Խորհրդարանական քառօրյան սկսվեց Օսկանյանով, ավարտվեց առանց նրա

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 4, 2012 17:04

Ազգային ժողովի 5-րդ գումարման նստաշրջանը, ինչպես և սպասվում էր, բուռն էր. քննարկվեց, ապա քվեարկության դրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց` նախաքննության ընթացքում բավարար փաստեր են հավաքվել, որ Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով փոխանցված գումարները: «Հանսթմանների ընտանիքի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին բարեգործական նպատակներով հատկացված գումարից 1 մլն 400 հազար ԱՄՆ դոլարը Վարդան Օսկանյանի կողմից որպես տիպային ավանդ ձևակերպվել է բանկում: Մնացած 227 հազար ԱՄՆ դոլարն ամբողջությամբ ծախսվել է, որից 181 հազար դոլարը` անձնական նպատակներով»,-հայտարարեց գլխավոր դատախազը, որից հետո մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է ընթացել նախաքննությունը, և ինչպես  են ձեռք բերվել ապացույցները:

Խորհրդարանական ընդդիմությունն իր անհամաձայնությունը հայտնեց փաստարկների դեմ:

«Ես չեմ կասկածում, որ սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում` ուղղված ոչ միայն իմ, այլև ԲՀԿ-ի դեմ, կուսակցության, որ կարող էր իրական և ակտիվ այլընտրանք լինել»,- հայտարարեց Օսկանյանը:

«Բարեգործական գործունեությամբ չզբաղվենք, որովհետև դուք կաք ու գալո՞ւ եք»

«Եթե այդքան խորն են կատարվում ձեր քննարկումները, բացատրեք ինձ խնդրեմ, թե այդ ինչպե՞ս ձեր խորը քննարկումների ընդերքում ծնվեց այդ պայծառ միտքը՝ Վարդան Օսկանյանին հնարավորություն տալ, որ պաշտպանվի: Իրավաբան չկա՞ր ձեր մեջ` ասեր, որ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը»,- հարցրեց ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը:

Այնուհետև նա խոսեց «Օգնիր եղբորդ» նախաձեռնության մասին` նշելով, որ բարեգործական օգնությունը կուտակվում է իր հաշվի վրա, քանի որ գրանցված կազմակերպություն չկա, իսկ ինքը չի կարող «Հալեպի բլոկ պոստերն անցնել ու հարցեր լուծել փոխանցումով»: «Բայց հիմա ես արդեն շատ լուրջ մտահոգված եմ՝ ինչո՞ւ այս ամեն ինչի տակ մտա, վաղը «Օգնիր եղբորդ» ծրագրի համար միջնորդությամբ կմտնեն իմ դեմ, ու դուք կգնաք, կքվեարկեք»,- մտահոգություն հայտնեց նա,- ասեք իմանանք, որ հասարակական ու բարեգործական գործունեությամբ չզբաղվենք, որովհետև դուք կաք ու գալո՞ւ եք»:

Նա նաև ծայրահեղություն համարեց այն, որ որոշ պատգամավորներ Վարդան Օսկանյանին մեղադրում են  Ղարաբաղը ծախելու և այլնի մեջ. «Ու դա խոսում են մարդիկ, ում ժամանակ պատգամավորներին ձերբակալելուց առաջ ծեծում էին։ Հիմա իհարկե առաջադիմել ենք, ուղղակի ձերբակալում են առանց ծեծելու»,- ասաց Հովհաննիսյանը` նկատի ունենալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` Վարդան Օսկանյանի դեմ ուղղված մեղադրանքները։

Ի դեպ, ՀԱԿ-ը, որ նույնպես բոյկոտեց գլխավոր դատախազի միջնորդությունը, մինչ այդ հասցրեց «կծել» Օսկանյանին` ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական «դավաճանական» ծրագրեր առաջ քաշելու համար, այլև Օսկանյանի դեպքի նախադեպ համարեց Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելը` չարախնդորեն ակնարկելով,  թե ձեր արածը ձեր գլխին ջարդվեց:

Այս դեպքում արդեն չհամբերեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և  «ուղղելով» այդ միտքն արտահայտած Արամ Մանուկյանին` հիշեցրեց, որ նախադեպը ոչ թե 2008-ին էր, այլ 1996-ին. «Դա առաջին և ամենադաժան նախադեպն էր, երբ խորհրդարանը ոչ միայն «տվեց» Վազգեն Մանուկյանին, Պարույր Հայրիկյանին, Դավիթ Վարդանյանին, իրեն և այլոց, այլև մեզ խեղանդամեցին այստեղ և ուղարկեցին բանտ: Ըստ որում, «տվեցին» չորս այնպիսի հոդվածներով, որոնցից մեկը՝ հայրենիքի դավաճանություն, որը լրիվ բավական էր իրենց անընդմեջ գնդակահարելու համար»:

Ռուբեն Հակոբյանի խոսքով, եթե 2008-ին անձեռնմխելիությունից զրկվածներն իմանային, որ նույն բանի առաջ են կանգնելու, ապա 1996-ին չէին քվեարկի իրենց դեմ:

