ԿԱՐՍ` հայոց երբեմնի թագավորանիստն ու նվաճողների կռվախնձորը
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | October 6, 2012 14:48
Որոշ ուսումնասիրողների կարծիքով` Կարսում բերդ է գոյություն ունեցել դեռ ուրարտական ժամանակներում: Սակայն որպես քաղաք Կարսը հայտնի դարձավ X դարից: Այն համեմատաբար լավ ուսումնասիրված քաղաք է, քանզի հայ, վրացի, բյուզանդացի և թուրք պատմիչները բավական ընդարձակ պատմություն են ավանդել հնամենի հայկական այս քաղաքի մասին: Բացի այդ, Կարսն այն եզակի միջնադարյան հայկական քաղաքներից է, որոնք ստեղծման օրից մինչ օրս պահպանվել են և երբևէ չեն կորցրել իրենց քաղաքային կերպարը:
Կարսը գտնվում է Այրարատ նահանգի Վանանդ գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա:
Արշակունիների թագավորության շրջանում (52-428) Կարսը փոքրիկ բերդաքաղաք էր, թերևս Վանանդեցի իշխանական տոհմի նստավայրը: Սակայն այս տոհմը հայոց պատմության մեջ էական դերակատարություն չի ունեցել, հետևաբար վաղ միջնադարից Կարսի բերդի մասին պատմությանը համարյա ոչինչ հայտնի չէ:
Բագրատունյաց թագավորության (885-1045) ժամանակաշրջանում Կարսն աննախադեպ վերելք է ապրում, և աղբյուրներում նախկին աննշան բերդը հիշատակվում է որպես քաղաք: Բագրատունի առաջին արքաները, որոնք շարունակ պայքարի մեջ էին արաբական տիրակալության դեմ, հաճախ էին փոխում երկրի մայրաքաղաքները: Աշոտ Ա (885-890), Սմբատ Ա (890-914), Աշոտ Բ Երկաթ (914-928) արքաների օրոք Հայաստանի մայրաքաղաքներ էին Դվինը, Բագարանը, Երվանդաշատը: Սակայն շարունակական պատերազմների պայմաններում սրանք չարդարացրին մայրաքաղաքի դերը, քանզի գտնվում էին արաբական ամիրայությունների մերձակայքում: Ճիշտ է, Աշոտ Բ Երկաթը վերջնականապես թոթափեց արաբական լուծը, սակայն նրա եղբայրը և հաջորդը` Աբաս Բագրատունի արքան (928-953), գահ բարձրանալով, իր պետության մայրաքաղաքը տեղափոխեց Կարս, որը հեռու էր արաբական ամիրայությունների սահմաններից և ավելի պաշտպանված քաղաք էր:
Աբաս Բագրատունու հաջորդը` Աշոտ Գ Ողորմած արքան (953-977), նոր մայրաքաղաք հաստատեց` տիեզերահռչակ Անին: Հայոց արքան միաժամանակ վարչական բարեփոխումներ իրականացրեց երկրում: Հայաստանը դարձավ առանձին թագավորությունների դաշնային միություն, որի գլխավորը` շահնշահը, Անիի տիրակալն էր: Եվ 962 թ.` Անիի մայրաքաղաք հռչակվելուց մեկ տարի անց, փաստորեն, ձևավորվում է Կարսի կամ Վանանդի թագավորությունը (962-1064), որի առաջին գահակալը Մուշեղ Բագրատունին էր (962-984)` Աշոտ Գ Ողորմածի եղբայրը: Մուշեղին հաջորդեցին Աբաս Ա (984-990), 990-1049 թթ. ընթացքում` Գագիկ Ա և Աբաս Բ թագավորները, 1049-1065 թթ.` Գագիկ Բ: Պատմիչները դրվատանքի խոսքեր չեն խնայում հատկապես Աբաս Ա արքայի մասին խոսելիս: Նրա օրոք Կարսի թագավորությունը ծաղկեց: Առհասարակ Բագրատունյաց թագավորության շրջանից Կարսն արագ զարգացում է ապրում: Քաղաքը բարեկարգվում է, շենանում: Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50000-ից:
Հայոց թագավոր Աբաս Բագրատունին X դարի 60-ական թթ. կառուցում է մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և այժմ գործող մզկիթ է: Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի աղճատվել: Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր համարվում և մինչ օրս ծառայում է իր նպատակին:
Բագրատունիների օրոք քաղաքում ծաղկում են արհեստները, առևտուրը: Կարսը առևտրային սերտ կապեր ուներ հեռավոր երկրների հետ անգամ:
1045 թ. ազգադավ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ջանքերով կործանվում է Բագրատունյաց թագավորությունը: Հայաստանում առաջնության համար պայքար է ընթանում Վանանդի թագավորության և Լոռվա Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության միջև: Այս պայքարում Լոռվա թագավորությունն ավելի կենսունակ գտնվեց, իսկ 20 տարի անց կործանվեց նաև Վանանդի թագավորությունը:
1054 թ. սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա: Սակայն Կարսի տակ սելջուկները չարաչար պարտություն են կրում: Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ ջարդում է սելջուկյան զորքն ու փախուստի մատնում: Չնայած վտանգն արդեն հեռացել էր, Կարսի Գագիկ Բագրատունի թագավորը, վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից, 1064 թ. իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենը ստանալով Գամիրքում Ծամնդավի իշխանությունը` տեղափոխվում է Բյուզանդիա: Այսպես ահա անփառունակ վախճան ունեցավ Կարսի թագավորությունը:
Նույն 1064 թ. սելջուկները Անիից հետո գրավում են նաև Կարսը, և շուրջ մեկ դար այնտեղ հաստատվում է Շադդադյանների տիրակալությունը:
1198 թ. Կարսը ազատագրում են Զաքարյան եղբայրները: Սակայն Զաքարյանների օրոք քաղաքը հայոց պետության մաս չկազմեց: Զաքարյան եղբայրներն այն ընծայեցին վրաց Թամար թագուհուն` փոխարենը ստանալով Ռուսթավը:
Մոնղոլական արշավանքների հետևանքով անկում է ապրում նաև Կարսը: 1236 թ. մոնղոլները գրավում և ավերում են շեն քաղաքը, թալանի մատնում այն: Պակասը լրացնում են Լենկ-Թեմուրի հորդաները, որոնք 1394 թ. հրի են մատնում Կարսը:
XV դարում քաղաքը կռվախնձոր է դառնում թուրքմենական կարա-կոյունլու և ակ-կոյունլու ցեղերի ձեռքին: Այս տարիներին Կարսն արդեն հասարակ ու անշուք բերդաքաղաք էր: Միայն XVI դարում, երբ 1555 թ. հաշտություն կնքվեց Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև, Կարսում համեմատաբար անդորր հաստատվեց: Սակայն քաղաքի բնակչությունն արդեն միատարր չէր: Կարսում հաստատվեցին թուրք ու քուրդ ցեղերի հոծ զանգվածներ: Թուրքական տիրապետության տարիներին այստեղ քաղաքային կյանքը չզարգացավ, չնայած քաղաքը հանդիսանում էր թուրքական վիլայեթի կենտրոն: XVI դարում թուրքերը ավելի ամրացրին Կարսի բերդը:
Կարսի պարիսպների բարձրությունը հասնում էր 12 մետրի, հաստությունը` մինչև 2 մետր: Պարիսպների ընդհանուր երկարությունը անցնում էր 1000 մետրից, որոնց ամրությունն ապահովում էին 220 ամրակուռ աշտարակները: Առավել անառիկ էր միջնաբերդը, որը գտնվում է բարձր ապառաժի վրա:
Խառը բնակչությունն իր կնիքն է դրել նաև քաղաքի համայնապատկերի վրա. XX դարասկզբին Կարսում հաշվում էին 20 եկեղեցի և 45 մզկիթ:
XIX դարում Կարսը դարձյալ կռվախնձոր է դառնում, այս անգամ` Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև: Ռուս-թուրքական 1828-1829, 1853-1856 թթ. պատերազմների ժամանակ ռուսական բանակը գրավում է Կարսը, սակայն Պետերբուրգը Արևմտյան Հայաստանի ու հայության իղձերի հաշվին միշտ զիջումներ է անում թուրքերին, փոխարենը իր դիրքերն ամրապնդում Բալկաններում:
Միայն 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը կոմս Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ փայլուն գրոհով գրավեցին Կարսը, և այն միացավ Ռուսական կայսրությանը: Կազմվեց Կարսի մարզը, որի մեջ մտան նաև Արդահանի, Կաղզվանի, Օլթիի շրջանները: Ռուսաստանին միանալը դրական ազդեցություն ունեցավ Կարսի համար: Քաղաքն արագ բարգավաճեց ու շենացավ: Դա նկատելի էր հատկապես 1833-ից` երկաթուղու Կարս մտնելուց հետո, որն աշխուժացրեց քաղաքի տնտեսական կյանքը: Սա նպաստեց նաև բնակիչների թվաքանակի ավելացմանն ու հայերի վերադարձին:
Աշխուժացավ նաև մշակութային կյանքը: XX դարի սկզբին Կարսում երկու տասնյակի չափ թերթեր էին տպագրվում, բազում դպրոցներ կային` հազարավոր աշակերտներով:
XIX դարի վերջին Կարսի մարզում բնակչության թիվը հասնում էր մոտ 200.000-ի, որից հայեր էին սոսկ 50.000-ը, սակայն հայերը մարզում կազմում էին պարզ մեծամասնություն: Առաջին աշխարհամարտի նախօրեին բուն Կարսի բնակչությունը 30.000 էր, որի 90%-ը հայեր էին:
Կարսը հայկական հեղափոխության հնոցն էր: Հայ ազատագրական պայքարի առաջամարտիկ ՀՅԴ-ն հենց Կարսի կոմիտեությունում էր պատրաստում այն գործիչներին, որոնք հետագայում պիտի Երկիր անցնեին` պայքարելու թուրքական բռնապետության դեմ: Այստեղ գործել են Արամ Մանուկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը և այլք:
1918 թ. նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով դարձյալ վաճառքի հանեց Հայաստանն ու հայության շահերն, ու Կարսի մարզը ճանաչեց Թուրքիայի անբաժանելի մաս: Ամիսներ անց թուրքերը զենքի ուժով ամրագրեցին իրենց դիվանագիտական նվաճումն ու գարնանը գրավելով Կարսը` առաջացան դեպի Արարատյան դաշտավայր:
1919 թ. Հայաստանի Հանրապետության բանակը ազատագրեց Կարսը: Քաղաքում կրկին աշխուժացավ հայկական կյանքը: Հազարավոր ընտանիքներ վերադարձան և բնակեցրին քաղաքը: Ավաղ, դա հայոց հնամենի մայրաքաղաքի կարապի երգն էր: 1920 թ. աշնանը թուրք-բոլշևիկյան դաշինքը արյան մեջ խեղդեց Հայաստանի անկախությունը, և թուրքական բանակը գրավեց Կարսը: Իսկ 1921 թ. Խորհրդային Ռուսաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Կարսի մարզը հանձնեց իր բարեկամ Թուրքիային:
Ներկայումս Կարսն ունի մոտ 60.000 բնակիչ` թուրքեր և քրդեր:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
