Հայաստանի և Չինաստանի հանրային խորհուրդների միջև կապն ամրապնդվում է. ՀԽ պատվիրակության այցը Չինաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 3, 2012 18:28
Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի հրավերով սեպտեմբերի 26-29-ը ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, գտնվել էր Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում էին Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Սաֆարյանը, Հովիկ Մուսայելյանը և ՀԽ գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը:
Այցի նպատակը Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և ՀՀ Հանրային խորհրդի երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացման հեռանկարների քննարկումն էր:
ՀԽ պատվիրակության անդամները ջերմ ընդունելության են արժանացել գործընկերների կողմից: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չինաստանի ինչպես պետական, այնպես էլ սոցիալ-մշակութային կապերի սերտացման անհրաժեշտությունը:
Պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ, Չինաստանի Պետխորհրդի (քաղբյուրո) անդամ պարոն Վանգ Գանգի հետ: Քննարկվել են երկու երկրներին հետաքրքրող տնտեսական և սոցիալական մի շարք հարցեր:
Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, ներկայացնելով Չինաստանի վերջին տարիների ձեռքբերումները, անդրադարձել է նաև երկրի առջև ծառացած խնդիրներին, որոնցից է երկրի ոչ համաչափ զարգացումը: Նա հայտնել է, որ իրենց առջև խնդիր է դրված մինչև 2020 թվականը հավասարեցնել երկրի բոլոր հատվածների տնտեսական ցուցանիշները:
Վազգեն Մանուկյանը բարձր է գնահատել Չինաստանի դերը համաշխարհային տնտեսության ոլորտում և կարևորել երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացումն ու խորացումը, մասնավորապես` Հայաստանում ներդրումների իրականացման համատեքստում:
Այցի ընթացքում ՀԽ պատվիրակությունը գտնվել է Տյանցզին քաղաքում, որտեղ պատվիրակության անդամներին ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի տյանցզինյան ղեկավար տիկին Սինգ Յուանմինը:
Այցի շրջանակներում Հանրային խորհրդի պատվիրակությունը շրջայց է կատարել նաև հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ՙՀուավեյ՚ կորպորացիայի գործարաններում` ծանոթանալով ընկերության վերջին նվաճումներին: Քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գործունեության զարգացման հեռանկարները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի համագործակցության պայմանագիր էր ստորագրվել Հայաստանում ուղիղ մեկ տարի առաջ` 2011 թ. սեպտեմբերին:
Համագործակցության շրջանակներում նախատեսված է տարեկան մեկ անգամ այցելություն կատարել գործընկեր երկիր և քննարկել երկու խորհուրդների գործունեությունն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, որի շրջանակներում էլ կատարվել էր Հանրային խորհրդի պատվիրակության այցը:
ՙԱնկախ՚-ը փորձեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ զրույցում առավել մանրամասն տեղեկություններ ստանալ այցից:
Մանուկյանի գնահատմամբ, Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհուրդը բավականին մեծ դերակատարում ու կշիռ ունի երկրում: ՙՂեկավարը պոլիտբյուրյի անդամ է, այսինքն` կարգավիճակով երկրի չորրորդ մարդը՚,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա ՀԽ նախագահը նշեց, որ երկու խորհուրդները, լինելով Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ և անցյալ տարի ստորագրած լինելով համագործակցության պայմանագիր, փոխադարձ շփումների և փորձի փոխանակման արդյունքում առավել արդյունավետ կարող են դարձնել երկու երկրներում իշխանություն-հասարակություն կապը, կողմերի համար ընդունելի լուծումների որոնումը և այլն: ՙՄենք բավականին ջերմ ընդունելության արժանացանք, զրուցեցինք երկու երկրներին հուզող մի շարք խնդիրների շուրջ,-ասաց Մանուկյանը,-խոսելով Չինաստանի տնտեսության մասին` Վանգ Գանգը նկատեց, որ պետք չէ հրապուրվել այն ամենով, ինչ մեզ ցուցադրվում է, քանի որ երկրում կա նաև դրա հակառակ կողմը` ժողովրդի մեծ մասի սոցիալական ծանր խնդիրները: Նա ընդգծեց, որ Չինաստանը ոչ թե զարգացած, այլ զարգացող երկիր է՚:
Խոսելով Չինաստանի որդեգրած տնտեսական ուղու մասին, որը բավականին հաջող է ընթանում` ապահովելով զարգացման բարձր ցուցանիշներ` Վազգեն Մանուկյանը գործընկերոջից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի այլ երկրների հետ իրենց փորձի փոխանակման մասին: Վանգ Գանգն անկեղծորեն պատասխանել է, որ իրարից վերցնել չարժե, քանի որ դա արդյունավետ չի կարող լինել: Նրա կարծիքով, յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր յուրահատկությունը, և պետությունը, ելնելով այդ յուրահատկությունից, պետք է մշակի տնտեսության զարգացման իր մոդելը: ՙԿարծում եմ` դա հիանալի պատասխան էր՚,-ասաց Մանուկյանը:
Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ գործընկերոջ հետ քննարկել են Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու հնարավորության հարցը, որով չինական կողմը հետաքրքրված է: ՙՆրանք հատկապես շահագրգռված են մալուխների արտադրությամբ, և մենք խոստացանք այդ հնարավորությունների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն տրամադրել, որից հետո նրանք կարող են գործնական առաջարկներ անել,:
ՙԱնկախ՚






Facebook
Tweet This
Email This Post
