Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենի «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը՝ Ազգային ժողովում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 5, 2012 17:32

Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենի հեղինակած «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը: Խորհրդարանական առօրյայի, պատգամավորների աշխատանքի մասին պատմող գիրքը հայերեն է թարգմանել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Հրատարակությունը  նախատեսված է որպես ավանդ խորհրդարանականներին աջակցության գործում, ինչպես նաեւ նպատակ ունի հասարակությանն  իրազեկելու օրենսդիրի գործունեության մասին: Սակայն այդ ամենն  ընթերցողին է մատուցվում  գրավիչ եւ մատչելի ոճով գրված տեղեկատվությամբ:

«Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսի հրավիրյալներին ողջույնի խոսք հղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Մեծարգո պարոն Բյորնզեն,

Հարգարժան պարոն դեսպան,

Տիկնայք եւ պարոնայք:

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:  Այսօր ներկա ենք գեղեցիկ մի արարողության, որը նվիրված է մեր գործընկեր, Գերմանիայի Բունդեսթագի երկարամյա եւ փորձառու պատգամավոր, Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի ղեկավար  Վոլֆգանգ Բյորնզենի գրքի շնորհանդեսին:

Սա, ըստ էության, մի աշխատություն է, որը վերաբերում է ժողովրդի կողմից ընտրված իշխանության  ներկայացուցչին, գրված է պաշտոնյայի կողմից, սակայն իր ոճով զերծ է պաշտոնականությունից:  Գիրքը հանրամատչելի ոճով եւ երբեմն նաեւ հումորային երանգներով նկարագրում Է խորհրդարանական առօրյան. առօրյա, որը բնորոշ է գրեթե բոլոր երկրներին՝ իր նմանություններով եւ տարբերություններով: Այդ առօրյան ստեղծում են մարդիկ, տվյալ դեպքում՝ պատգամավորներ, ովքեր նման են իրենց պարտականություններով ու իրավունքներով եւ տարբեր են դրանք պետության, ընտրողի շահերին ծառայեցնելու եւ համադրելու անձնական ընկալումների առումով: Հասկանալի է, որ այս ամենը լավագույնս համադրելու ձգտումը պատգամավորից պահանջում է սկզբունքայնության դրսեւորում եւ սուբյեկտիվիզմի բացառում:

Պատգամավորի գործունեությունը  ենթադրում է ամենօրյա քրտնաջան աշխատանք, որի ընթացքում ստեղծվում են տարբեր իրավիճակներ՝ ոչ միայն օրենսդրական բնույթի, այլ նաեւ զգացմունքային, երբեմն նաեւ հումորային, որոնք միշտ չէ, որ նկատելի են հասարակության համար:

Վառ օրինակ է պարոն Բյորնզենի նկարագրած  պատգամավորը, որը  չի խուսափում իր պատասխանատվությունից` իրագործելու  ընտրողի հանդեպ իր պարտավորությունները եւ անտեսելով անձնական  խնդիրները: Դա բնորոշ է ոչ միայն Բունդեսթագին, այլեւ տեսականորեն  բոլոր խորհրդարաններին: Ցանկանալի է, որ այդպես լինի նաեւ գործնականում:

Ես բարձր եմ գնահատում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի` պարոն Բյորնզենի աշխատությունը թարգմանելու եւ հայ հասարակությանը ներկայացնելու այս նախաձեռնությունը:

Շնորհավորում եմ բոլորիս այս օգտակար եւ արժեքավոր աշխատության հրատարակման եւ շնորհանդեսի առթիվ: Վստահ եմ, որ խորհրդարանական աշխատանքը յուրովի ներկայացնող այս գիրքը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, այլեւ ընդհանրապես  հասարակության լայն շրջանակներում:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հեղինակը՝ Վոլֆգանգ Բյորնզենը, ով քսանհինգ տարեկանից Բունդեսթագի խորհրդարանական է, ներկայացնելով գիրքը, այն բարձր գնահատեց հատկապես հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ խորացման տեսանկյունից՝ հույս հայտնելով, որ իր հեղինակած աշխատությունը  կհետաքրքրի թե Ազգային ժողովի անդամներին եւ թե լայն հասարակայնությանը: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին աջակցության եւ ջերմ  հյուրընկալության համար: «Կարծում եմ՝ այս գիրքը պետք է ծառայի նաեւ այն գաղափարին, որ խորհրդարանական ժողովրդավարությունը խաղաղության հիմնաքարերից է»,- նշեց Վոլֆգանգ Բյորնզենը:

 

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply