Վճարման քաղաքակիրթ տարբերակ. Կանխիկի վճարման ծավալները նվազում են

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 10, 2012 14:45

Մեր երկրում կանխիկ վճարման համակարգն օրեցօր իր տեղը զիջում է քարտային վճարման համակարգին, ինչը մեզանում ի հայտ եկավ տարիներ առաջ: Նախկինում ոչ կանխիկ վճարման մասին մեր պատկերացումները սահմանափակ էին, քանի որ կանխիկ վճարման այդ մեխանիզմը թվում էր ամենամատչելի տարբերակ: Այսօր արդեն հասարակության որոշ հատված ոչ միայն քարտային մեխանիզմով է նախընտրում իր հաշվին գումար կուտակել, այլև այդ միջոցով ստանալ աշխատավարձ, կենսաթոշակ, ինչպես նաև կատարել գնումներ ու կոմունալ վարձավճարներ:

Հայաստանում տարիներ առաջ կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին ՀՀ օրենքի նախագծի սահմանմամբ, որը կանոնակարգում է քաղաքացիների և կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը, որոշ պետական հիմնարկություններ, մասնավորապես` ՏԻՄ-երը,  կանխիկից անցում կատարեցին անկանխիկ մեխանիզմով աշխատավարձերի վճարման համակարգին` անկախ աշխատավարձի չափից:

Ակնկալվում էր օրենքի ընդունումից հետո կանխիկի շրջանառման ծավալները հասցնել նվազագույնի: Ի դեպ, մի քանի տարի է, ինչ հանրապետության տարածքում բազմաթիվ առևտրային կետեր ձեռք են բերել պլաստիկ քարտերի միջոցով հաճախորդներին սպասարկելու հնարավորություն:

Այսօր քաղաքացիները լայն հնարավորություն ունեն օգտվելու ամենատարբեր քարտային ծառայություններից, քանի որ «Արմենիան քարտ»  ընկերության անդամ բանկերը թողարկում և սպասարկում են ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Debit և ArCa Platinum տեսակի պլաստիկ քարտեր, որոնց միջոցով կատարվում են տարբեր գործառություններ:

Սակայն պետք է նկատել, որ այս անկանխիկ վճարման մեխանիզմից օգտվելը հաճախ խնդիրներ է առաջացնում քարտապանների շրջանում` կապված բանկոմատների ոչ արդյունավետ աշխատանքի հետ: Երբեմն քարտապանը ստիպված է լինում մի քանի անգամ փորձարկել նույն գործողությունը գումար ստանալու ակնկալիքով: Հարց է առաջանում` խնդիրը հասարակության անտեղյակությո՞ւնն  է քարտից օգտվելու մեխանիզմին, թե՞ սպասարկման տեխնիկական  թերությունները: Առհասարակ հետաքրքիր է իմանալ, թե բանկոմատների աշխատանքի հետ կապված հաճախակի խափանումները ի՞նչ գործընթացների հետևանք են, քանի որ քարտապանների թիվն ավելանում է, բայց դրանց օգտագործման մեխանիզմը շարունակում է շատերի համար անմատչելի թվալ:

«Արմենիան քարտ» ընկերության տեխնիկական բաժնից մեզ տեղեկացրին, որ   բանկոմատների կիրառման մեխանիզմը նույնատեսակ է ամբողջ աշխարհում, և գործարքը կատարվում է համապատասխան սարքի միջոցով: Հիմնական խնդիրն անորակ էլեկտրոնային կապն է:  Բանկոմատի և ընկերության միջև առկա կապը խզվում է, քանի որ կապի որակը Հայաստանում այնքան էլ բարվոք չէ: ճիշտ է, ինտերնետ մատակարարների թիվը վերջին տարիներին ավելացել է, սակայն իրավիճակը չի փոխվում: Եթե նախկինում մատակարարները «ԱրմենՏելը»  և «Վիվասելն» էին, ապա այսօր դրանց քանակն աճել է: Հնարավոր է` լինում են նաև դեպքեր, երբ բանկերը չեն հասցնում գումարներ փոխանցել բանկոմատներին: «Արդշինինվեստբանկի» տեխնիկական բաժնից տեղեկացանք, որ բանկոմատների խափանման պատճառ կարող են դառնալ նաև հաճախակի կրկնվող լույսի տատանումները: Բանկոմատներն արտադրված են արտերկրում և ապահովագրված  չեն  լույսի տատանումներից զերծ մնալու վտանգից: Հաճախ է պատահում, երբ քարտապանի հաշվից դուրս է գրվում գումարը, մինչդեռ այն հասցեատիրոջը չի հասնում: Քարտը բանկոմատ մտցնելուց հետո ինֆորմացիան ուղարկվում է պրոցեսինգային կենտրոն` «ԱՌՔԱ», սակայն լույսի տատանում է տեղի ունենում, և գումարը հաշվից պակասում է` առանց քարտապանին ուղարկվելու:

Մի քանի առևտրային բանկերի աշխատակիցներից էլ փորձեցինք պարզել, թե որքանով են բանկոմատները ապահովագրված վիրուսների ներթափանցման վտանգից և ինչքանով է հավանական այս երևույթի տարածումը մեզանում: Մասնագետներից մեկի տեղեկացմամբ`

բանկոմատները, ի տարբերություն համակարգիչների, հրապարակային ցանցի մեջ չեն,  փակ են, և վիրուսային հաղորդագրություն բանկոմատների մեջ կարող է տարածել միայն բանկոմատները սպասարկող աշխատակիցը: Նման վտանգներից մեր բանկոմատները ապահովագրված են և տեսագրող սարքեր ունեն, որոնք ֆիքսում են քարտապանների բոլոր գործարքները:

Եթե Հայաստանում բանկոմատը չի աշխատում, ապա մարդիկ ստիպված են սպասել մի քանի րոպե` մինչև տեխնիկական թերությունների վերացումը: Իսկ ՌԴ-ում նույնիսկ մեկ վայրկյան բանկոմատը խափանվելու դեպքում քարտապանների մոտ առաջանում է խուճապային իրավիճակ: Նման հանդուրժողականությունը բացատրվում է նրանով, որ Հայաստանում հաճախորդների շրջանում բացակայում է այլընտրանքային գործոնը: ՀՀ ԿԲ-ի աջակցությամբ ստեղծվեց ընդհանուր պրոցեսինգային կենտրոն` որի պարտականությունները վերապահպված են «Արմենիան քարտ»  ընկերությանը:

 

 Լ.Ն

Դիտվել է 2239 անգամ:
Print Friendly

Leave a Reply