Վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» ալբոմի շնորհանդեսը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 6, 2012 15:35

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Կովկասյան տուն – մշակութային կապերի կենտրոն»-ը կազմակերպել էին վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» գծանկարների և գրաֆիկական պատկերների  ալբոմի շնորհանդեսը:

Վերջերս կյանքից անժամանակ հեռացած նկարչուհու գծանկարների ալբոմը հրատարակվել է վրաստանում ՀՀ դեսպանության կողմից և նվիրված է Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 97-րդ տարելիցին:

Հայ ազգի բարեկամ Նինո Փիրցխալաիշվիլու ստեղծագործության նշանակալից մասը կազմում են Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» նշանավոր վեպի պատկերազարդումները: Ալբոմում ընդգրկված են նաև գրաֆիկական կոմպոզիցիաներ` նվիրված  հայ  մեծանուն  երգահան, բանահավաք և  խմբավար  Կոմիտասին: Ն. Փիրցխալաիշվիլու ստեղծագործության հիմնական նպատակը, ինչպես ինքն է ասում, ծառայում է «քնածներին արթնացնելու, անհոգիների մեջ հոգի ներարկելու, մերձավորին միշտ կարեկից լինելու` բոլորին անհրաժեշտ իրեղեն գաղափարին»:

Շնորհանդեսին ներկա էին Վրաստանում հավատարմագրվածդիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգայինկազմակերպությունների, Վրաստանի մշակութային և հասարակականշրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ալբոմի ստեղծման գաղափարի և դրա իրագործման կարևորության մասին խոսեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը, գրող, հրապարակախոս և թարգմանիչ Գիվի Շահնազարին, ալբոմի հրատարակման համակարգող Իրենա Օհանջանովան:

Դեսպան Մանուկյանն իր խոսքում խորը երախտագիտությամբ հիշելով վաղամեռ նկարչուհուն` կարևորեց ալբոմի հրատարակման փաստը վերջինիս կենդանության օրոք, ինչը նրա երազանքն էր, և նաև մեր` հայերիս,  բարոյական պարտավորությունը անմահացնել ազնիվ, բարի և կարեկցանքով լի վրացուհու աշխատանքները, որոնք պատկերում են իր կողմից շատ սիրված հայ ժողովրդի մեծ ցավն ու ապրումները: Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության խնդրի համընդհանուր ճանաչման և դատապարտման կարևորությանը` նման ոճրագործությունների կանխման և պատմական արդարության վերականգնման  տեսանկյունից և հույս հայտնեց, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին բոլոր քաղաքակիրթ երկրները կկատարեն իրենց պարտքը անմեղ զոհերի հիշատակի և բարոյականության առջև:

 

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply