Ամուսնություն` պայմանագրո՞վ, թե՞ առանց պայմանագրի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 9, 2012 14:51
Ըստ իրավաբանի` պայմանագիրն օգնում է ամուսիններին` չբաժանվել
«Ամուսնություն՝ պայմանագրո՞վ, թե՞ առանց պայմանագրի» հարցից չպետք է զարմանալ: Բայց առաջին հայացքից չենք կարող չզարմանալ, չէ՞ որ դժվար թե մեկը լինի, ով մեր ականջին կշշնջա` ասելով. «Ամուսնացի՛ր պայմանագրով կամ` հանկարծ պայմանագրով չամուսնանաս»:
Մինչդեռ Եվրոպայում և ԱՄՆ–ում արդեն երկար տարիներ է, ինչ ամուսնական զույգերն իրենց միությունը եկեղեցում և իրավաբանական համապատասխան մարմնում «հաստատելուց» զատ նաև ամուսնական պայմանագրով են այն հաստատում:
Մեր երկրում այս գործընթացը երկար տարիների պատմություն չունի: Ասում են՝ առաջին ամուսնական պայմանագրերը կնքվել են 2005-ին: Այսօր մեզանում վիճակագրական հստակ տվյալներ չկան, որոնք հնարավորություն կտան տեղեկանալու, թե, ասենք, քանի զույգ է մեր երկրում պայմանագրով ամուսնացել կամ քանի զույգ է կարողացել գնահատել պայմանագրի լավ ու վատ կողմերը:
ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ՍՐՏՈՎ Է
Տիգրան և Նունե Հակոբյանների (բոլոր անունները փոխված են,- հեղ.) ընտանիքը բացառիկ է, քանի որ ամուսիններն իրենց միությունը հայկական սովորույթներով տոնելուց բացի, նաև համատեղ ամուսնական պայմանագիր են կնքել: Նունեն այս մասին չէր ցանկանում խոսել, երևի նպատակահարմար չէր գտնում, բայց մեր համառության շնորհիվ որոշեց հարցազրույց տալ:
– Ամուսինս` Տիգրանը, նախքան մեր ամուսնանալն ինձ ասաց. «Երբ իմ կինը դառնաս, ամուսնական պայմանագիր ենք կնքելու»: Գուցե նա այդ որոշումը կայացրել էր ընկերոջ հետ բանակցելուց, խորհրդակցելուց հետո. Տիգրանի ընկերը իրավաբան է,- ասում է Նունե Հակոբյանը:
Նունեն ասում է, որ ամուսնական պայմանագիրը հանաք բան չէ, բավական լուրջ է: Հիշում է, որ ընկերուհիները հաճախ կշտամբում էին` ասելով. «Ի՞նչ եք էդ պայմանագրից կպել, դա ոչինչ էլ չի տալու, միայն քաշքշուկների մեջ եք ընկնելու»:
Վերջապես, համակերպվեցի այն մտքի հետ, որ ամուսնանալու եմ ամուսնական պայմանագրով: «Հիշում եմ՝ Տիգրանն ընկերոջը հրավիրեց մի երևանյան սրճարան, և մենք բավական երկար քննարկեցինք այն կետերը, որոնք պետք է հանձնեինք թղթին ու ստորագրեինք,- նշում է Նունեն, ու շարունակում,- արդյունքում մենք ունենք հավասար իրավունքներ»:
«Անկախի» այն դիտարկմանը, թե ամուսինը ինչի՞ց մղված որոշեց պայմանագիր կնքել՝ մեծ կապիտա՞լ, թե՞… Նունեն ծիծաղելով պատասխանեց.
