Հայաստանում գիտնականները գրագողության չե՞ն դիմում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 5, 2012 7:10

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են գրագողության մասին խոսակցությունները: Որոշ գիտնականներ  ԶԼՄ-ների միջոցով բարձրաձայնում են  մյուս գիտնականների կողմից կատարված գրագողությունների մասին: Պաշտոնապես բացահայտված ու հրապարակված որևէ գրագողության դեպքի մասին, սակայն, հայտնի չէ:

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հավաստմամբ`  հայ գիտնականներն իրենց աշխատություններում գրագողության չեն դիմում: «Անկախի»  հարցմանն ի պատասխան`  ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանը տեղեկացրեց, որ «2010-2012 թթ. գիտական աստիճան ստացած և ՀՀ ԲՈՀի կողմից հաստատված անձանց աշխատություններում գրագողության դեպքեր չեն բացահայտվել»: ԲՈՀ-ի տեղեկատվության և արձանագրությունների բաժնի պետ Աշոտ Հովհաննիսյանն էլ նշեց, որ պատժի մեխանիզմների մասին խոսելն ավելորդ է, քանի որ գրագողության դեպքեր չեն հայտնաբերվել:

Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը կարգավորում է մինչև պաշտպանությունը գրագողության դեպքերի բացահայտումը. «Եթե առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ատենախոսությունը հանում է պաշտպանությունից` առանց տվյալ ատենախոսության նոր պաշտպանության իրավունքի…»:

Փաստաթուղթը նաև սահմանում է, որ   «ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»:

Եթե հավատանք ԲՈՀ-ի վստահեցմանը, թե գրագողության դեպքեր հայ գիտնականների մոտ չեն արձանագրվել, և նայենք թեկնածուի ու դոկտորի աշխատանքներին ներկայացվող պահանջները և ամեն տարի պաշտպանողների թիվը, տպավորություն է ստեղծվում, որ բացառիկ գիտելիքահենք տնտեսություն ունեցող երկիր ենք:

Այսպես, ըստ վերոնշյալ փաստաթղթի. «Թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրև գիտության տվյալ բնագավառում կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծում կամ նոր խնդրի առաջադրում կամ կիրառական կարևոր խնդրի լուծումն ապահովող գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական կամ տեխնոլոգիական մշակում: Դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրև էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում, որը հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին»:

1994-ին Հայաստանում գիտական աստիճան է շնորհվել 103 մարդու, որոնցից գիտության դոկտորի աստիճան է շնորհվել 31, իսկ թեկնածուի աստիճան` 71 մարդու:

2000-ին արդեն գիտական աստիճան ստացողների թիվը հասել է 265-ի. դոկտորի աստիճան է շնորհվել 42, իսկ թեկնածուի աստիճան` 223 մարդու:

2005-ին գիտական աստիճան ստացողների թիվը գրեթե կրկնապատկվել է ` հասնելով 475-ի. դոկտորի աստիճան է շնորհվել 52, իսկ թեկնածուի աստիճան` 423 մարդու:

Մինչև 2009-ը գիտական աստիճան ստացողների թիվն անշեղորեն աճել է` հասնելով 568-ի: Եվ վերջին տարիներին միայն, երբ գրեթե ամեն ասուլիսի ԿԳ նախարարը հայտարարում է, թե գիտական աստիճան շնորհելու ընթացակարգը խստացվել է, այդ թիվը մի փոքր կրճատվեց. 2011-ին գիտական աստիճան է շնորհվել 517 մարդու. 46 դոկտոր և 471 թեկնածու:

Պետք է նշել, որ գիտական աստիճան ստացողների թիվը 1994-ից ի վեր կտրուկ աճել է տնտեսագիտության բնագավառում. եթե 1994-ին տնտեսագիտության դոկտորի և թեկնածուի կոչում է շնորհվել 10 մարդու, ապա 2000-ին 30, 2005-ին` 95, 2009-ին` 121 մարդու:

Եթե ատենախոսությունները գիտական նորություն ու խնդիրների լուծում են պարունակում, որոնք կարող են ապահովել գիտատեխնիկական առաջընթաց, աշխատությունները գողացված չեն, ապա Հայաստանը պետք է որ հզոր տնտեսություն ունենար, որը, սակայն, չունենք:

«Խաչմերուկ» բանավիճային ակումբի և ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրության համաձայն` գրագողության հիմքը դրվում է համալսարաններում, որտեղ այս փաստին կարևորություն չեն տալիս, երբեմն էլ դասախոսներն են ուսանողին օտարալեզու գրականություն տալիս` առաջարկելով այն թարգմանել և ներկայացնել որպես ռեֆերատ, կուրսային կամ ավարտական աշխատանք:

Ըստ ուսումնասիրության` բուհական համակարգում նաև չեն նպաստում ուսանողի հետազոտական հմտությունների զարգացմանը: Բնական է, որ նման իրավիճակում կրթություն ստացած ուսանողը հետագայում գիտության ոլորտ մուտք գործելիս կարող է և չդիմանալ գայթակղությանը և դիմել գրագողության:

Ըստ  հայալեզու Վիքիպեդիա հանրագիտարանի` «Հեղինակային իրավունքը վերաբերում է ցանկացած արտահայտելի գաղափարի կամ տեղեկության, որը գոյություն ունի, դիսկրետ է և ֆիքսված է միջավայրում»։

Հեղինակային իրավունքի մեկ այլ սահմանում է հետևյալը.  «Հեղինակային իրավունքը քաղաքացիական իրավունքի ինստիտուտ  է, որ կարգավորում է  գիտության, գրականության և արվեստի ոլորտներում ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման հետ կապված հարաբերությունները»:

Գրագողություն կամ պլագիատ (լատիներեն բառ է, որ թարգմանաբար նշանակում է փախցնել) տերմինը ևս տարբեր սահմանումներ ունի. « Այլ անձի` գիտության, գրականության կամ արվեստի բնագավառի ստեղծագործության հեղինակության  միտումնավոր կերպով  յուրացում  մասամբ կամ ամբողջությամբ», «Այլ անձի ստեղծագործության արդյունքի յուրացում»:

Պլագիատ. միջազգային փորձը

Համացանցում փնտրտուքից պարզ է դառնում, որ գրագողությունը գիտության ոլորտում տարածված երևույթ է շատ երկրներում: Այսպես,  BBC-ի տվյալների համաձայն`  Չինաստանի գիտական ոլորտում պլագիատը ծաղկում է` վերջին տարիներին աճելով մոտ 5 անգամ:

Որպես ուսանողների և գիտնականների շրջանում գրագողության բարձր մակարդակի պատճառներ   նշվում են, որ գիտական աստիճան շնորհելու գործընթացում կարևոր է տպագրված գիտական հոդվածների քանակը և երկրորդ`  բարոյական ճգնաժամը, որ համակել է չինական գիտական ոլորտը:

Գրագողության խնդիրը սուր է և ՌԴ-ում: Օրեր առաջ ՌԴ-ում գիտության ոլորտում առկա գրագողության խնդրին անդրադարձել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա հայտարարել է, որ ուսանողների ավարտական աշխատանքները  և գիտական աստիճանի համար պայքարողների ատենախոսությունները պետք է մանրակրկիտ ստուգվեն` բացառելու գրագողությունը: Մեդվեդևն առաջարկել է աշխատությունները համահասանելի դարձնել և հնարավոր դարձնել գրագողության թեստ-ստուգումները:

Պետք է նշել, որ նման մեթոդ է կիրառվում Մեծ Բրիտանիայում: Այստեղ հատուկ ծրագրի միջոցով ուսանողների և գիտնականների պաշտպանության ներկայացված աշխատանքները ստուգում են անցնում` բացառելու համար համահասանելի աղբյուրներից առանց հղման և չակերտների մեջբերումները:

Մի քանի տարի առաջ էլ ՌԴ-ում  անգամ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրեցին գրագողության մեջ: Ջոնս Հոպկինսի անվան համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, ՌԴ տնտեսության ոլորտի մասնագետ  Քլիֆորդ Գեդդին 2006-ին հայտարարեց, որ Պուտինի աշխատանքը գիտական առումով նորություն չի պարունակում, և բացի այդ, աշխատության առնվազն 20-25 էջ առանց հղման վերցված է այլ հեղինակների աշխատություններից (Պուտինը տնտեսագիտության թեկնածուի աստիճան է ստացել 1997-ին):

Պուտինի գրագողության մասին հայտարարությունը, սակայն, հետևանք չունեցավ:

Ավելի քիչ բերեց Հունգարիայի նախագահ Պալ Շմիտի  բախտը, որ այս տարվա գարնանը գրագողության մեջ մեղադրվելուց հետո ստիպված եղավ հրաժարական տալ: Նա զրկվեց նաև 1992-ին ստացած գիտության դոկտորի աստիճանից:

2011-ին գրագողության առումով մի շարք սկանդալային բացահայտումներ եղան Գերմանիայում: Այստեղ պաշտպանության նախարար  Կարլ Թեոդոր Գուտենբերգը հրաժարական տվեց գրագողության մեջ մեղադրվելուց հետո: Նա զրկվեց նաև գիտության թեկնածուի աստիճանից: Գրագողության մեղադրանք առաջադրվեց նաև Գերմանիայի կրթության և գիտության նախարարին:

Այս ամռանն էլ գրագողության մեջ մեղադրվեց Ռումինիայի վարչապետ  Վիկտոր Պոնտան: Ըստ Nature ամսագրի` Պոնտան իր դոկտորական աշխատանքը բառ առ բառ և առանց հղման արտագրել էր այլ հեղինակներից:

Հավանական է, որ նման սկանդալների փունջ կարող է ի հայտ գալ  նաև Հայաստանում, եթե ԲՈՀ-ը մանրակրկիտ ուսումնասիրի, օրինակ, հայաստանյան պաշտոնյաների գիտական աշխատանքները, որոնք, պետական պաշտոն զբաղեցնելով հանդերձ, կարողանում են ժամանակ գտնել գիտական հետազոտությունների համար ու գիտական աստիճան ստանալ: Այլ հարց է, որ նման բացահայտումներ, եթե լինեն էլ, դժվար թե պաշտոնաթողության կամ աստիճանազրկման հանգեցնեն:

Դիտվել է 3801 անգամ:
Print Friendly

Leave a Reply