ԵԽԽՎ պատգամավորները Սաֆարովին արտահանձնելը և ներում շնորհելը «խայտառակություն» են որակել Եվրոպայի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2012 10:31

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը խստորեն է արձագանքել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հունգար խորհրդարանական Իմրե Վեյկի հայտարարությանը, ըստ որի` այն համապատասխանել է Ստրասբուրգյան կոնվենցիային, եղել է օրինական գործընթաց ու ուղղված չէ Հայաստանի կամ հայ ժողովրդի դեմ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Դավիթ Հարությունյանը նշել է, որ Սաֆարովի նկատմամբ դատավճռում հունգար դատավորը հստակ հայտարարել է հանցագործության մասին, իսկ մեղադրյալը չի զղջացել արարքի համար։ «Չնայած շատ կազմակերպությունների կողմից դատապարտման դեպքերին՝ ադրբեջանցի ոչ մի պաշտոնյա չի դատապարտել ներում շնորհելու որոշումը։ Հակառակը, նրանք դիմեցին ռասիստական եւ ազգային ատելություն սերմանող հայտարարությունների։ Փորձելով արդարանալ իրենց հասարակության առջեւ` նրանք ԶԼՄ-ների միջոցով կեղծ փաստեր տարածեցին այն մասին, որ Սաֆարովը «պաշտպանել է իր դրոշը», սակայն վկաները նշում են, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծել է Հարությունյանը։

Նա նշել է, որ ԵԽԽՎ-ում չի բարձրացվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրը, այլ խոսքը գնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման եւ Ադրբեջանի կողմից մեկ այլ ազգի նկատմամբ ատելություն ու թշնամանք սերմանող քարոզչության մասին։

ԵԽԽՎ իրավաբանական հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Չոպն իր հերթին ասել է, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործի քննարկման շրջանակում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է նշանակում ներում շնորհելը։ «Չի կարող այլ կարծիք լինել, քանի որ Սաֆարովը հանցագործ է: Անհրաժեշտ է ոչ թե խոսել օրենքների մասին, այլ օրենքի գերակայության մասին, երբ մարդիկ վերադառնալով իրենց հայրենիք գովաբանվում են եւ ոչ թե դատապարտվում»,- ասել է ԵԽԽՎ իրավաբանական հանձնաժողովի նախագահը։

Ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսուա Ռոշբլուան հայտարարել է, որ այս գործը վերաբերում է ողջ Եվրոպային։ «Ամոթ Հունգարիային, ամոթ Եվրոպային: Սաֆարովի հարցը խայտառակություն է մեզ համար»,- ասել է խոսքում Ռուշբուան։

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply