«Հայաստանի նախագահը շատ անկեղծ մարդ է»,- Սահակաշվիլի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2010 1:28

Հայաստանի և Վրաստանի նախագահները Բաթումիից հետո կիրակի այցելել են Աջարիայի շրջանի Քոբուլեթի քաղաքը:

Միխայիլ Սահակաշվիլիի և Սերժ Սարգսյանի պաշտոնական հանդիպումը կայացել է Georgian Palace հյուրանոցում: Դրանից հետո, երկու նախագահները քննարկել են իրենց բանակցությունների մանրամասները հյուրանոցի բակում: -հաղորդում է վրացական Rustavi 2 հեռուստաընկերությունը:

Ղեկավարները համաձայնվել են տնտեսական ինտեգրացիա խթանել երկու երկրների միջև ու զարգացնել ամուր կապեր այլ ոլորտներում:

«Հայաստանի նախագահը շատ անկեղծ մարդ է: Նա շատ հարցերի հետ կապված ինձ մեծ հույս է տալիս»,-ասել է Միխայիլ Սահակաշվիլին:

«Մենք համաձայնվեցինք, որ պետք է ինտեգրենք մեր տնտեսությունները, մեր հարաբերությունները դարձնենք ավելի ամուր, ավելի շատ աշխատենք` մեր ժողովուրդներին միմյանց ավելի մերձեցնելու համար, չնայած նրանք միանգամայն մոտ են:

Մեր հարաբերությունները կդառնան ավելի ինտենսիվ: Մենք փոքր երկրներ ենք, բայց միմյանց կարիք շատ ունենք: Մենք պետք է մեր հարաբերությունները դարձնենք մեզ համար նպաստավոր: Մենք իրոք մեծ հաջողություն ենք մաղթում Հայաստանին: Վստահ ենք, որ մեր հարաբերությունները կխորանան ապագայում»,-ասել է Սահակաշվիլին:

«Ես շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Զարմացած էի` տեսնելով կատարված  մեծ աշխատանք այնքան կարճ ժամանակաշրջանում: Մենք պետք է միասին ավելի ինտենսիվ աշխատենք, ավելի լուրջ մտածենք միջազգային գործընթացների մասին»,-ասել է Սերժ Սարգսյանը:

«Վստահ եմ` այս տարին կլինի բեկումնային երկու երկրների հարաբերություններում, չնայած նրանք միշտ էլ լավ են եղել ու այդպես է հիմա: Մենք չենք կանգնի նույն կետում և կշարժվենք առաջ: Ես այստեղից գնում եմ հույսերով, որ մի քանի ամսից կվերադառնամ կոնկրետ առաջարկներով»,-հավելել է Սարգսյանը:

Նշենք, որ Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումիում հանդիպել էր իր գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

Նախագահները շրջել են Բաթումիի փողոցներով և այցելել Եվրոպայի հրապարակ, որտեղ դիտել են քաղաքում իրականացվող նախագծերը ներկայացնող լուսանկարչական ցուցադրությունը:- հայտնում է Rustavi 2-ը:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:-հաղորդում է Հայաստանի նախագահի պաշոտնական կայքէջը:

«Ես կարծում եմ` այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է»,- ընդգծել է Միխաիլ Սահակաշվիլին եւ հավելել. «Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»:

Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար եւ ասել, որ շատ էր լսել Բաթումի քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպավորություններ ունի: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ վերահաստատել է հայ-վրացական հիանալի հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես. «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես»:

Դիտվել է 2334 անգամ:
Print Friendly

Leave a Reply