– Չէ՛, որ ասեմ հարուստ ենք` սուտ կլինի, բայց, դե, որոշ բաներ ունենք, բացի դա, սա նաև ինչ-որ տեղ նորարարություն է, զգուշավորություն: Այն, ինչ ունենք, հիմնականում երկուսիս անունով է, ես կասեի ավելին` ես ավելի շատ բան ունեմ (ծիծաղում է` ակնարկելով, որ ամուսինը բավական ազդեցիկ պաշտոն ունի, ինչը թույլ չի տալիս նրան բիզնես գործունեություն ծավալել,- հեղ.): Ուզում ենք մի քիչ քաղաքակիրթ ապրել, սովորական հայկական ընտանիքները, որ բռնապետություն են հիշեցնում, չենք ցանկանում «որդեգրել», մենք ավելի շուտ մեր օրենքներն ենք հաստատել մեր տանը, ինչը հնարավորություն է տալիս և՛ բարեկեցիկ ապրելու, և՛ դրա հետ մեկտեղ շատ-շատ երջանիկ լինելու: Այս կարծիքին ենք համենայն դեպս մենք` ես ու ամուսինս,- հավելեց Նունեն:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԴԱՐՁԱՎ ՔՐԻՍՏԻ ՀԱՄԱՐ
Մեր մյուս հերոսը Քրիստն է: 28 տարեկան է, ապրում է Երևանում: Ասում է, որ ամուսնական պայմանագիր է կնքել դեռ 2007 թվականին, բայց կարճ ժամանակ անց ինքն ու ամուսինը որոշել են «քողարկել» պայմանագիրը, չի ստացվել:
– Արմենի հետ ամուսնացել եմ սիրելով: Նա, վստահ եմ՝ փողի համար չէ, որ ամուսնացավ, չնայած արդեն կասկածում եմ: Հայրս, լինելով իրավաբան, խորհուրդ տվեց ինձ պայմանագրով ամուսնանալ: Ինքն էլ գրեց ամուսնական պայմանագիրը, նոտարն էլ հաստատեց,- պատմում է Քրիստը:
…Բայց կյանքն այլ սցենարով էր ընթանում, և ժամանակին իսկական փաստաթուղթ էր հարկավոր: Ասում է, որ ամուսինը երեք ամսով մեկնում է Եվրոպա՝ վերապատրաստման:
– Սիրտս կարծես վատ բան էր վկայում: Ասացի՝ մի՛ գնա, չգիտեմ, չէի ուզում: Բայց նա համառեց ու գնաց: Առաջին մի քանի շաբաթը բավական ակտիվ զանգահարում էր, դեռ սկայպը Հայաստանում այդքան տարածված չէր, մենք տեսնում էինք իրար, զրուցում: Մի օր էլ հեռախոսն ու սկայպն անջատեց, ու էլ լուր չունեցա: Անցավ երևի ութ ամիս, ու դիմեցի հորս: Նա ասաց, որ, ամեն դեպքում, ունեցվածքը քոնն է: Ինձ էլ հակառակի պես մեծ գումար էր պետք, ուզում էի տունը գրավ դնել, բայց համատեղ սեփականության պայմանագրով ոչ մի ընկերություն չհամաձայնեց ինձ փող տալ՝ ասելով, որ երբ ձեր ամուսինը ստորագրի այս նույն փաստաթղթի տակ, նոր հնարավոր է, առանց խնդրի,- պատմում է Քրիստը:
Նա վերջապես որոշում է դիմել դատարան: Հարցով զբաղվող քննիչները վստահեցնում են, որ ամեն ինչ ի շահ իրեն է: Մի քանի ամիս անց ամուսինը գալիս է ու միանգամից ապահարզանի պահանջ դնում:
– Ասաց՝ սա-սա-սա իմն ա, տո՛ւր` ստորագրեմ, ինչ ուզում ես` արա: Ուզածը միայն փող էր ու ոսկի: Եթե չտայի, չէր ստորագրի, ու կընկնեի ավելորդ քաշքշուկների մեջ: Տվեցի ուզածը, գնաց: … Ու ամուսնական պայմանագիրը ինձ ոչինչ էլ չտվեց,- հուսալքված ասում է Քրիստը:
ՀՈԳԵԲԱՆԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Իրավագիտության թեկնածու Նորայր Սահակյանն ասում է, որ կողմ է ամուսնական պայմանագրին:
– Գիտեք, հիմա կարծես պայմանագրի դար լինի, դա մեր օրերում բավական ընդունված է: Դուք էլ գիտեք, թե ամուսնալուծությունների դեպքում ինչ դժվարությունների առաջ ենք կանգնում ունեցվածքը բաժանելու հարցում: Իսկ ամուսնական պայմանագիրը սկզբից ևեթ տալիս է բոլոր հարցերի պատասխանը, ամեն ինչ գրված է, և ամուսնալուծությունների դեպքում անգամ դատարանը որոշում է կայացնում` հետևելով նաև նշված պայմանագրի կետերին,- նշում է Նորայր Սահակյանը:
Մեր այն հարցին, թե՝ հիմնականում մեծահարուստների՞ համար է պայմանագիրը, ասում է.
– Եթե մի քանի տարի առաջ ինձ այդ հարցն ուղղեիք, ապա անվերապահորեն կասեի՝ այո՛: Այսօր պայմանագրով ամուսնացողների թիվը զգալի է, ինչը չէինք կարող ասել տարիներ առաջ: Թեև այդ թիվը էլի մեծ չէ, բայց մի բան հստակ է. պայմանագիրը շատ զույգերի օգնում է չբաժանվել:
– Իսկ պայմանագիրն ի՞նչ առավելություններ ունի,- հետևեց մեր հարցը:
– Օրինակ՝ համատեղ սեփականության պայմանագրի մեջ հնարավոր է նշել կետեր, որոնք ուղղված են զուտ անհատին: Այսինքն՝ եթե կինը զբաղվում է բիզնեսով, իսկ ամուսինը, ենթադրենք, երթուղայինի վարորդ է, ապա այս զույգի բաժանման դեպքում կյանքի ընթացքում ձեռք բերված կապիտալը բաժին է հասնում միայն կնոջը, կամ` կնոջ հրահանգով որոշ մասնաբաժին տրվում է ամուսնուն: Հանգիստ կարող ենք այս կերպարների տեղերը փոխել: Մեծ հաշվով, պայմանագիրը կարևոր նախապայման է,- ասում է Ն. Սահակյանը:
Իսկ հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սարգսյանն այն կարծիքին է, որ նոր ամուսնացող զույգերը, հնարավոր է` պայմանագրով չամուսնանան:
– Գիտեք, սա շատ նեղ շրջանակներում քննարկման հարց է, խիստ անձնական: Այդ է պատճառը, որ հիմա կդժվարանամ ասել՝ թե զույգերն ինչի՛ց մղված պայմանագիր կկնքեն: Գուցե ավելի ինտելեկտուալների համար սա շահավետ տարբերակ է, չգիտեմ: Բայց հիմնականում սա գալիս է միմյանց նկատմամբ անվստահությունից, փաստորեն տղան կամ աղջիկը մտածում են, որ վաղը համատեղ կապիտալը հնարավոր է` իրենցը չլինի, և սա գուցե դեպրեսիայի առիթ դառնա:
Գուցե պայմանագիրը համատեղ երջանկության վրա քար գցի, ու գուցե զույգերը վաղ թե ուշ բաժանվեն: Մյուս կողմից էլ՝ գուցե այն լավ հնարավորություն է օրենքով ապրելու համար:
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հ.Գ.- Նունե և Տիգրան Հակոբյանները երջանիկ շարունակում են համատեղ կյանքը, իսկ Քրիստը, ինչպես իմացանք, վերջերս նորից ամուսնացել է: Էլ չհարցրինք՝ ամուսնակա՞ն պայմանագրով:






Facebook
Tweet This
Email This Post