 «Օսկանյանին հանձնեցին»

Օսկանյանին պաշտպանելու ջանքերն ապարդյուն անցան: Քվեարկությունը բոյկոտեց խորհրդարանական ընդդիմությունը, և քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչները 64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ միջնորդությունն ընդունեց. նախկին նախարարին զրկեցին անձեռնմխելիությունից կամ ինչպես շատերը որակեցին` «Օսկանյանին հանձնեցին»:

Համոզիչ չթվացին նաև Վարդան Օսկանյանի ոգեշունչ ելույթները. «Ես Հայաստանից փող չեմ տարել, ատկատներից չեմ օգտվել, այլ Հայաստան անշահախնդիր նվիրատվություններ եմ բերել ու շարունակում եմ բերել, իմ աչքը կուշտ է»,-հայտարարում էր Օսկանյանը:

Ի դեպ, նրա ելույթի ընթացքում Հովիկ Աբրահամյանը միջամտեց` հուշելով, որ ավելի լավ կլիներ այդ ամենը ժամանակին ասած լիներ իրավապահ մարմիններին, և գուցե հիմա ամեն ինչ այսպես չլիներ:

Այդ ակնարկից հետո Օսկանյանն ամբիոնից շրջվեց նրա կողմն ու ասաց. «Պարոն Աբրահամյան, առիթ տվեցիք ինձ…»: Աբրահամյանն էլ հակադարձեց, թե առիթ տալը քաղաքական կատեգորիա չէ:

Այնուհետև Վարդան Օսկանյանը, անդրադառնալով Ազգային ժողովում  Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ իր և Աղվան Հովսեփյանի հանդիպմանը, ասաց. «Պարոն Աբրահամյան, կներեք, բայց ես այդ հանդիպումից ինձ խաբված եմ զգում։ Դուք ինձ հրավիրեցիք ինչ-որ նպատակով, ես չեմ ուզում ասել, առանձին պետք է խոսենք։ Ես ակնկալում էի, որ դուք կզանգեք ինձ, ես դեռ սպասում եմ։ Դուք պետք  է զանգեք ինձ, պարտավոր եք»,-ասաց նա:

Թե ինչ էր ակնարկում Օսկանյանը, պարզ չդարձավ: Քիչ անց, երբ քվեարկությունն ավարտվել էր, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, անդրադառնալով այդ խորհրդավոր երկխոսությանը, Աժ նախագահն ասաց. «Ես չգիտեմ` Վարդան Օսկանյանն ինչ ի նկատի ունի, ես ընդհանրապես մարդ չեմ խաբում, դա իմ ձեռագիրը չի»:

Ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանն այլ «բացահայտող» պատասխաններ էլ տվեց: Օրինակ` նա զարմացավ, որ լրագրողներն այս ամենը դիտում են իբրև Օսկանյանին կալանավորելու նախաքայլ. «Ինչո՞ւ եք կարծում, որ ավարտը շատ վատ է լինելու,-զարմացավ նա,- Վարդան Օսկանյանն ասում է, որ ճիշտ է, անմեղ է, իսկ գլխավոր դատախազն ասում է` կան սխալներ, թերություններ, բացթողումներ, քննության ընթացքում ամեն ինչ կպարզվի»:

Հովիկ Աբրահամյանն այս հարցում ո՛չ գլխավոր դատախազին է հավատում, ո՛չ էլ Օսկանյանին. նա հավատում է ժամանակին: Հարցին, թե արդյոք Օսկանյանն այն «խոշոր ձո՞ւկն» էր, որի մասին նաև ՀՀ նախագահն էր հայտարարում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, Հովիկ Աբրահամյանն ասաց` ո՛չ:

«Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել». Էդուարդ Շարմազանով

 

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում իր զարմանքն արտահայտեց Օսկանյանի տեսակետին համամիտների հանդեպ. «Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե հանրապետության նախագահն է առաջարկում ԲՀԿ ներկայացուցչին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե Հանրապետականի ջանքերով ավելացել են քաղաքական ընդդիմության լիազորությունները…»:

 «Բացահայտվեց» դեմ քվեարկածներից ընդամենը մեկը

 

Քվեարկության հաջորդ օրը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողներին հայտնեց, որ դեմ քվեարկողներից մեկն ինքն է եղել` այդ քայլով ապացուցելով, որ հարկ եղած դեպքում կպաշտպանի նաև Օսկանյանին:

Հետո էլ պարզաբանեց, որ երբ Օսկանյանի` կառավարության կազմում լինելու տարիներին ինքը` որպես փաստաբան և իրավապաշտպան առնչվել է մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին` փորձելով հանդես գալ այդ իրավունքների պաշտպանությամբ,  իրեն մեղադրել են` համարելով ընդդիմադիր: «Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ եթե պետք լինի, Ձեզ էլ եմ աջակցելու»,- ասաց Մարուքյանը:

Փաստորեն, Օսկանյանի դեպքը շատերի համար անցյալը երեսով տալու կամ քաղաքական դիվիդենտներ շահելու լավ առիթ դարձավ:

Քվեարկությունից հետո Օսկանյանը խորհրդարանում չխոսեց, բայց գրեց Ֆեյսբուքի իր էջում. «Քիչ առաջ խորհրդարանն ինձ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Գրեթե միաժամանակ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում: Փաստորեն, Վրաստանում արդեն կա քաղաքական հակակշիռ. նախագահը մի կուսակցությունից է, օրենսդիրն ու կառավարությունը շուտով կլինեն այլ կուսակցության ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաև քաղաքականապես ևս տասը քայլ առաջ անցավ: Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է և առհասարակ մեր երկրի ճակատագրի նկատմամբ»:

 Խոսեց նաև Քոչարյանը

 

«Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր և իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքական գործիչներից մեկն է: Ցավում եմ կատարվածի համար և իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին»:

Հայկ Բաբուխանյանը մեկնաբանեց, թե Ռոբերտ Քոչարյանի հայտարարության բնույթն ավելի շատ տապալված գործընթացի կազմակերպչի խոստովանություն է հիշեցնում:

Խորհրդարանական հարցուպատասխանի ամենահրատապ հարցը. բացահայտ մարդաորսություն Ռուսաստանի կողմի՞ց

Հոկտեմբերի 3-ին խորհրդարանն անցավ հիմնական  աշխատանքին: Քննարկվեց 2011 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ապա պատգամավորներն անցան կառավարության հետ ավանդական հարցուպատասխանին:

Հրատապ հարցերից մեկը բարձրացրեց «Ժառանգության» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Հարցը վերաբերում էր Ռուսաստանի Դաշնությունում բնակեցնելու աջակցության պետական ծրագրով Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանում վերաբնակեցնելու անթույլատրելի եղանակներին:

Արզումանյանը նախ իր մտահոգությունը հայտնեց «Արտասահմանում բնակվող համերկրացիների վերաբերյալ ՌԴ պետական քաղաքականության մասին» ՌԴ օրենքով սահմանված «համերկրացի» եզրույթի վերաբերյալ` նշելով, որ այն բավականին ընդգրկուն սահմանում է. «Համերկրացի են համարվում այն անձինք կամ նրանց ժառանգները, որոնք պատկանում են այն ժողովուրդներին, որոնք պատմականորեն բնակվել են Ռուսաստանի տարածքում` Ռուսական կայսրությունում, ԽՍՀՄ-ում, Ռուսաստանի Դաշնությունում և այլն»,- ասաց նա:

Արզումանյանի տեղեկություններով` վերջին 4 տարիների ընթացքում ծրագրին դիմել է շուրջ 26 000 հայաստանցի, որոնցից վերաբնակչի կարգավիճակով Ռուսաստան է մեկնել մոտ 1500-ը: «Տարեսկզբից ի վեր ՌԴ միգրացիոն ծառայության աշխատակիցներն ամեն ամիս երկու օր այս ծրագրով հետաքրքրվողներին ընդունում են Գյումրիում: Ծրագրին մասնակցող հայ ընտանիքները պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից և ընդունեն ՌԴ քաղաքացիություն,- ասաց նա` նշելով, որ սրա վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Տիգրան Սարգսյանը:

Արզումանյանը կառավարությունից ակնկալում էր ոչ միայն մտահոգություն, այլև հստակ քայլերի ձեռնարկում. «Ի՞նչ է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի մեր քաղաքացիներին օտարերկրյա պետության գերատեսչության ներկայացուցիչները չհավաքագրեն,- հարցրեց նա,- մենք պայքարում ենք հոգեորսության դեմ, իսկ սա, ըստ իս, բացահայտ մարդաորսություն է»:

Տիգրան Սարգսյանը մտահոգությունը տեղին համարեց` հայտնելով, որ հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ բոլոր ատյաններում, այդ թվում նաև միջկառավարական հանձնաժողովի նիստերում: «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող պետական ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում այդ ֆորմատով ու այդ ձևով ընդունելի չէ, և մենք համաձայնություն չենք տվել մեր ռուս գործընկերներին, որ այդ ծառայությունն իր գործունեությունը ծավալի Հայաստանում»,- հայտարարեց նա:

Ըստ վարչապետի` այս հարցը հստակ ձևակերպված է միջկառավարական հանձնաժողովի նիստում, և կառավարության հստակ դիրքորոշումը հայտնի է նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է Ռուսաստանի Դաշնությունը կազմակերպելու միգրացիոն գործընթացները, եթե օրինակ` ՀՀ քաղաքացին ցանկություն ունի մեկնել Ռուսաստան, ապա վարչապետը մատնանշում է դիվանագիտական խողովակները, ինչպես եղել է նախկինում. «Հայաստանում ծավալել այդպիսի գործունեություն անթույլատրելի է, և մենք մեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել ենք»,- ասաց նա:

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply