ՀԱԿ-ը չեղած թեկնածուին չի պաշտպանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2012 16:05

ՀԱԿ-ը չեղած թեկնածուին չի պաշտպանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀԱԿ-ը նախագահական ընտրություններին, որպես միասնական թեկնածուի, պաշտպանի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
“Մենք չեղած թեկնածուին չենք պաշտպանում: Դեռևս ոչ մի թեկնածու չկա”,-ասաց Մանուկյանը:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ասպարեզ գալուն, Ա. Մանուկյանն ասաց. “Վաղուց ինձ համար նա քաղաքական գործիչ, առավել ևս նախագահ չէ”:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարության շենքի վաճառքին, ՀԱԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ շատ վատ է վերաբերվում դրան:
“Երբ որ Տիգրան Սարգսյանն ասում էր` հարգալից վերաբերվենք Կառավարության անդամներին, ես հիմա ասում եմ, որ ես բառերով ոչ հարգալից եմ վերաբերվելու այդ կառավարությանը, և կուզեմ, որ հաջորդը լինի Կառավարության շենքը իր ամբողջ կազմով, և գինը, կարծում եմ, ոչ թե Կառավարությունն է որոշելու, այլ առնողը: Հաջորդը կլինի երևի մատենադարանը, Օպերայի շենքը…. Էս մարդիկ ոչ մի արժեքային համակարգ չունեն… Չէր կարելի էդպիսի բան անել”,-վրդովված պատասխանեց Արամ Մանուկյանը:
Մանուկյանի զայրույթն այնքան մեծ էր, որ նա անկեղծացավ` ասելով, որ ուզում է ավելի կոպիտ արտահայտվել, ուղղակի քաղաքավարության կանոնները թույլ չեն տալիս:
Իսկ այն հարցին, թե խոսակցություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը արտասահմանում հույժ գաղտնի հանդիպում է ունեցել ՀԱԿ անդամներից մեկի հետ, ենթադրվում է` Լևոն Զուրաբյանի, քանի որ նա է այժմ գտնվում Ստրասբուրգում, ՀԱԿ խմբակցության քարտուղարն ասաց. “Մենք որևէ կոմպլեքս կամ խնդիր չունենք որևէ կուսակացության հետ ուղիղ հանդիպելու, խոսելու: Ինչ կարիք կար դրսում, այն էլ հույժ գաղտնի հանդիպելու: Մեզ հետ բոլորը կարող են հանդիպել, ցանկացած կուսակցության, քաղաքական ուժի ներկայացուցիչ, լինի դա Հանրապետականը, Դաշնակցությունը, Ժառանգությունը, Բարգավաճը”:
Վահե Մակարյան

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply