ՀՀԿ-ն թիվ մեկ ընտրատարածքում կառաջադրի Ռոբերտ Սարգսյանի, թիվ 35- ում` Արման Սահակյանի թեկնածությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2012 10:27

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 2-ին թիվ մեկ ընտրատեղամասում մեծամասնական ընտրակարգով կայանալիք պատգամավորի ընտրություններում առաջադրելու է Երեւանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի, իսկ թիվ 35-ում`«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կարծում եմ, որ դեկտեմբերի 2-ին Հանրապետական խմբակցությունը կհամալրվի 2 պատգամավորներով: Թեկնածուների ընտրությունը կայացվել է` հաշվի առնելով նաև կուսակցության տեղի տարածքային կազմակերպությունների դիրքորոշումները: ՀՀԿ-ն երկու ընտրատարածքներում էլ ունի շատ լուրջ հնարավորություններ»,- ասաց Շարմազանովը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Վարդան Օսկանյանի հարցին, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը գործադիր մարմնի նիստում անդրադարձ չի կատարվել: «Օսկանյանի հարցը բացառապես իրավական խնդիր է և քաղաքական շահարկումներ պետք չէ կատարել: Երկրի նախագահը մշտապես կողմ է եղել թափանցիկությանը, օրենքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Ափսոսում եմ, որ ՀՀ երկրորդ նախագահն այս խնդրում քաղաքական ենթատեքստ է տեսնում, քանի որ խնդիրը պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վարել է Հայաստանի Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ  Սարգսյանը:

Թիվ մեկ ընտրատարածքում պատգամավորի տեղը թափուր էր մնացել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից, իսկ 35-ում` Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply