Զարմինե Զեյթունցյան. «Դիլիջանի» սաներին միգուցե խոսակցական հայերեն սովորեցնեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 3, 2012 17:35

Դիլիջանի միջազգային դպրոցը, որն իրականացնելու է միջին և ավագ դպրոցի IGCSE և միջազգային բակալավրիատի կրթական ծրագրեր, բուռն կրքեր բորբոքեց Հայաստանում:

2014 թվականի սեպտեմբերին դպրոցը նախատեսում է ընդունել տարբեր երկրներից ժամանած իր առաջին աշակերտներին:

Դեռեւս 2 տարի առաջ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը սկսեց ընդվզել, իսկ Հանրային խորհրդին կոնկրետ առաջարկներ արվեցին: Նախաձեռնությունը գտնում էր, որ միջազգային բակալավրիատի նախնական և միջին տարիքի ծրագրերում դասավանդումը կարող է իրականացվել ցանկացած լեզվով, այդ թվում և` հայերեն: Հետևաբար, չկա միջին տարիքի ծրագիրը հայերենով իրականացնելու որևէ սահմանափակում: Դիպլոմային ծրագրի վերաբերյալ էլ փաստում էին՝ տվյալ պահին վերջինիս դասավանդման լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, և իսպաներենը, գոյություն ունի դիպլոմային փորձնական ծրագիր նաեւ գերմաներենով: Եվ եթե ստեղծվի պահանջվող չափանիշին համապատասխանող հայալեզու դպրոց, ապա միջազգային բակալավրիատի կողմից այն նույնպես կճանաչվի:

Ժամանակին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը «Դիլիջան» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներին ուղղել էր մի նամակ, որտեղ առաջարկվում էր այդ դպրոցում ուսուցումը կազմակերպել հայոց լեզվի հիման վրա: Նախաձեռնության անդամների մտահոգությունը ո՛չ հայերենով միջազգային բակալավրիատի ռիսկերի մասին հետեւյալն էր. Հայաստանում օտարալեզու հանրակրթության ասպարեզ՝ մեծածավալ ներդրումների հոսքը կհանգեցնի մի իրավիճակի, երբ հայալեզու դպրոցները կհայտնվեն մրցակցության իմաստով անհավասար պայմաններում: Դա կհեղինակազրկի հայալեզու հանրակրթությունը և բնականաբար կստիպի իրենց զավակներին լավագույն կրթություն տալով մտահոգ ծնողներին իրենց երեխաների համար նախընտրել օտարալեզու դպրոցը։

Aravot.am-ը կապվեց «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զարմինե Զեյթունցյանի հետ՝ ճշտելու տեղեկությունը. արդյոք հայ երեխաների համար «Դիլիջան» դպրոցում ուսուցումն իրականացվելու է հայերենով, իսկ այլազգիների համար՝ օտար լեզվով, եւ ի վերջո հայերենացվելո՞ւ են միջազգային բակալավրիատի ծրագրերը: «Այսօր ակադեմիական ծրագրերի ընտրությունը մոտավորապես կայացված է, դա միջազգային բակալավրիատն է եւ ավելի ցածր դասարանցիների համար՝ IGCSE-ը, իսկ ակադեմիական եւ ընդհանրապես դպրոցի ողջ ուսումնական ծրագիրը դեռ զարգացման փուլի մեջ է, ու այս պահին վերջնական ոչ մի բան չկա: Մենք ուսումնական խորհուրդ ենք կազմել, շուտով պիտի գա դպրոցի տնօրենը, եւ մարդիկ, որոնք հիմնական դեր ունեն նման հարցերը վերջնականապես հաստատելու համար»,- Aravot.am-ին ասաց տիկին Զեյթունցյանը:

Նա հավաստիացրեց, որ չնայած դպրոցում հիմնական ուսուցումը լինելու է անգլերեն, սակայն ոչ մի երեխա զերծ չի մնալու իր մայրենի լեզուն եւ պատմությունը սովորելու հնարավությունից. «Դասեր են լինելու, որտեղ հայ երեխաները կսովորեն հայոց լեզու, գրականություն, պատմություն, մշակույթ, իսկ այլազգիները կսովորեն իրենց մայրենի լեզուն եւ գրականությունը: Դա կլինի կա՛մ ազատ ուսուցիչների միջոցով, եթե երեխաների թիվը մեծ լինի, իսկ փոքրաթիվ լինելու դեպքում, կկազմակերպվի համացանցային ուսուցում: Երեխաները դասերին, օրինակ, կպատմեն իրենց երկրի, պատմության, մշակույթի մասին իրենց մայրենի լեզվով կամ անգլերենով: Այսինքն՝ հիմնական ուսուցումը անգլերեն է, բայց ստեղծելու ենք այնպիսի ծրագրեր, որ ոչ մի երեխա անմասն չմնա իր երկրի լեզուն ու մշակույթը ուսումնասիրելուց»: Զեյթունցյանը ասում է, որ այդպիսով կխթանվի բազմամշակութայինությունը ու այդ ամենը չի բերի հայ եւ օտարերկրացի երեխաների «տեսակավորմանը»:

Հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենը մեր զրույցի վերջում նշեց. «Հիմնական առարկաները բոլորը միասին են անցնելու՝ մայրենի լեզուն առանձին ուսումնասիրելու հնարավորությամբ: Մի ծրագիր էլ կա, որը դեռ անավարտ է՝ Հայաստանում սովորող բոլոր երեխաները պետք է գոնե խոսակցական մակարդակի, բազային հայերենի տիրապետեն, դրա համար դասընթացներ են անցնելու: Սա դեռ ցանկություն է, որ դեռ հաստատված չէ»:

Ինչ վերաբերում է միջազգային բակալավրիատին, Զեյթունցյանի ասելով հայերեն թարգմանվելու ինչ-ինչ ծրագրեր կան, բայց , դպրոցում կկիրառվի, թե ո՞չ, դեռ չգիտի. «Կարծում եմ՝ դպրոցը բացվելու հետ ինքը դեռ կայացած չի լինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply