Հացի գինը նորից կթանկանա. Տեղական շուկան արձագանքում է համաշխարհային միտումներին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 8, 2012 14:38

Վերջին ժամանակներս  հանրության շրջանում չեն դադարում շրջանառվել ցորենի ու ալյուրի թանկացման շուրջ խոսակցությունները: Մենք` հայերս, սննդի հետ մեծ քանակությամբ հաց  օգտագործող ժողովուրդ  ենք, և դրա թանկացումը` նույնիսկ մի քանի դրամով, խուճապ է առաջացնում: Այն, որ  այս տարեսկզբից գնաճ արձանագրվեց պարենային ապրանքների շուկայում, փաստ է, սակայն հացի և հացաբուլկեղենի գներն ավելի շուտ արձագանքեցին միջազգային շուկաներում տիրող իրավիճակին, և բոլոր առևտրային կետերում ու խոշոր սուպերմարկետներում հացի և հացաբուլկեղենի գները թանկացան մինչև 20-30 դրամով:

Ըստ վիճակագրական տվյալների` մեր երկրում տարեկան սպառվում է մոտ 12 տոննա հաց, իսկ յուրաքանչյուր մարդ ամսական միջին հաշվով ուտում է մոտ 12 կգ: Թանկացումները, որոնք ի հայտ եկան այս տարվա հունիս ամսից, պայմանավորված են միջազգային շուկայում ցորենի և ալյուրի գների համատարած բարձրացումներով: Միջազգային գների բարձրացում  դիտարկվել է հունիսից, երբ հրապարակվեցին ԱՄՆ–ում և ՌԴ-ում ցորենի բերքի ակնկալվող ծավալների մասին, որոնք էականորեն ցածր էին սպասվածից: ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարության հայտնած տվյալներով` ցորենի բերքատվությունն այս տարի 70-75 մլն տոննա է, մինչդեռ անցած տարի այդ ծավալները կազմում էին   94,  2 մլն տոննա:

Մեկ տոննա ալյուրն այսօր Հայաստանում վաճառվում  է 247 հազար դրամով հունվարյան 199 հազար դրամի փոխարեն: Հունիսի 27-ից   50 կգ-անոց բարձր տեսակի մեկ պարկ ալյուրը 11 560 դրամի փոխարեն այս պահի դրությամբ իրացվում է  12 600 դրամով, իսկ մեկ կգ ալյուրը` 231-ի փոխարեն 254 դրամով: Իսկ Ռուսաստանում հացը թանկացել է 1 ռուբլով: Մեկ հատ հացն այսօր վաճառվում է 8-11 ռուբլով: Պետերբուրգի մանրածախ խանութներում ևս գներն աճել են` թանկանալով 20 տոկոսով: Մոսկվայի պարենային պաշարների դեպարտամենտը հաղորդել է, որ մայրաքաղաքում հացի գները հացահատիկի առավելագույն թանկացման դեպքում տարեվերջին կարող են աճել 40 տոկոսով,:

Մեր երկրում հացաբուլկեղենը թանկացել է 25 տոկոսով , եթե մեկ հատ բուլկին կամ փքաբլիթը խանութներում վաճառվում էր 60-70 դրամով, ապա այժմ` 100 դրամով: Մեկ հատ հացը 100 դրամի փոխարեն դարձել է 110, 120 դրամանոցը` 140 դրամ:

Որքանո՞վ են թանկացումները հացի շուկայում հիմնավորված, և արդյոք գերիշխող դիրք ունեցողներն իրացման գներում չարաշահումներ չե՞ն կատարում: Նշենք, որ ցորենի ներկրման շուկայում առկա  երկու խոշոր ընկերություն կա` «Ալեքս գրիգ»-ը և  «Մանան գրեյն»ը:

Սպառողների շահերի պաշտպանության ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով` հացը չկառավարվող շուկա է, շատ են արտադրողներն ու վաճառողները, ուստի միջազգային գները կարող են անուղղակի ազդեցություն ունենալ հայաստանյան շուկայի վրա: «Եթե այսօր չլիներ մենաշնորհային դիրքը, ապա առկա  մրցակցությունը կհանգեցներ հացի գների նվազման: Թաքնված եկամուտները բացառել է պետք, իսկ գերատեսչությունները փորձում են ամեն կերպ սահմանափակել իրենց գործառույթները: Պետք է այլ ուղի ընտրել գների բարձրացմանը հակադրելու համար: Իմ կարծիքով` նախ պետք է  գյուղատնտեսության ոլորտում գիտական ներդրումներ արվեն նոր էլիտար սորտի ցորեն աճեցնելու համար, որպեսզի նախ և առաջ շուկան ինքնաբավ դառնա, և ներկրման կախվածությունը նվազի»,- նշեց Արմեն Պողոսյանը` չբացառելով մինչև տարեվերջ հացի գների հետագա թանկացումը:

Ասոցիացիայի նախագահը նշեց, որ շատ հաճախ, առևտրային կետերում հացի գինը նույնը պահպանելով, հացի քաշն են նվազեցնում` խաբելով ու խճճելով հայ սպառողին: Մի քանի առևտրային կետերի վաճառողուհիների հետ զրույցի արդյունքում պարզեցինք, որ քաշի որոշակի նվազեցում գուցե դրսևորվում է ոչ թե սպառողին խաբելու, այլ այլընտրանք առաջարկելու համար, քանի որ հայերը, լինելով հաց սիրող ազգ, գուցե մի քանի դրամ թանկացման հետևանքով հոգեբանական ավելի լուրջ վնասներ կրեն, քան մի քանի գրամ պակաս քաշով հաց գնելու դեպքում:

Նշենք, որ Հայաստան ցորեն ներկրվում է Նովոռոսիյսկից, որտեղ այս տարվա սկզբից ցորենի գները բարձրացել են 30 տոկոսով, ԱՄՆ–ում` 40 տոկոսով: Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի մամլո բաժնից Գայանե Սահակյանը, պարզաբանելով իրավիճակը, նշեց, որ մեզ մոտ շատ ավելի քիչ թանկացում է  նկատվում` ընդամենը 25 տոկոս, որը պայմանավորված է նախկինում եղած բերքի բավարար պաշարներով: Միջազգային շուկայում ամենամսյա թանկացումները չեն կարող այդքան արագ ազդել մեր տեղական շուկայի վրա, քանի որ ցորենի Հայաստան տեղափոխումը տևում է մեկուկես ամիս:  Գայանե Սահակյանի տեղեկացմամբ` հանձնաժողովը դեռևս անցած տարվանից խիստ հրահանգել է, որ նախկինում ձեռք բերված պաշարները չիրացվեն սահմանված թանկ գներով: Քանի որ հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում իրավասու է վերահսկողություն սահմանելու միայն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների շրջանում, իրացման գների չարաշահումներ առ այսօր նրանց կողմից չեն գրանցվել: «Հանձնաժողովը շարունակում է հետևել միջազգային շուկայի գներին, և  այս տարի ևս իրականացվում են համադրումներ այդ գների հետ: Մեր գերխնդիրն է պարզել, թե որքանով են դրանք համահունչ միջազգային գներին: Ամենօրյա կտրվածքով տեղի են ունենում դիտանցումներ: Նրանց վարքագիծը վերահսկվում է ամսական կտրվածքով, ներկրման և իրացման ծավալների հետ կապված, որպեսզի չարաշահումների դեպքում հնարավոր լինի  դրանք կանխել: Իսկ ներկա թանկացումները ներկրողների կողմից փաստաթղթերով հիմնավորվել են, և վարույթի համար հիմքեր չկան: Գների ոչ համաչափ բարձրացման դեպքում հանձնաժողովն անմիջապես համապատասխան միջոցներ կձեռնարկի»,- հավաստիացրեց  Գայանե Սահակյանը:

Իսկ մանր առևտրային կրպակների գների բարձրացման դեպքում հանձնաժողովը վարույթ հարուցելու իրավասություններ չունի: Կան շատ առևտրի կետեր, որոնք արհեստականորեն բարձրացնում են հացաբուլկեղենի գները` միջազգային գների մասին խուճապային իրավիճակի մասին տեղեկանալուց անմիջապես հետո:

 Լ.Ն

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply