Հրանուշ Հակոբյանը կողմ չէ բոլորին «էստի համեցեք» ասելուն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2012 15:21

Այսօր խորհրդարանում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է սիրիահայերին ազատել մուտքի արտոնագրի վճարից:

Բանն այն է, որ սիրիահայերը Հայաստան են մուտք գործել կարճ ժամանակահատվածով` մինչև 2 ամիս, և մուտքի վիզաներում այդպես էլ ձևակերպել են: Քանի որ ստեղծված իրավիճակի հետեւանքով սիրիահայերը հնարավորություն չունեն առայժմ վերադառնալ Սիրիա, պետք է վիզաները երկարաձգեն: Սակայն ՀՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր օր վիզայի երկարաձգումն արժե 500 դրամ, 10 ամսվա դեպքում` 150 հազ. դրամ: Մեկ ընտանիքի դեպքում միջինը կազմում է 600 հազար դրամ:

Ինչ վերաբերւոմ է կացության կարգավիճակի փաստաթղթի երկարաձգմանը, ապա պետական տուրքը կազմում է միջինը 105-150 հազար դրամ:

Նախագծով առաջարկվում է ծագումով հայ մարդկանց համար վերացնել մուտքի արտոնագրի ու այլ փաստաթղթերի լրացման վճարները, եթե այդ մշտական բնակության երկրում նրանց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:

Ըստ նախարարին, վերջին 10 ամիսների ընթացքում Հայաստան են եկել շուրջ 5000 սիրիահայեր:

Նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն, անդրադարձավ Հայաստանում օգոստոսի 30-ին ապաստան հայցող սիրիահայ ընտանիքին Թուրքիա դեպորտ անելուն, հարցրեց նախարարին, թե արդյոք խորությամբ ընկալել են, թե ինչ տեղի ունեցավ այդ ընտանիքի հետ.
«Էդքան ասեցիք` էկեք տուն, էկեք տուն, էկան, քոռ ու փոշման հետ գնացին»,-ասաց ՀԱԿ անդամը:

Փաշինյանը հիշեցրեց քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որի դեպքում մարդը ստիպված այն իրավիճակում է
հատել սահմանը, որը կարող է դիտվել` որպես հանցագործություն, օրենքը թույլ է տալիս ներել:

«Ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ և ինչո՞ւ տեղի ունեցավ»,-հարցրեց Փաշինյանը:

Նախարարը պատասխանեց, որ իրենք նախապես այդ ընտանիքի անդամներից մեկին, որն ապրում է Հայաստանում, բացատրել են, որ իրենք անձնագրերով հայ չեն, և ճիշտ կլինի, որպեսզի նրանք Հայաստանի գլխավոր հյուպատոսից ստանան վիզա և տեղափոխվեն, որի դեպքում որևէ խոչընդոտ չէր լինի. «Նրանք տեղյակ էին մեր օրենքներից, մեր պայմաններից, սակայն չգիտեմ ինչու` գերադասեցին չկատարել ՀՀ օրենքները»:

Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ երրորդ երկիրը պարտավոր չէ ընդունել փախստականին, իսկ տվյալ դեպքում Հայաստանը Սիրիայի հետ սահմանակից չէ, այլ երրորդ երկիր է. «Եթե ուզում էին ապաստան հայցել, թող հայցեին կողքի երկրներից: Եթե մեկին թույլ տայինք, ապա պետք է բացեինք մեր բոլոր սահմանները, ինչը Ազգային անվտանգության տեսակետից խնդիրներ կառաջացներ,-ասաց նա, այդ ընտանիքը 20 օր առաջ էր մտադրվել գալ, մի վայրկյանում չորոշեցին և մազապուրծ եկան, կարող էին վիզաներ վերցնել»:

Երբ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախարարը տեղյակ է այդ մարդկանց ներկա ճակատագրով, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ասեմ, որ նրանք ասորիներ էին, նրանց պապն էր հայ: Նրանք ամուսնացել էին արաբի հետ, այլ ազգության մարդկանց հետ… »:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն իր զարմանքը հայտնեց նախարարի այդ հայտարարությունից. «Մենք գտնում ենք, որ Սուվորովի տատիկը հայ էր, հպարտանում, գրքեր ենք հրատարակում: Հիմա եթե էդ մարդկանց միայն պապն է հայ, ուրեմն պետք է նվաստացնե՞նք: Փոխանակ ասեք` վրդովված եք, սա այլանդակություն է, մեր երկրի վարկանիշը գցում է, խայտառակում է մեզ աշխարհով մեկ, ասում եք` արաբի հետ է ամուսնացել…մնում է` պարզենք, թե քանի անգամ է կենակցել արաբի հետ…»:

Հրանուշ Հակոբյանը խիստ վրդովվեց Արզումանյանի ելույթից` խորհուրդ տալով չափավոր արտահայտվել, քանի որ գտնվում է Ազգային ժողովում: Ապա խոսելով օրենքի անունից` կրկնեց. «Եթե զգայական խնդիրներից ելնելով, ինչ որ մեկին դուր գալու համար մեր օրենքները հարմարեցնենք, ապա մեր սահմանները պետք է բացենք, ազգային անվտանգության խնդիրները մի կողմ դնենք և ասենք` էստի՛ համեցեք»:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply