Անդաստիարակություն դաստիարակող, հակաէսթետիկ, ոչ պրոֆեսիոնալ…հեռուստատեսության մասին գնահատականներ Հանրային խորհրդում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2012 20:33

Հոկտեմբերի 5-ին Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների ենթահանձնաժողովում քննարկվեց հեռուստաեթերի մաքրման հարցը:
Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը խնդրի քննարկումը սկսեց հետևյալ հայտարարությամբ. «Այսօրվա հեռուստատեսությունը զբաղվում է անդաստիարակության դաստիարակությամբ»:

Միտքը բավականին դուր եկավ ներկաներին, և յուրաքանչյուրն իր տեսակետն ու առաջարկները ներկայացրեց «անդաստիարակություն դաստիարակելու» դեմն առնելու և հեռուստատեսությունն իր բուն նպատակին ծառայեցնելու վերաբերյալ:

Տարածված այն տեսակետը, թե ներկա հեռուստաարտադրանքը բխում է հասարակական պահանջից, միանգամից հերքվեց. «Եթե դա հասարակության պահանջը լիներ, ապա նույն հասարակությանը Հանրապետության նախագահին նամակ չէր գրի և չէր պահանջի մաքրել հեռուստաեթերը,-նկատեց Ժասմեն Ասրյանը,-ժողովրդին հրամցնում են, պարտադրում՝ առանց կարծիք հարցնելու: Իսկ պահանջարկ ներկայացնողները միայն փող աշխատող ոչ պրոֆեսիոնալներն են, որոնք իբր երգիչ են, բայց երգիչ չեն, իբր դերասան են, բայց դերասան չեն և ընդհանրապես հակաէսթետիկական արարածներ են, որոնք հեռուստաեթերում ներկայացնում են ազգը, ինչն ամոթ է մեր ազգի համար»:

Բարձրացվեց հեռուստաեթերում հայոց լեզվի աղավաղման խնդիրը: Բերվեցին թարմ օրինակներ, երբ խոհարարական հաղորդման ժամանակ հաղորդավարուհի-խոհարարն ասում է. «Կաթսան տեղադրել գազօջախին, մեջը ձեթը տեղադրել, վրան տեղադրել սոխը և այլն…»:

Ենթահանձնաժողովի անդամները կարևորեցին համապատասխան հայեցակարգի մշակումը՝ մատնանշելով եվրոպական երկրների փորձը:
Բարձրացվեց նաև հեռուստառադիոհաղորդումների բովանդակությունը վերլուծող կառույցի ստեղծումը, որտեղ ընդգրկված պետք է լինեն ամենատարբեր ոլորտների ազդեցիկ գործիչներ և մասնագետներ:

Ենթահանձնաժողովի անդամ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով, կառույցի ստեղծման դեպքում ներկայացվող ռադիոհեռուստածրագրերը նախապես պետք է քննարկեն այնտեղ և եթե ազգային անվտանգության տեսակետից վտանգ են առաջացնում՝ միանգամից մերժվեն:

Ենթահանձնաժողովի անդամ, գրող Վահան Տեր-Ղազարյանը հեռուստաընկերությունների ներկա վիճակը համարեց տգիտության մրցավազք: Հեռուստատեության հիմնական խնդիրներից մեկն, ըստ նրա, խմբագիրների բացակայություն է. «Եթե կան, ուրեմն մասնագետ չեն»,-համոզված է նա:

Գրողը հեռուստատեության ներկա խնդիրներից մեկն էլ համարում է այն, որ հեռուստաէկրանից գրեթե բացակայում են «բարձ կարգի հայ մարդիկ». «Հիմնականում տեսնում ենք թափթփուկների, կեղծ օրիգինալների, հայհոյաբերան բանաստեղծուհիների…»:

Իսկ ամենածանրը, ըստ նրա, հեռուստասերիալների հարցն է. «Դա առաջին հերթին հարվածում է երկու հիմնական սրբությունների՝ հայոց լեզվին և հայ ընտանիքին»,-ասաց նա: Ներկաներն ավելացրին. «Նաև հավատքին…»:

Գրողը, որը շուրջ մեկ տասնյակ փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ է, կարծում է, որ պետք է ստեղծել ազգային գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիա, ապա այդ ֆիլմերը ցուցադրել՝ լուծելով ամենակարևոր հարցերից մեկը՝ ինքնաճանաչման հարցը:

«Այո, հեռուստատեսությունը նախ և առաջ պետք է ցույց տա, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում,-նրան միացավ իրավագետ Իրինա Գալստյանը՝ ընդգծելով, որ առանց այդ երեք հարցերի պատասխանների կկորցնենք մեր ազգային դիմագիծն ու պատկանելությունը:

Ենթահանձնաժողովի մեկ այլ անդամ էլ՝ կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանը, կարծում է, որ հեռուստատեսություն երևույթին պետք է մոտենալ որպես ռազմավարական հարցի, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանի հայերին, այլև ողջ հայությանը. «Ամբողջ աշխարհի հայությունը Հայաստանին հետևում է նաև հայկական հեռուստատեսության միջոցով, և շատերը հիասթափվում են, անգամ չեն ուզում Հայաստանի կողմը նայել: Հայրենիքի կերպարը, որը նրանց մոտ իդեալականացված է, այսօրվա հեռուստատեսությունն այլասերում է»:

Բաբաթորոսյանը հեռուստատեսությանը վերաբերում է որպես մի հզոր գործիքի, որի միջոցով կարելի է ազգը քանդել, բարոյալքել, ոչնչացնել կամ էլ՝ հակառակը: Ուստի նա կարծում է, որ բոլոր հեռուստաընկերությունները՝ հանրային և մասնավոր, պետք է պետական որոշակի վերահսկողության տակ լինեն. «Աշխարհի բոլոր զարգացած երկրներում դա այդպես է»:

Փաստաբան Ռոբերտ Սարգսյանն էլ կարծում է, որ հեռուստաեթերի բարեփոխումները պետք է տեղի ունենան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ համագործակցելու միջոցով. «Եթե ցանկանում ենք, որ ավելի լավը լինեն, ապա պետությունը նրանց առջև պայմաններ, առաջարկներ և հարկ եղած դեպքում նաև արգելքներ պիտի դնի»:

Ժասմեն Ասրյանը անհրաժեշտ համարեց Եվրոպական կոնվենցիայի սկզբունքների և դրույթների կիրառման նշանակությունը Հայաստանում՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն. «Անկասկած է, որ ռադիոհեռուստատեսության ոլորտի գործունեության չափանիշները պետք է համապատասխան լինի այդ կոնվենցիայի պահանջներին»,-ընդգծեց նա:

Կարևորելով ռադիոհեռուստահաղորդումների բարեփոխման աշխատանքներում գրաքննությունը մերժելու, ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենքների, Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի համապատասխան գործելու նպատակաուղղվածությունը, ենթահանձնաժողովն առաջարկեց ստեղծել Ազգային սոցիալ-մշակութային կենտրոնական խորհուրդ, Հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների աշխատանքային հանձնախումբ և կոչ արեց հայ հասարակությանը՝ համատեղ ջանքերով ձեռնամուխ լինել հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործին, որի նպատակը խարխլվող ազգային հիմքերն ամրապնդելն է:

Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի առաջարկով ձեռնամուխ է եղել հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման հարցին, որի շրջանակիներում վերջին մի քանի ամիսներին կազմակերպել են բազմաթիվ քննարկումներ՝ այդ թվում նաև հանրապետության նախագահին նամակով դիմած մտավորականների, հեռուստաընկերությունների, մամուլի, ստեղծագործական միությունների, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության, ՀՌԱՀ-ի, ՀՀ Հանրային խորհրդի հանձնաժողովներում ընդգրկված, ինչպես նաև ՀԽ-ից դուրս գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Առաջիկայում այդ քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկների նախագիծը Հանրային խորհուրդը կդնի հանրային քննարկման: Անհրաժեշտության դեպքում նախագիծը կենթարկվի փոփոխությունների և լրացումների, ապա կներկայացվի ՀՀ նախագահին:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply