Հայաստանի ծանրորդները դոպինգի հարցում եղել են «մաքուր»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 7, 2012 7:00

Հայաստանի հակադոպինգային ծառայությանն աստիճանաբար ավելի հաճախակի են վստահում ստուգելու ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանյան երկրների մարզիկներին: Այն տարածաշրջանում հեղինակություն ունի, և առաջիկայում էլ նախատեսվում է, որ կստանա միջազգային հավաստագիր: Միակ բարդությունն այն է, որ մեր երկրի ներկայացուցիչներին այդ հարցում օգնում էին  հունգարացի մասնագետները, որոնց հետ այժմ համագործակցությունը դադարեցվել է:

Այդ երկրում դոպինգային ծառայությունը բարձր մակարդակ ունի, տարեկան կատարում է մեծ թվով ստուգումներ: Եվ քանի որ Հունգարիան Հայաստանի նման է,  մեծ երկիր չէ, ունի ոչ այնքան  շատ բնակչություն, նպատակահարմար էր գտնվել համագործակցել այդ երկրի մասնագետների հետ, ընդօրինակել նրանց փորձը: Ընդ որում, հունգարացիները հասել են նրան, որ ավելի շատ օտարերկրացի մարզիկների են ստուգում, քան իրենց երկրի ներկայացուցիչներին:

Երկար ժամանակ այդ աշխատանքներն իրենց հունով էին ընթանում:  Եվ ահա, երբ քիչ ժամանակ է մնացել, որ Հայաստանի դոպինգային ծառայությունը միջազգային արտոնագիր ստանալու ներկայացվի, տեղի ունեցան հայտնի իրադարձությունները: Փաստն այն է, որ մեր երկիրը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, և Հայաստանի հակադոպինգային ծառայության ներկայացուցիչները հայտնվել են դժվարին դրության մեջ: Կատարված ամբողջ աշխատանքը կարող է ջուրն ընկնել: Կա՞ արդյոք այդպիսի սպառնալիք: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանից:

– Նախատեսվում է, որ մինչև հոկտեմբերի կեսը պետք է պատրաստենք բոլոր փաստաթղթերը հակադոպինգային աշխատանքների կատարման ընթացակարգերի մասին: Մեզ այդ հարցում այժմ  օգնում է մեր հայրենակիցներից մեկը, որը մասնակցել է 21 երկրների հակադոպինգային ծառայություններին հավաստագրերի շնորհմանը: Արդեն կատարել ենք նախապատրաստության 80 տոկոսը: Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունների հետ կապված` ծրագրերն արդեն փոխվել են: Այժմ աշխատում ենք Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Նրանք ունեն հավաստագիր, նաև լեզվական խնդիր չի առաջանում: Աջակցության ակնկալիքով դիմել ենք նաև Ֆինլանդաիայի ներկայացուցիչներին: Դարձյալ համաձայնություն է ստացվել:

 Վերջերս Հայաստանի հակադոպինգային ծառայությունը նոր դրամաշնորհ է ստացել ՄՕԿից: Ի՞նչ նատակի է այն ծառայեցվելու:

– Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը պահանջ է դնում, որ տարբեր երկրների հակադոպինգային ծառայություններն իրենց աշխատանքը կատարեն միջազգային չափանիշներով` որոշակի պահանջներին համապատասխան: Ներկայումս համապատասխան չափանիշներով աշխատում են աշխարհի 21 երկրների հակադոպինգային ծառայություններ: Դրանք խոշոր երկրների ներկայացուցիչներ են: Դրամաշնորի միջոցով փորձելու ենք  ընդօրինակել առաջավորների փորձը: Հետևելու ենք նրանց կատարած աշխատանքին, ծանոթանալու ենք նորություններին: Ինքներս էլ պետք է այնպես անենք, որ բացառվեն սխալները: Դրամաշնորը մեծ չէ` 19  680 դոլար:

 Նոյեմբերի 29-ին Երևանում մեկնարկելու է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հակադոպինգային ծառայությանը վստահվել է սպասարկել այդ ստուգատեսը: Ի՞նչ հարցեր կարող են ծագել:

– Մինչև այդ առաջնությունը Ծաղկաձորում անցկացվելու է հակադոպինգային  որակավորման սեմինար, որին մասնակցելու են մեր երկրի, նաև Վրաստանի, Մոլդովայի, Ալբանիայի, Բոսնիայի, Չեռնոգորիայի, Մակեդոնիայի ներկայացուցիչները: Վերջում մասնագետներին տրվելու են հավաստագրեր: Ինչ վերաբերում է առաջնության սպասարկմանը, ապա Հայաստանի ներկայացուցիչները ստուգումներ են կատարել Երևանում 2009-ին անցկացված բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ: Արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում բռնվել է Հնդկաստանի մեկ ներկայացուցիչ:Հետո էլ` 2010-ին, մեր մասնագետներն ուսումնասիրություններ են կատարել նույնպես Հայաստանի մայրաքաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում: Խթանիչների օգտագործման հանցանքում մերկացվել են Թուրքիայի և Իրանի մեկական ներկայացուցիչներ: Այժմ  Հայաստանի հակադոպինգային ծառայության մասնագետների մակարդակն ավելի է բարձրացել:

 Հնարավո՞ր է, որ Ադրբեջանից ևս ներկայացուցիչներ լինեն:

– Ոչ: Ադրբեջանցիները չմասնակցեցին ապրիլին Քիշնևում կայացած Արևելյան Եվրոպայի երկրների հակադոպինգային կազմակերպության նիստին, երբ ընտրվում էր այդ կազմակերպության նախագահ:  Ադրբեջանին նկատողություն է հայտարարվել: Եվ դա մեծ բաց է այդ երկրի ներկայացուցիչների համար: Ընդհակառակը` շատ բարձր է գնահատվում, որ Հայաստանն իր նախաձեռնությամբ այդպիսի միջոցառում է կազմակերպում:

 Վերջերս Լոնդոնում կայացած պարալիմպիկ խաղերի ժամանակ հակադոպինգային ծառայությունը ստուգում էր հաշմանդամ մարզիկներին: Նրանց մի մասը դեղամիջոցներ է օգտագործում: Այդ պարագայում ինչպե՞ս է փորձաքննություն կատարվում:

– Ոչ մի տարբերություն չկա: Հաշմանդամների 50 տոկոսը բուժման նպատակով արգելված դեղամիջոցներ օգտագործելու թույլտվություն ունի: Դրանք նախնական ուղարկվում են հակադոպինգային կազմակերպությանը, և հատուկ հանձնաժողովը հավանություն է տալիս, որ մարզիկը մասնակցի խաղերին: Այդուհանդերձ, զգալի թվով հաշմանդամ մարզիկներ բռնվում են և որակազրկվում արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար:

 Հնարավո՞ր է, որ բուժման անվան տակ հաշմանդամ մարզիկը դոպինգ օգտագործի և չբռնվի:

– Թուլտվություն ստանալը դժվար է:

 Խոսակցություններ կան, որ «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում մեր ծանրորդներից ոմանց հիասթափեցնելու պատճառն այն է, որ նրանք  արգելված դեղամիջոցներ են օգտագործել և այդպես են արել, որ մրցանակակիր չդառնան, հեռու մնան ևս մեկ անգամ փորձաքննության ենթարկվելուց և բռնվելուց:

– Կարելի է ենթադրել, որ եթե նրանք դոպինգ օգտագործած լինեին, ընդհակառակը` նվաճումների կհասնեին: Ստուգել ենք միջազգային չափանիշներով, և այդ առումով Հայաստանի ծանրորդները դոպինգի հարցում եղել են «մաքուր»: Հատկապես նախաօլիմպիական 6 ամիսներին մի շարք ստուգումներ են կատարվել, և դոպինգի հետ կապված որևէ մարզիկ խնդիր չի ունեցել:

 Վերջին շրջանում Հայաստանի  որևէ մարզիկ բռնվե՞լ է արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում:

– Ոչ: Վերջինը` ծանրորդի և ծանրորդուհու դեպքերն են, և այդպես էլ չիմացանք, թե իրականում ինչ է կատարվել: Ավելի ստույգ` մազուհին ինքնագլուխ էր այդ քայլին դիմել, իսկ մարզիկի մասին միայն գիտենք, որ մրցումներից երեք օր առաջ արգելված դեղամիջոց է ընդունել:

 

 

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply