Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 5, 2012 23:05

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 91-րդ տարում մահացել է անվանի կոմպոզիտոր մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը։ Նա ծնվել է 1921թ. Վրաստանի Գորի քաղաքում։ Էդվարդ Միրզոյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան: Երևանի պետական կոնսերվատորիան էլ ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայում` Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում:
1956-1990թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ:

Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են՝ «Ասում են թե…» (ռոմանս 1939թ., Իսահակյանի խոսքերով), «Երազ տեսա» (ռոմանս, 1941թ.), «Հայրենիքն է կանչում» (խմբերգ, 1941 թ), «Սիմֆոնիկ պարեր» (1947 թ.), «Տոնական նախերգանք» (1947 թ.), «Լարային կվարտետ» (1947 թ.): Նրա ստեղծագործություններն օգտագործվել են նաև ֆիլմերում՝ «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1959 թ .), «Այսօր արևոտ օր է» (1971 թ.), «Հեղկոմի նախագահը» (1977 թ.), «Աքսորական N 011» (1978 թ.):

Միրզոյանի Լարային Կվարտետը, Ջութակի և նվագախմբի համար գրված Perpetuum mobile-ն, Լարայինների և լիտավրների համար Սիմֆոնիան ու կինոերաժշտությունը նոր խոսք էր Խորհրդային Հայաստանի երաժշտարվեստում:

Էդվարդ Միրզոյանը պար­գև­ատր­վել է «Կի­րիլ և Մե­ֆո­դի» (1971թ., Բուլ­ղա­րիա), Հայ եկե­ղե­ցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մես­րոպ», «Մես­րոպ Մաշ­տոց» (եր­կուսն էլ՝ 2001թ.), «Պետ­րոս Մեծ» (2005թ., Գերմանիա) շքանշան­նե­րով, «Մով­սես Խո­րե­նա­ցի» (1998թ.), ՀՀ ԳԱԱ ոս­կե (2006թ.), Լե­ո­նար­դո դա Վին­չիի անվան մի­ջազ­գա­յին (2006թ.), «Եկա­տե­րի­նա 2-րդ» (2006թ., ՌԴ) մե­դալ­նե­րով, ար­ժա­նա­ցել ՀԽՍՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան Արամ Խա­չա­տրյա­նի ան­վան մրցա­նա­կի (1988թ.): 1963թ. արժանացել է ՀԽՍՀ, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 2001թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը:

«Անկախ»-ը ցավակցում է անվանի կոմպոզիտորի ընտանիքին, ընկերներին ու հարազատներին։

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply