեկն էլ այն էր, որ՝ ի տարբերություն բոլոր նախորդ հրապարակային միջոցառումների, ելույթներում առաջնային տեղ էին զբաղեցնում ոչ թե առավելապես ՀՀ վարած արտաքին քաղաքականությունն, այլ՝ սոցիալական ոլորտի խնդիրները: Մասնավորապես՝ իրենց ելույթներում այդ թեմային անդրադարձան Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչ  Վահագն Խաչատրյանն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Խաչատրյանի խոսքերով՝ Ճգնաժամի պայմաններում իշխանությունը պետք է օգնի ժողովրդին, բայց անում է հակառակը։ «Իշխանությունները՝ չցանկանալով ժողովրդին օգնել, որոշեցին հարստանալ։ Այն, ինչ տեղի ունեցավ հանքային ջրերի գործարանի, փոքր ու միջին բիզնեսի, ոսկու շուկայի, տաքսիստների շուրջ, ունի մեկ նպատակ՝ մեզ ստրկացնել, օլիգարխներին հարստացնել»: Իսկ Բագրատյանն էլ անդրադարձավ գազի մանրածախ գնի թանկացման խնդրին՝ տարակուսելով, որ խոշոր սպառողների և գազալցակայանների համար գազի գինը չնչին տոկոսով է բարձրացել: Մինչդեռ այդ խոշոր սպառողները 3 հիմնական խմբի են պատկանում, որոնց թելերը անմիջականորեն դեպի իշխանության վերնախավ են տանում:

ՀԱԿ-ը գազի գնի թանկացման վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ: Արամ Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ-ը դիմելու է դատարան` վիճարկելով գազի թանկացման որոշումը, եւ կոչ արեց ժողովրդին՝ հանդես գալ որպես համահայցորդ, դրանով իսկ ապահովելով հաղթանակը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության այս հանրահավաքի եւս մի կարեւորություն, թերեւս, կայանում էր նրանում, որ պաշտոնապես ՀԱԿ-ին միացավ հերթական կազմակերպությունը՝ «Ժառանգության» նախկին անդամ Զոյա Թադեւոսյանի հիմնադրած «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնությունը:

Բնականաբար, հերթական անգամ հանրահավաքն ուղեկցվեց իշխանությունների կողմից կատարված «ապօրինությունների» ահազանգերով. առավոտից փակվել են մայրաքաղաք տանող ճանապարհները, չի աշխատում միջմարզային տրանսպորտը, նաեւ Երևան քաղաքի տրանսպորտը, իսկ հանրահավաքի իրազեկող խմբի անդամներից խլվել են բարձրախոսները եւ մինչ օրս չեն վերադարձրել:

հանրահավաքԻսկ ահա հանրահավաքին ներկաները այս անգամ մատնանշում էին այն հանգամանքը, որ ի տարբերություն նախորդ նմանօրինակ միջոցառումների՝ ոստիկանական ուժերն այսօր սակավաթիվ էին ու մի տեսակ ալարկոտ-պասիվ: Հանրահավաքին ներկա մի քանի հազար մարդիկ, դեպ, նույնպես առանձնակի ակտիվ չէին: Ի տարբերություն նախորդ հանրահավաքների, այս անգամ չէին հնչում երգեր, «Լեւոն-նախագահ» վանկարկումները հազվադեպ էին ու ոչ այնքան լսելի, իսկ ավանդական դարձած՝ «Սերժիկ, հեռացիր»-ը իսպառ բացակայում էր՝ արտահայտելով որոշակի տրամադրություններ: Եթե մինչ հանրահավաքի մեկնարկն ու Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը միայն իրենց խոսքերի արժեքը չգիտակցող փոքրիկներն էին ուրախ թռվռում՝ ասելով, որ Մետանադարանի բարձունք են եկել՝ իրենց ազատության պահանջի համար, իսկ ավելի տարեցները՝ մտահոգ էին՝ թե ի՞նչ հերթական բացատրություններ է այս անգամ բերվելու ընդդիմության առաջնորդի կողմից՝ իրենց փափագած իշխանափոխության գործընթացը ետ գցելու համար, ապա հանրահավաքից հետո մտահոգ դեմքերին հույս հայտնվեց: Հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ պապիկները խոսում էին, թե ««պապին լավ էլ խոսեց»: Թոշակառու տիկին Էլյան էլ ոգեւորված է այսօր տուն գնալու երթից հետո. Գիտի, որ իր թոռնիկներին կհասցնի ազատ, արդար, ժողովրդավար արժեքներով երկրում ապրելուն: «Չեմ մեռնելու, էն աշխարհ չեմ գնալու, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել: Լեւոնին ես հավատում եմ: Մեր վերջին տարիների պայքարը միայն մեր երեխաներն ու թոռները չէ՝ հենց մենք ենք վայելելու ու շատ շուտով»,-ասում էր տիկին Էլյան: Իր հայրիկի ուսերին ողջ հանրահավաքն անցկացրած ու երթին պատրաստվող փոքրիկ Նարեկն էլ  ծիծաղում էր՝ նայելով մի քանի հազարանոց երթին ու ծածանվող դրոշներին: Նարեկի հայրիկն էլ տիկին Էլյայի պես չէր հուսահատվում, ասում է՝ բոլոր լուրջ գործերի համար երկար ժամանակ է պետք ու ինքն ու Նարեկը կսպասեն, որքան անհրաժեշտ լինի: Ու այդ հավատով էլ նրանք ձուլվեցին երթին, որն ուղղվում էր դեպի Մյասնիկյանի արձանը՝ ծաղիկներ, ծաղկեսպակներ դնելու ու հարգելու զոհերի հիշատակը:  Իսկ Երեւանի փողոցներում անցորդների արձագանքը միանշանակ չէր: Ոմանք տարակուսում էին, թե «չեն հոգնել էս լեւոնականները», մյուսները ուզում էին երթին միանալ, բայց վախենում էին՝ «ասում են՝ բոլորին հատ-հատ նկարում են ու հետո աշխատանքի տեղում պրոբլեմներ կլինեն»…

Իսկ այդ ընթացքում երթը շարժվում էր առաջ: ՀԱԿ հանրահավաքային հաջորդ հանգրվանը ապրիլի 6-ին: Հենց այդ օրը Հայաստանում անցկացվելու է մարդու իրավունքներին նվիրված համաժողով, որին մասնակցելու են միջազգային փորձագետներ:

Դիտվել է 2778 անգամ:
Print Friendly

Leave a Reply