Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 6, 2012 15:49

Սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը բարձր է գնահատել նրանց ունեցած ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը հոկտմեբերի 6-ին հանդիպել է «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  ընդառաջ» խորագրով  լրագրողների  6-րդ  համահայկական  համաժողովի  մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է  եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել սփյուռքահայ լրագրողների ավանդը Հայոց  ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում. Ես հետևել եմ համաժողովի աշխատանքներին և գտնում եմ, որ այն չափազանց կարևոր գործունեություն է իրականացնում: Ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի և հանրապետության ղեկավարության առաջնային խնդիրներից է: Այն ոչ միայն անհրաժեշտ է լոկ մեր ժողովրդին, այլև համայն հանրությանը` այսօր և հետագայում նմանաբնույթ ոճրագործություններից խուսափելու համար,- նշել է Սեյրան Օհանյանը: Խոսելով ՀՀ զինված ուժերի մարտունակության մասին` Սեյրան Օհանյանը նկատել է, որ այս ընթացքում Հայաստանում իրականացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, իսկ ներկայումս շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Երկու զորավարժություններն աննախադեպ են իրենց բնույթով և ծավալներով. Այսօր բանակը մի այնպիսի պատրաստականության մեջ է, որ մենք կարող ենք մեր առջև դրված խնդիրները: Իհարկե, մենք ունենք նաև բացթողումներ ու թերացումներ, սակայն նաև լրատվամիջոցների շնորհիվ մենք չեզոքացնում ենք այդ թերությունները,- նկատել է պաշտպանության նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին բարձր է գնահատել պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և կարևորել բանակի դերը մեր հասարակության կյանքում:

Հանդիպման ընթացքում «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  ընդառաջ» խորագրով  լրագրողների  6-րդ  համահայկական  համաժողովի  մասնակիցները հարցեր են ուղղել Սեյրան Օհանյանին, որոնք վերաբերում էին բանակի ձեռքբերումներին և թերություններին, զորակոչի գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև երկու գերատեսչությունների միջև համագործակցությանը:

Միջոցառումը եզրափակվել է պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից մի շարք լրագրողներ և լրատվամիջոցների ղեկավարներ արժանացել են գերատեսչական մեդալների ու պատվոգրերի:

 

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply