Արամ Սաֆարյան.«Ադրբեջանը խախտում է ԵՍԶ պայմանավորվածությունները»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2010 16:23

Արամ Սաֆարյան«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Սակայն թե արևմտաեվրոպական, թե ամերիկյան, և թե ռուսական դիտորդների գնահատմամբ՝ մոտակա տարիների ընթացքում Ադրբեջանը կարճ ժամանակում պատերազմ սկսելու ու հաղթական ավարտ ապահովելու ռեսուրսներ չունի»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր ասաց ԲՀԿ քարտուղար, ԵԱՀԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի՝ Ադրբեջանը փորձում է խախտել ԵՍԶ (Եվրոպայում սովորական սպառազինությունների)  պայմանավորվածություններև և նոր գերակշռող սպառազինություն ունենալ,  ինչի մասին պիտի խոսեն համապատասխան փորձագետներն ու մասնագետները:

Սաֆարյանը համոզված է, որ միայն խաղաղությունից խոսելը բավարար չէ, քանի որ հանրության մոտ կարող է առաջացնել վախեցողի ու զիջողի տպավորություն: «Ես կարծում եմ, որ մեր վզին կարող է փաթաթվել ամենաանցանկալի եզրակացությունը, բայց մեր պատասխանը պետք է լինի այն, որ մենք ռազմական լուծումով այս խնդրի առաջմղումը չենք տեսնում և այս հարցում Հայաստանի հետ համակարծիք են ինչպես ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ ԵԱՀԿ նախարարների խորհրդի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը»,- ասաց Սաֆարյանը:

Միևնույն ժամանակ, Արամ Սաֆարյանը ներկայացրեց փետրվարի 17-20-ը Վիենայում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության գործունեությունը: Հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձավ քաղաքականության ու անվտանգության հարցերով կոմիտեի առաջին նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության հետ բանավեճին, որտեղ իր ելույթի ընթացքում մեր պատվիրակության ղեկավարը հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ վերաբերող ԼՂ կարգավորման գործընթացին:

«Մենք չէինք ցանկանում  խաղաղ գործընթացը վերածել քարոզչության և ատելության հարթակի: Հայաստանը մշտապես դավանել է ԼՂ խնդրի լուծման խաղաղ բանակցություններին: Մենք երբեք միակողմանի, կտրուկ քայլեր չենք ձեռնարկել, որոնք բացասական անդրադարձ կունենային փոխընդունելի որոշման խաղաղ լուծման վրա,-  Վիենայում ասել է Արամ Սաֆարյանը,- Հայաստանը երբեք դեմ չի եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի հանրային քննարկմանը: Մենք կողմ ենք այնպիսի քննարկման, որտեղ ներկա կլինեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւԵԱՀԿ նախագահողի ներկայացուցիչը: Մենք կողմ ենք խորը, բազմակողմանի քննարկման, որտեղ կդիտարկվեին ոչ միայն Ղարաբաղյան հակամարտությանը արդյունքները, ինչպես դա անում են Ադրբեջանի ներկայացուցիչները, այլև՝ պատճառներն ու նրա ընթացքը»:

Դիտվել է 1874 անգամ:
Print Friendly

Leave a Reply