«Թարս» խոսող մարզուհին
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | October 10, 2012 7:00
17-ամյա Անուշ Բիլյանը կարողությունները փորձում է դրսևորել հանդբոլ և ֆուտբոլ մարզաձևերում: Ընդ որում, երկուսում էլ մեր երկրի բազմակի չեմպիոն է, Հայաստանի երիտասարդական հավաքանների կազմում է հանդես գալիս: Նա խաղում է հանդբոլի «Շենգավիթ», ֆուտբոլի «Քոլեջ» թիմերում: Թեև սպորտն Անուշի տարերքն է, շատ ժամանակ է խլում, սակայն զուգահեռ սովորել և ավարտել է Երևանի բժշկական քոլեջը, բուժքույր է: Առայժմ մասնագիտությամբ չի աշխատում: Թերևս պատճառն այն է, որ շարունակ մարզումների, մրցումների, միջազգային ստուգատեսների է մասնակցում, նաև սպորտում հաջողությունները զարգացնելու ծրագրեր ունի:
Ուշագրավ է, որ մարզուհին բնատուր օժտվածություն ունի: Նա կարողանում է բառերն արտաբերել վերջից` հնչյունների հակառակ հերթականությամբ, և անսխալ: Բիլյանը դա անում է այնպես սահուն, որ ուղղակի զարմացնում է: Ընդ որում, նրա համար նշանակություն չունի` բառ կընտրվի, նախադասություն թե պարբերություն: Մարզուհին ամբողջովին թարս արտաբերում է հնչեցրած ցանկացած տեքստը: Բայց դրանով ամեն բան չի սահմանափակվում: Նրա համար էական չէ` հայերե՞ն է առաջարկվում տեքստը, թե՞ մեկ այլ լեզվով: «Հինգ տարեկան էի, երբ այդպես բառերն արտասանելու առաջին փորձերն արեցի, ինքնաբերաբար ստացվում էր: Սկզբում շրջապատում չէին հավատում: Մարդիկ շարունակ նախադասություններ էին կարդում, իսկ ես վերջից էի դրանք հնչեցնում: Ստուգում էին ու զարմանում: Պարզապես այդ ամենն ինքնաբերաբար է ստացվում, ինքս էլ չեմ կարող ասել, թե ինչպես: Եթե անգամ արտահայտության իմաստը չեմ հասկանում, կարողանում եմ վերջից վերաշարադրել»,- ասաց Անուշը:
Հետաքրքիր էր, թե հանդիպե՞լ է նույնպիսի կարղություններով օժտված մարդկանց, փորձե՞լ է նրանց հետ խոսել շրջված բառերով:
Մարզուհին հայտնեց, որ ծանոթ է այդպիսի մի երիտասարդի: Նրա անունը Սուրեն է, բայց նա չի սիրում, խուսափում է այդ տարբերակով խոսել, դա ոչ այնքան ցանկալի զբաղմունք է համարում: Բիլյանը միայն մեկ-երկու անգամ է փորձել խոսել նրա հետ թարս տարբերակով և նկատել է, որ Սուրենն էլ կարողանում է նույնն անել:
Դժվար է ասել` Անուշի այդ շնորհը լավ հիշողությա՞ն, թե՞ մեկ այլ ունակության արդյունք է: Փաստն այն է, որ ընտանիքում որևէ մեկն այդպիսի օժտվածություն չունի, ընդ որում, մերձավորների թվում սպորտով զբաղվողներ էլ չկան:
Անուշի ներկայիս մտահոգությունն այն է, որ շուտ ապաքինվի: Վերջերս նրա աջ ոտքի ծնկահոդը վիրահատել են, և մարզումները կվերսկսի մեկ- երկու ամսից ոչ շուտ: Նրա բացակայությունը խաղընկերուհիները շատ են զգում: Օրերս Երևանում կայացած մեր երկրի մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների առաջնության եզրափակիչ մրցաշարում վերջին տարիների Հայաստանի չեմպիոն շենգավիթցիները ստիպված էին բավարարվել երկրորդ տեղով: Բանն այն է, որ մեր երկրի անվիճելի առաջատար թիմը, որի խաղացողները Հայաստանի հավաքականի կորիզն են կազմում, վճռական հանդիպումը տանուլ տվեց Հանդբոլի մասնագիտացված դպրոցի հավաքականին և այս անգամ բավարվեց երկրորդ տեղով:
Անուշը թիմակիցների գործողություններին հետևում էր նստարանին տեղ զբաղեցրած: Նա հենակներով եկել էր մարզասրահ` քաջալերելու իր թիմակիցներին, սակայն դա չօգնեց: Թերևս փարձառու դարպասապահի բացակայությունն էր պատճառը, որ նրա թիմն այս անգա չկարողացավ չեմպիոն դառնալ: Բիլյանը վստահ է, որ պարապմունքները վերակսելուց հետո կարճ ժամկետում կկարողանա լավ մարզավիճակը վերագտնել և 2013-ին Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարին և լողափնյա հանդբոլի Եվրոպայի առաջնությանը:
Ի դեպ, նա ֆուտբոլում էլ հաջողակ է: Երևանի «Քոլեջ» թիմի կազմում 2010-ին Նորվեգիայում անցկացված աշխարհի ակումբային առաջնությունում, 65 երկրների 125 թիմերի պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:
Ինքնին հարց է առաջանում` տարբերություն կա՞, թե որ մարզաձևն է Անուշին ավելի հոգեհարազատ: «Ավելի շատ ձգում է հանդբոլը: Երևի դա նրանից է, որ սկզբում այդ մարզաձևով եմ պարապել»,- ասաց Անուշը:






Facebook
Tweet This
Email This Post
