Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գրադարանների աշխատակիցներին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 6, 2012 15:56

<<Գրադարանավարի օր>> մասնագիտական տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք գրադարանների աշխատակիցների: Շնորհավորելով ներկաներին, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին սրտացավ ու նվիրված աշխատանքի համար.

<<Մեր նպատակը ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմաններ ապահովելն է: Քաղաքապետարանն այսօր մշակում է գրադարանների կառավարման նոր հայեցակարգ, որով էլ կկազմակերպվի մայրաքաղաքի գրադարանների աշխատանքը: Վստահ եմ, որ կառավարման միասնական մոտեցման արդյունքում աշխատանքն առավել կանոնակարգված ու արդյունավետ կդառնա և արդեն առաջիկա տարիներին շոշափելի արդյունքներ կունենանք>>,-նշել է քաղաքապետը հավելելով, որ մայրաքաղաքի գրադարանների ջեռուցման ծրագիրը ևս կլինի շարունակական:

Գրադարանավարներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և գրադարաններին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, համոզմունք են հայտնել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նշած տարբերակով կառավարումն իրապես արդյունավետ կլինի, ինչն իր հերթին կնպաստի ընթերցասերների ավելացմանը:

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից  2012 թվականին Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու շրջանակում քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 9000 կտոր նոր գրականություն, ինչը առաջիկայում կբաշխվի մայրաքաղաքի գրադարաններին:

Հանդիպման վերջում գրադարանային գործի զարգացմանը մատուցած ծառայությունների համար` <<Գրադարանավարի օր>> մասնագիտական տոնի առթիվ գրադարանների մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի թիվ 29 մասնաճյուղի վարիչ  Մայրանուշ Ալեքսանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply