Իրանական դեմոկրատիան արյան մեջ. Թեհրանում յոթ հոգի զոհվել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 16, 2009 19:13
Զինվորականների կողմից Թեհրանում Իրանի նախագահի թեկնածու Միրհոսեյն Մուսավիի կողմնակիցների ցույցը ցրելու ընթացքում յոթ մարդ Է սպանվել:
Այդ մասին հաղորդել են իրանական զանգվածային լրատվամիջոցները:
Իսկ Իրանի մշակույթի նախարարությունը այսօր օտարերկրյա լրագրողներին արգելել է լուսաբանել ընդդիմության ցույցերը:
Միջազգային հանրությունը դատապարտել է Իրանում ցուցարարների դեպ ուժի գործադրումը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտահոգություն է հայտնել Իրանի քաղաքական իրադրության կապակցությամբ: Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ նաև դատապարտվում են հանրային ազատությունների սահմանափակումները, լրագրողների աշխատանքին խոչընդոտելը, իրանական ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալումները:
Ֆրանսիայում Իրանի դեսպանությունն էլ իր հերթին դատապարտել Է Փարիզին` Իրանում ընտրական գործընթացին միջամտելու համար:
Ի պատասխան Իրանի դեսպան Մեհդի Միրաբութալաբիին Ֆրանսիայի արտգործնախարարություն կանչելուն, դեսպանությունը Ֆրանսիայի կառավարությանը հասցեագրված նոտա Է տարածել: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում Է. «Ընտրությունների կազմակերպումը ցանկացած երկրի ինքնիշխանության բաղադրիչն Է: Ցանկացած անպատասխանատու հայտարարություն կամ Ֆրանսիայի իշխանությունների միջամտություն ոտնձգություն Է իրանական ժողովրդի ընտրական իրավունքի դեմ, ինչը լուրջ դատապարտման Է արժանի»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ հայտարարել է, որ լրջորեն անհանգստացած է Իրանում տեղի ունեցող հետընտրական անկարգություններից:« Իսլամական Հանրապետությունում պետք Է հարգեն խոսքի ազատությունը և ժողովրդավարական գործընթացը»,- ասել է նա:
Պաշտոնական Վաշինգտոնը կասկածի տակ է դրել նաև Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարհամենտի պաշտոնական ներկայացուցիչ Իեն Քելլին:
Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարներն այսօր, Լյուքսեմբուրգում կայացած նիստում քննարկելով Իրանի իրադրությունը, կոչ են արել այդ երկրի իշխանություններին` քննության առնել նախագահական ընտրությունների անցկացման ընթացքում հնարավոր խախտումները:
Եվրամիության երկրների արտգործնախարարները նաև լուրջ անհանգստություն են հայտնել Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու կապակցությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ Է արել հարգել նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի կամքի արտահայտումը:
«Ես ուշադիր հետևում եմ Իրանի իրադրությանը: Իմ դիրքորոշումը եւ ՄԱԿ-ի դիրքորոշումն այն Է, որ Իրանի ժողովրդի իսկական կամքը պետք Է հարգվի ամբողջովին»,-ասել Է նա:
Մոսկվան Իրանում կայացած ընտրությունները այդ երկրի ներքին գործն Է համարում և ողջունում Է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Ռուսաստան: Այդ մասին այսօր հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Իրանի Դիտորդական խորհուրդը այսօր մերժել Է նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու ընդդիմության պահանջը: «Օրենսդրությունը թույլ չի տալիս քննարկել քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու թեկնածուների պահանջը»,-հայտարարել Է Խորհրդի ներկայացուցիչ Աբաս Ալի Կադխոդային:
Իրանի Դիտորդական խորհուրդն այսօր ավելի վաղ հայտարարել Էր, որ կվերահաշվարկի քվեաթերթիկները մի շարք ընտրական տեղամասերում:
Դիտորդական խորհուրդն Իրանում ընտրությունների վերահսկման պետական մարմին Է, որն անմիջականորեն ենթարկվում Է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ և պետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիին:
Այսօր օրվա երկրորդ կեսին Իրանի մայրաքաղաքում պետք Է կայանան երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցների և հակառակորդների հանրահավաքները: Արևմտյան մի շարք դիտորդների կարծիքով` այդ ակցիաները կարող են վերաճել անկարգությունների:
Ընդդիմության առաջնորդ Մուսավիի ներկայացուցիչը կոչ Է արել իր կողմնակիցներին`չգնալ այսօրվա հանրահավաքին, որպեսզի պահպանեն իրենց կյանքը:
Չնայած երկրի ներսում տիրող լարվածությանը` Իրանի վերընտրված նախագահը շարունակում է նաև շնորհավորանքներ են ստանալ: Իրանի նախագահական ընտրությունները ողջունել և նորընտիր նախագահին շնորհավորել են մի շարք պետությունների, այդ թվում նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:






Facebook
Tweet This
Email This Post
