Ամենատարածված հիվանդությունները. ողնաշարային խնդիրներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 6, 2012 7:05

Ամենատարածված հիվանդությունները, որոնցից հաճախ են բողոքում ողջ աշխարհում,  գլխացավն է, անքնությունն ու մեջքի ցավը: Հիվանդները հիմնականում  ընտրում են ցավից ազատվելու ամենաարագ  միջոցը`  առանց բժշկի հատուկ բաղադրատոմսի և մատչելի դեղերը: Դրանով է  բացատրվում այն փաստը, որ առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքից ամենաշատ պահանջարկ ունեն ցավազրկող դեղամիջոցները:

Աշխարհում ամենատարածվածը գլխացավն է, երկրորդ տեղում մրսածությունն է, իսկ երրորդ հորիզոնականում մեջքի ցավն է, ներառյալ ողնաշարային հիվանդությունները: Այդ շարքում էլ առաջատար են օսթեոխոնդրոզն ու ռադիկուլիտը: Իսկ վերջին տարիներին այս ցանկը համալրում է նորաձև դարձած ողնաշարային ճողվածքը: Հաճախ ավանդական բժշկությունը ողնաշարային ճողվածքի հետ  շփոթում է նաև  խորացած ռադիկուլիտը:

Ինչ վերաբերում է ողնաշարային ճողվածքին, ապա այն առաջանում է ողնաշարի լուրջ վնասվածքի ժամանակ, երբ ողներն իրարից բավականաչափ հեռանում են: Հիվանդության ախտանշաններն անհնար է մեկ այլ բանի հետ շփոթել:

Ողնաշարային ճողվածքի ախտանշաններն ու առանձնահատկությունները

Առաջին հերթին դա սուր,  կրակոցի նմանվող ցավեր են, որոնց աղբյուրը գտնվում է իրարից հեռացած ողների արանքում: Ցավն առաջանում է ցանկացած, նույնիսկ աննշան շարժման ժամանակ: Նույնիսկ ձեռքի մատների շարժումից հիվանդը կարող է  ուժեղ կրակոցի նման ցավեր զգալ գլխում, ասես ողնաշարին էլեկտրական հոսանք մոտեցրած լինեն: Ողնաշարային ճողվածքի դեպքում հիվանդն ի վիճակի չէ  ինքնուրույն շարժվել: Իսկ խորացած հիվանդության դեպքում ոչ մի ցավազրկող չի կարող ազատել ցավից: Խնդիրը  լուծվում է վիրաբուժական եղանակով, այն էլ` ոչ միշտ ու լրիվ: Նույնիսկ վիրահատությունից հետո էլ տևական վերականգնողական փուլում ցավը չի անհետանում:

Գոտկատեղի ռադիկուլիտ

Արևելյան բժշկության մեջ տարբերում են հիվանդության 3 տեսակ կամ հիվանդության զարգացման 3 փուլ: Սկզբում հիվանդը հարվածող ցավեր է զգում գոտկատեղի հատվածում: Դա սովորական ռադիկուլիտ է կամ նստանյարդի նևրալգիա: Հաջորդ փուլի կամ տարատեսակի դեպքում սուր ցավն աճուկային մասով տարածվում է ոտքի առջևի մասով մինչև մեծ մատի հիմքը: Սկզբում ցավն առաջանում է պարբերաբար: Սակայն, հիվանդության զարգացման հետ այն ավելի է սրվում ու ավելի ու ավելի հաճախ է դրսևորվում:

Երբեմն հիվանդին թվում է, թե ցավի աղբյուրը գտնվում է  աճուկային ծալքում, ընդ որում կարող են լինել նաև ցնցումներ: Սովորաբար, կանանց մոտ այդ ժամանակ սրվում են գինեկոլոգիական հիվանդությունները, հաճախ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը: Այլ խոսքով` հիվանդության հիմնական ախտանշանները բորբոքային բնույթ են կրում:

Հիվանդության երրորդ փուլն արմատապես տարբերվում է  նախորդներից: Սա այլևս սուր ցավ չէ, հիմնականում` նվացող, տնքացող, որը գոտկատեղից փոխանցվում է կոնքազդրային հոդին, ապա ոտքի կողային մասով իջնում թաթի հատված: Այս փուլում հնարավոր են այտուցներ, ծանրության զգացում ոտքերում:  Հիվանդը  դժվարությամբ է ոտքը տեղից պոկում ու տեղաշարժվում: Հոդերը հաճախակի են «կոտրտվում» և նվում, այդ զգացումները հատկապես սուր են եղանակի փոփոխության ժամանակ: Հիվանդը ծանրության զգացում է ունենում ողջ մարմնում, շուտ է հոգնում: Գիշերվա մոտ  հոդերի նվոցն ասես ուժգնանում է, ու հաճախ առանց ցավազրկող դեղորայքի անհնար է հանգստանալ: Իսկ ցավազրկող դեղորայքը հիվանդության  զարգացման հետ  կորցնում է ազդեցությունը: Տղամարդկանց դեպքում այս հիվանդությունն այն հիմքն է, պարարտ հողը, որի վրա էլ զարգանում է շագանակագեղձի բորբոքումը:

Հնարավո՞ր է արդյոք բուժել հիվանդության այս տարատեսակը

Այո: Ռադիկուլիտի առաջին փուլը կամ տեսակը բուժվում է բավականաչափ արագ ու հեշտ: Նույնիսկ մերսումը բավարար է դրա համար: Մերսման մեկ սեանսից հետո հիվանդը զգալի թեթևացում է ունենում: Ռադիկուլիտի երկրորդ տեսակի դեպքում բուժման համար մի քիչ ավելի  երկար ժամանակ է պահանջվում, ու կրկին կարելի է վիճակը թեթևացնել մերսման սեանսներով: Երրորդ տեսակը բարդ է բուժման ու միջոցների առումով: Երբեմն այս հիվանդությունը զուգակցվում է  սուր օսթեխոնդրոզի, թրոմբոֆլեբիտի, թութքի, արթրիտի կամ շագանակագեղձի հիվանդությունների հետ: Այնպես որ հարկավոր է բուժել միաժամանակ մի քանի հիվանդություն: Արևելյան բժշկությունը երբեք չի սահմանափակվում մեկ կոնկրետ հիվանդության բուժմամբ: Այն  հիմնված է օրգանիզմի համալիր բուժման մեթոդիկայի վրա:

Իսկ ի՞նչ կարելի է ասել օսթեոխոնդրոզի մասին

Սա այն հիվանդությունն է, որով հիվանդանում է  երկրի հասուն բնակչության գրեթե 90%-ը: Այն երբեք «միայնակ» չի հայտնվում. միշտ էլ իր հետ բերում է  ցավերի մի փունջ, ինչպիսիք են գլխացավը, արյան բարձր ճնումը, տեսողության խանգարումը, աղմուկն ականջներում, վերջույթների թմրումը, հոդացավը և այլն: Տարեցտարի օսթեոխոնդրոզն ավելի ու ավելի է երիտասարդանում: Եթե առաջներում այն հանդիպում էր հիմնականում  40-ն անց տարիքի մարդկանց մոտ, ապա այսօր դրանից տառապում են 20-ն անց երիտասարդները: Այն հիմնականում  ի հայտ է գալիս  և՛ այն մարդկանց մոտ, որոնք հարաբերականորեն քիչ են շարժվում, սակավաշարժ են, և՛ նրանց մոտ, ովքեր շարժուն կենսակեպ ունեն: Եվ պատճառն այն է, որ ողնաշարի հիվանդությունը հաճախ առաջանում է երիկամների ու լյարդի հիվանդությունների դեպքում: Հետաքրքրականն այն է, որ հիվանդը  նշված օրգաններում ցավեր  ու գանգատներ կարող է երբեք էլ չունենալ ու չիմանալ խնդրի հիմնական  պատճառի մասին:

Արևելյան բժշկության մեջ երիկամներն ու լյարդը համարվում են կարևորագույն օրգաններ, եթե չասենք` ամենակարևորը մարդու օրգանիզմում: Լյարդը, ամենից բացի, նաև օրգանիզմի կարևորագույն զտիչն է, որը կոչված է արյունը մաքրելու  խարամներից ու թույներից: Իսկ երիկամներում  ծնվում է մարդու ներքին էներգիան, որի հաշվին էլ աշխատում է ողջ օրգանիզմը: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով այդ օրգանները սկսում են դանդաղ աշխատել, բնականաբար, իրենց առաջադրանքները չեն կարող լիարժեք կատարել: Այդ խանգարումների հետևանքներն անմիջապես չեն դրսևորվում: Երբեմն տարիներ են պետք, որ մարդը զգա, որ իր օրգանիզմում ինչ որ բան այնպես չէ: Ու երբ օրգանզիմում նման խանգարումներ են առաջանում, լյարդը արյունը լիարժեք չի մաքրում, իսկ դա նշանակում է, որ խարամները կուտակվում են  անոթներում, ինչի հետևանքով էլ խանգարվում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը: Իսկ երիկամներն անբավարար քանակով են  էներգիա մշակում,  դրա հետևանքով էլ մարդը  հաճախակի գլխացավեր է ունենում (հիմնականում ծոծրակային մասում), թուլություն,  շուտ է հոգնում: Թուլանում է իմունիտետը, և առաջանում է պարանոցային, իսկ հետագայում նաև կրծքավանդակային օսթեոխոնդրոզ:

Օսթեոխոնդրոզի մասին Ժողովրդի մեջ գոյություն ունի կարծրացած համոզմունք, որ ողնաշարում  աղեր են կուտակվում: Սակայն այնտեղ  աղ չի կուտակվում, առհասարակ աղը  որևէ առնչություն չունի ողնաշարի ցավերի հետ: Տեսականորեն, խոհանոցային սովորական աղը ոչ մի կերպ ողնաշար ընկնել չի կարող: Շատերը չգիտեն, որ օսթեոխոնդրոզի դեպքում առաջանում են օսթեոֆիտներ, որոնք շատ ավելի վատ են, քան աղը: Դրանք ոսկրային գերաճած մասեր են, որոնք առաջանում են ողնաշարի վրա ու կարող են ճնշել ներվաթելիկները, նվազեցնել ողնաշարի շարժունակությունն ու ամենակարևորը` կայունացնել միջողնային դուրս թռած սկավառակի դիրքը:

Դիտվել է 9786 անգամ:
Print Friendly

Leave a Reply