Որո՞նք են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենսդրական հիմքերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | October 11, 2012 7:00

Ձեռնարկատիրական գործունեությունը, լինելով շուկայական հարաբերությունների կարևոր տարրերից մեկը, քաղաքացիաիրավական հարաբերությունների առանձին տեսակ, կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, քաղաքացիական օրենսգրքով և գործունեության բնույթով պայմանավորված՝ առանձին օրենքներով:

ՀՀ Սահմանադրության հոդված 33.1-ով ամրագրված է ձեռնարկատիրական գործունեությամբ յուրաքանչյուրի զբաղվելու իրավունքը: Հոդվածում ասված է.

«Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Շուկայում մենաշնորհի կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:

Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»:

Այս ձևակերպումը տրված է ՀՀ Սահմանադրության 2005 թ. փոփոխություններով և ներառված է «Մարդու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում:

Ձեռնարկատիրական գործունեության կարևորությունն այն է, որ դրանով զբաղվելու իրավունքը երաշխիք է այնպիսի կարևոր իրավունքների, ինչպիսիք  են իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակ ապահովելու իրավունքը, իր համար ինքնուրույն աշխատանք ապահովելու իրավունքը:

Ձեռնարկատիրական գործունեության տեսակները և դրանց վերաբերող հիմնական սկզբունքները նախատեսված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Այլ օրենքները, որոնք կարգավորում են ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարաբերությունները, պետք է բխեն քաղաքացիական օրենսգրքի սկզբունքներից:

Քաղաքացին ՀՀ Սահմանադրության հոդված 33.1-ով ամրագրված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իր իրավունքը կարող է իրականացնել քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով, ըստ որի`

1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

3. Քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջների խախտմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող քաղաքացու գործարքների նկատմամբ դատարանը կարող է կիրառել սույն օրենքի` ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությունների մասին կանոնները:

Քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով տրված է «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացությունը, ըստ որի. «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:

Քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի իմաստից հետևում է, որ քաղաքացին, առանց իրավաբանական անձ կազմավորելու, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելուց հետո միայն:

Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու կարգն ու պայմանները սահմանված են «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքով:

 

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2968 անգամ:
Print Friendly

Leave a Reply