«Յոգան Հայաստանում հյուր է»,- Ասում է «Շունչ» յոգայի կենտրոնի փորձառու ուսուցիչ Շուշան Հովհաննիսյանը
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | October 9, 2012 7:00
– Շուշան, երբվանի՞ց որոշեցիք յոգայով զբաղվել: Ինչպե՞ս ստացվեց:
– Ես շատ պատահական եմ սկսել յոգայով զբաղվել: Մի աղջիկ կար յոգայի մասնագետ, Ամերիկայից էր եկել ու ինձ հրավիրեց, որ տեսնեմ, թե ինչպես են մարդիկ յոգայով զբաղվում: Անչափ դուր եկավ. դա 2005-ին էր…
– Հետաքրքիր է ի՞նչն առաջին հայացքից ձեզ գրավեց:
– Առաջին պարապմունքը և առաջին մեկ տարին, եթե գնահատեմ, ապա ամեն ինչ հիմնված էր յոգայի ֆիզիկական մասի վրա: Յոգան նման է թերապիայի, հաշվի է առնում մարդու անատոմիան, մարդու բոլոր թերություններն ու առավելությունները: Ցանկացած մարդու այն կարող է շատ օգտակար լինել. դա ասում եմ ֆիզիկական մասով, իսկ մյուս կողմից` ինձ անչափ դուր է եկել յոգայի հանգստացնող էֆեկտը:
– Գիտեմ, որ յոգան իր հիմքում փիլիսոփայություն ունի: Ասում են՝ յոգան հենց ստեղծել են փիլիսոփաները:
– Բնականաբար, անհրաժեշտ է պատմական ակնարկ անել, թե իրականում յոգան որտեղից է գալիս: Դու չես կարող ամբողջ ծառից վերցնել միայն տերևը: Յոգան վերջապես շատ կանոնավոր, շատ մեծ ու շատ լուրջ գիտություն է, փիլիսոփայություն է:
– Ո՞րն է յոգայի բուն նպատակը:
– Յոգայի որ տեսակն էլ լինի, այն մարդու ներդաշնակության մասին է, մարդու ֆիզիկական, հոգևոր և մտավոր մարմինների ներդաշնակության մասին, և անկախ տեսակից` ունի մեկ նպատակ` ապահովել մարդու երջանկությունն ու հարմոնիան:
– Այսինքն՝ բոլոր մարդիկ կարո՞ղ են զբաղվել յոգայով, սահմանափակումներ չկա՞ն:
– Անկախ տարիքից, սեռից, կրոնից` բոլորը կարող են զբաղվել յոգայով, այո՛, սահմանափակումներ չկան: Ոչինչ չի կարող սահմանափակել մարդուն, եթե որոշել է զբաղվել յոգայով:
– Ուզում եմ Ձեր օրինակով ասեք, թե Ձեր մեջ ինչ փոխվեց յոթ տարվա ընթացքում:
– Տեսեք՝ յոգայով կարող ես գնահատել սեփական կյանքիդ որակը: Դու տվյալ ժամանակահատվածում ապրում ես առողջ, ավելի կենսուրախ, ունես լավ տրամադրություն: Կարող եմ ասել, որ վերջին հինգ տարիների ընթացքում ոչ մի վարակիչ հիվանդությամբ չեմ վարակվել, դա շատ լուրջ ձեռքբերում է:
– Գիտնականներն ասում են՝ յոգան կապ է անձի ներաշխարհի հետ…
– Իհարկե, յոգան արվեստի նման է, մոտեցնում է մարդուն ենթագիտակցությանը, այն քեզ ոչինչ չի տալիս, փոխարենը ցույց է տալիս ճանապարհները, որոնք դու պետք է կարողանաս անցնել:
– Ասում են նաև, որ յոգան ծագել է բուդդայականությունից, կրոնական հիմք ունի: Արդյոք դա կրոնական անհանդուրժողականություն չի՞ մտցնում…
– Թյուր կարծիք է, թե յոգան բուդդիզմի ծնունդ է: Իրականում պատմությունը սկսվում է Վեդաներից, և այն ժամանակ (խոսքը մ.թ.ա. 5000 թթ.մասին է), երբ յոգան եղել է, չի եղել ոչ մի կրոն: Յոգան կապ չունի կրոնի հետ, այն փիլիսոփայություն է: Եթե այսօր կարդանք կրոնների բնորոշումը, ապա դրանց մեջ յոգայի մասին խոսք չկա: Շատերն այդ պատճառով էլ ասում են` եթե կրոն չէ, բա ի՞նչ է: Յոգայի գաղափարը մարդու երջանկությունն է, միտքն է: Յոգան մտքի թրթիռները հանգստացնելու միջոց է:
– Շուշան, արևելյան երկրներում մարդիկ ավելի ճկուն են, եվրոպական երկրներում պատկերը մի քիչ այլ է. յոգայի ո՞ր ուղղությունն է տարածված մեզ մոտ:
– Հիմնական շեշտը ֆիզիկական ճանապարհն է՝ հաթհայոգան: Վերջինս հայի համար մի բան է, հնդիկի կամ եվրոպացու համար` լրիվ այլ բան: Եվրոպոիդներն ունեն առողջական այլ խնդիրներ, օրինակ` ողնաշարի ցավ, հնդիկը ողնաշարի ցավ չունի, նրանց կենցաղն այնպիսին է, որ քարացած ողներ և ճկունություն ունեն: Եվ, բնականաբար, դրսևորումները պետք է տարբեր լինեն:
– Շուշան, այսքան տարիների ընթացքում գնացի՞ք որևէ երկիր վերապատրաստման դասընթացների, թեկուզ փորձի փոխանակման ծրագրերի շրջանակներում:
– Գիտես, յոգան բոլորի համար է, բայց բոլորը յոգայի համար չեն: 2007-ին մեկնեցի Ամերիկա, որտեղ անցա ամենօրյա ուսուցիչների հիմնավոր վերապատրաստման դասընթացներ: Ամեն տարի պարտադիր գոնե մեկ անգամ, հնարավորության դեպքում նաև երկու անգամ մեկնում եմ հիմնավոր վերապատրաստման, որովհետև սա անընդհատ շարունակվող գործընթաց է, անհրաժեշտ է հետևողական լինել:
– Ըստ Ձեզ, մեր երկրում այսօր քանի՞ մարդ է զբաղվում յոգայով:
– Յոգայով զբաղվող կարող է համարվել այն մարդը, որը մեկ կամ երկու տարի կանոնավոր զբաղվում է: Իսկ այդպիսի մարդիկ, ցավոք, քիչ կան Հայաստանում: Յոգայի նկատմամբ հետաքրքրությունն այսօր հաստատ կա: Հետաքրքրվողների մեծ մասը կանայք են` 20-40 տարեկան, տղամարդիկ շատ քիչ են:
– Ինչո՞ւ:
– Երևի տղամարդիկ ավելի քիչ են մտահոգված իրենց առողջությամբ, իրենց կյանքով: Հայաստանում է այդպես, դրսում այդպես չէ:
– Տեսակետ կա, որ տարիներ շարունակ յոգայով զբաղվողները նույնիսկ հրաժարվում են սննդից ու ապրում ավելի երկար:
– Այո՛, հնարավոր է, որովհետև նրանք էներգիայի ուրիշ աղբյուր ունեն: Մենք գիտենք միայն սնունդը, բայց յոգան այլ աղբյուրներ է պեղել: Հիմա, օրինակ, առանց սնվելու ես չեմ կարող ապրել, որովհետև ապրում եմ այստեղ, այս սթրեսների մեջ, ձեր պես օգտվում երթուղայիններից, բայց գուցե այլ երկրում 50 տարի հետո որոշեմ չսնվել:
Իսկ երկար ապրելու առնչությամբ ասեմ, որ երեք կարևոր բան կա առողջության համար. սնունդը, սթրեսների մեջ չհայտնվելը և հոգու ու մարմնի ներդաշնակությունը:
– Ի՞նչ եք կարծում, յոգան Հայաստանում հյո՞ւր է, թե՞ հին կենսակերպ:
– Կարծում եմ նոր բան է, չնայած լսել եմ, որ 70-ականներին մեզ մոտ էլ եղել են մարդիկ, որոնք զբաղվել են յոգայով: Ես ծանոթ եմ մի քանիսին, որոնք այդ ժամանակվանից զբաղվել են յոգայով, հիմա էլ շարունակում են: Ամեն դեպքում, Հայաստանում յոգան հյուր է:
– Մեր երկրում յոգայի տարբեր կենտրոններ կան, հետաքրքիր է, յոգայի պարապմունքները թա՞նկ են:
– Իմ կարծիքով՝ ոչ, ամսական 15 000 դրամի սահմաններում:
ՅՈԳԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԻՑ
Յոգան ֆիզիկական և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը ձևավորվել է Հնդկաստանում: Յոգա բառը հիմնականում զուգորդվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջաինիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ։ Հինդուիզմում այն նաև վեց հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է, որի հիմնական նպատակը վարժանքն է։ Ջաինիզմում այն հոգևոր, բանավոր և ֆիզիկական գործունեության համախմբումն է։
Յոգան սանսկրիտերեն բառ է, որն ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկը «կապն» է: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու ամենակարևորը` բնության հետ:
Յոգան գիտություն է, այն սպորտանման մի բան չէ, ինչպես այն հաճախ խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում:
Հնդկական փիլիսոփայության մեջ յոգայի գլխավոր ուղղություններն են Ջնանա յոգան (Գիտության), Բհակտի յոգան (նվիրման կամ երկրպագության), Կրիյա յոգան (հմտության, ընդգրկում է նաև Հաթհա յոգան), Կառմա յոգան (ծառայության) և Ռաջա յոգան (ինտեգրալ, ընդգրկում է բոլոր չորս ուղղությունները)։
Ռաջա Յոգան, օրինակ, ներկայացված է հնդիկ հայտնի փիլիսոփա և մտավորական Փաթանջալիի մ.թ.ա. գրված «Յոգա սուտրաներ» աշխատությունում: Այնտեղ այն պարզեցված է՝ որպես ուղղակի յոգա։Հնդկական փիլիսոփայության մեջ այն Սամկյա ավանդույթի մի մասն է կազմում։ Տարբեր հուշագրություններ քննարկում են յոգան, մասնավորապես՝ Ուպանիշադները, Բհագավադգիտան, Հաթհա յոգա Պրադիպիկան, Շիվա Սամհիթան և զանազան Տանտրաները։
Յոգայով վարժվողներին կամ յոգայի փիլիսոփայության հետևորդներին, որոնք ձեռք են բերում բարձր կարգի կարողություններ, անվանում են յոգինի (կանանց դեպքում) և յոգի (տղամարդկանց դեպքում)։
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
