Վարչապետը նույնպես անթույլատրելի է համարում այդ ֆորմատով վերաբնակեցնելու Ռուսաստանի ծրագիրը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 3, 2012 17:16


Խորհրդարանում կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը բարձրացրեց Ռուսաստանի Դաշնությունում բնակեցնելու աջակցության պետական ծրագրով Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանում վերաբնակեցնելու անթույլատրելի եղանակների հարցը:
Արզումանյանը նախ իր մտահոգությունը հայտնեց «Արտասահմանում բնակվող համաերկրացիների վերաբերյալ ՌԴ պետական քաղաքականության մասին» ՌԴ օրենքով սահմանված «համերկրացի» եզրույթի վերաբերյալ` նշելով, որ այն բավականին ընդգրկուն սահմանում է. «Համերկրացի են համարվում այն անձիք կամ նրանց ժառանգները, որոնք պատկանում են այն ժողովուրդներին, որոնք պատմականորեն բնակվել են Ռուսաստանի տարածքում` Ռուսական կայսրությունում, ԽՍՀՄ-ում, Ռուսաստանի հանրապետությունում և այլն»,-ասաց նա:

Արզումանյանի տեղեկություններով, վերջին 4 տարիների ընթացքում ծրագրին դիմել է շուրջ 26 000 հայաստանցի, որոնցից վերաբնակչի կարգավիճակով Ռուսաստան է մեկնել մոտ 1500-ը: «Տարեսկզբից ի վեր ՌԴ միգրացիոն ծառայության աշխատակիցներն ամեն ամիս երկու օր այս ծրագրով հետաքրքրվողներին ընդունում են Գյումրիում: Ծրագրի մասնակցող հայ ընտանիքները պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից և ընդունեն ՌԴ քաղաքացիություն-ասաց նա` նշելով, որ սրա վերաբերյալ իր մտահոգությունը կիսել է նաև Տիգրան Սարգսյանը:

Արզումանյանը կառավարությունից ակնկալում էր ոչ միայն մտահոգություն, այլ հստակ քայլերի ձեռնարկում. «Ի՞նչ է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի մեր քաղաքացիներին օտարերկրյա պետության գերատեսչության ներկայացուցիչները չհավաքագրեն,-հարցրեց նա,-մենք պայքարում ենք հոգեորսության դեմ, իսկ սա, ըստ իս, բացահայտ մարդաորսություն է»:

Տիգրան Սարգսյանը մտահոգությունը տեղին համարեց` հայտնելով, որ հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ բոլոր ատյաններում` այդ թվում նաև միջկառավարական հանձնաժողովի նիստերում: «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է` Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող պետական ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում այդ ֆորմատով ու այդ ձևով ընդունելի չէ, և մենք համաձայնություն չենք տվել մեր ռուս գործընկերներին, որ այդ ծառայությունն իր գործունեությունը ծավալի Հայաստանում»-հայտարարեց նա:

Ըստ վարչապետի, այս հարցը հստակ ձևակերպված է միջկառավարական հանձնաժողովի նիստում, և կառավարության հստակ դիրքորոշումը հայտնի է նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է Ռուսաստանի Դաշնությունը կազմակերպելու միգրացիոն գործընթացները, եթե, օրինակ, ՀՀ քաղաքացին ցանկություն ունի մեկնել Ռուսաստան, ապա վարչապետը մատնանշում է դիվանագիտական խողովակները, ինչպես եղել է նախկինում. «Հայաստանում ծավալել այդպիսի գործունեություն, անթույլատրելի է, և մենք մեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել ենք»,-ասաց նա:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply