«Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև ձևավորված խաղի կանոններիի զոհն է». Ռուբեն Հակոբյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2012 12:29

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ավանդական ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմեխիությունից զրկելու հարցին, հայտարարեց, որ իշխանությունը շարունակեց այն տխուր ավանդույթը, որի չգերազանցված նախադեպը եղել է 1996 թվականի սեպտեմբերի 26-ը. «8 քաղաքական դեմքեր` այդ թվում Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, ես, Սեյրան Ավագյանը և էլի մարդիկ, զրկվեցին անձեռնմխելիությունից` խեղանդամվելով և դատապարտվելով քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածներով, որի դեպքում մահապատիժ էր սահմանված»:

Ռուբեն Հակոբյանը վերհիշեց այդ օրը, երբ խորհրդարանը վերածվել էր բռնցքամարտի, հիշեց նաև, թե ինչպես հետո ՀՀՇ-ի որոշ համարձակ գործիչներ ընդունեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն չէր ընտրվել` որպես նախագահ:
Նրա խոսքով, այդ ժամանակ ՀՀՇ-ն չէր էլ մտածում, որ 2008-ին իր արածը բումերանգի ձևով կվերադառնա իրեն:

1996-ին, 2008-ին և վերջին օրերին տեղի ունեցած անձեռնմխելիությունից զրկելու իրադարձությունների մեջ պատգամավորը 3 օրինաչափություն առանձնացրեց. «Առաջին` նման բան անում են կա´մ ընտրություններից առաջ, կա´մ հետո, երկրորդ` անձեռնմխելիությունից զրկում են ընդդիմադիրներին և երրորդ` դրա արդյուքնում տուժում է պետությունն ու նրա հեղինակությունը»:

Ինչ վերաբերում է Օսկանյանի դեպքին, ապա Ռուբեն Հակոբյանը կրկնեց իր դիրքորոշումը` դա քաղաքական հետապնդում է. «Երկու տարի համբերել էին, 4-5 ամիս էլ կարող էին համբերել, մինչև նախագահական ընտրություններն ավարտվեին»,-ասաց նա:

Միաժամանակ Ռուբեն Հակոբյանը չի կիսում այն տեսակետը, թե դա ուղղված էր ԲՀԿ-ի դեմ. «Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև ձևավորված խաղի կանոններիի զոհն է : Սակայն այս համակարգի դեպքում մենք բոլորս ենք Վարդան Օսկանյան: Խորհրդարանում 131 պոտենցյալ զոհ կա»:

Ինչ վերաբերում է խորհրդարանում Վարդան Օսկանյանի հարցի քննարկումներին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չմասնակցությանը, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Չգիտեմ` ինչո՞ւ նա չկար, միգուցե ֆիզիկապես հնարավոր չէր, բայց համենայնդեպս` ես կլինեի, քանի որ դա ոչ միայն քաղաքական հարց էր, այլև բարոյական»:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply