Աղվան Վարդանյանին մտահոգում է Արտգործնախարարության շենքի վաճառքի թափանցիկության հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2012 13:29

Խորհրդարանում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեկնաբանեցին Արտաքին գործերի նախարարության շենքը վաճառելու փաստը. «Ինձ համար ցավալի է, որ պետք է անցնեմ այդ շենքի մոտով և չդիտեմ այն` որպես Արտգործնախարարության շենք»,-զգայական պատասխան տվեց Ռուբեն Հակոբյանը` որպես այդ շենքի հետ երկար տարիներ կապ ունեցած մարդ:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, զգայականից բացի, կարևորեց իրավական մի շարք խնդիրներ. «Նախ դա միայն Արտգործնախարարության շենքի վաճառք չէ, այլ մի ամբողջ համալիրի վաճառք»,-ասաց Աղվան Վարդանյանը` հիշեցնելով, որ շենքում տեղակայված են նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման նախարարությունը և հարակից տարածքները:

Ըստ Վարդանյանի, այդ գործարքի առաջին հիմնական խնդիրը թափանցիկությունն է. «14 000 քմ տարածքը վաճառվում է 51 միլիոն դոլլարով, աչքաչափով, որ հաշվում ես` քառակուսիմետրը գալիս է 3600 դոլլար, որն այսօր Երևանի կենտրոնի համար նորմալ գին է: Բայց պարզվում է, որ նախկինում արդեն կառավարությունը, ում որ վաճառել է շենքը, նրա դուստր կազմակերպությանը տվել է Արդարադատության նախարարության վառված շենքի տարածքը և այս 51 միլիոնի գնի մի մասի դիմաց պիտի հետագայում գնի այդ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը: Այսինքն, այդ ընկերությունը պիտի այնտեղ կառուցի շենք, որի նախագիծը, չափերը և կառուցվածքը որևէ մեկը չի տեսել: Ենթադրաբար այդ շենքի մեջ պիտի տեղակայվեն Արտգործնախարարությունը, էներգետիկայի, Տարածքային կառավարման, Արդարադատության և Սփյուռքի նախարարությունները…պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տարածք դա պիտի ունենա: Եվ ի՞նչ է արժենալու այդ շենքը, գնի ո՞ր մասն է կազմելու, ի վերջո մեր պետությունն ի՞նչ է շահելու: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ո´չ կառավարության երեկվա որոշման մեջ կան, ո´չ էլ Պետական գույքի կառավարման վարչության պարզաբանման մեջ»,-ասաց նա:

Ըստ Վարդանյանի, մյուս խնդիրն էլ հնարավոր բոլոր միջոցներով պետբյուջեն լցնելն է. «Սա´ ծախել, նա´ ծախել, վարկ վերցնել, արդյունավետության մասին էլ չեմ խոսում: Ի վերջո, բաներ կան, որ վերջանալու են, ինչպես հանքարդյունավետության ոլորտում»,-ամփոփեց նա:

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply