Գրիգոր Մուրադյան. «Եթե հավաքը խաղաղ է, ապա որևէ միջամտություն չի թույլատրվում»

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 3, 2012 16:48

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի առնչությամբ «Pastinfo.am»-ի թղթակցի հարցերին պատասխանում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը:

-Պարոն Մուրադյան, օրենքը նախատեսում է սահմանափակել հավաքների ազատությունը, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։ Կոնկրետ իրավիճակներում ինչ չափանիշների հիման վրա է որոշվելու՝ հավաքի ազատության իրավու՞նքն է գերակա, թե այդ շահերը:

-Չափանիշներն իրականում հստակ են, դրանք ամրագրված են ՀՀ Սահմանադրութամբ: Համաչափության սկզբունքին համապատասխան՝ կոնկրետ դեպքում լիազոր մարմինը` քաղաքապետարանը, կամ կիրառող մարմինը` ոստիկանությունը, սահմանափակումներ կիրառելիս կամ արգելքներ նախատեսելիս որոշում են, որ օրինակ մայրուղիների երկարատև փակումն ակնհայտորեն առաջացնում է երթևեկության, ազատ տեղաշարժման խնդիր:

Նման դեպքերից խուսափելու համար կարելի է սահմանափակումներ կիրառել և ասել` եթե անգամ որոշ ժամանակահատվածով պետք է մուտք գործեք մայրուղի, ապա դա չի կարող տևել ասենք այսքան ժամանակ:

Սահմանափակումներ կիրառելու համար իրականում վերացական չափանիշներ չկան: Միևնույն ժամանակ գործում է խաղաղ հավաքներին աջակցելու ընդհանուր կանխավարկածը. եթե հավաքը խաղաղ է, ապա որևէ կերպ միջամտություն հավաքին չի թույլատրվում, անգամ եթե այդ հավաքը օրենքի խախտումներով է տեղի ունենում: Այս բոլոր հանգամանքները կշռադատելով՝ համապատասխան մարմինը պետք է ճիշտ հետևություն անի, որը սակայն հավաքի իրավաչափության, ինչպես նաև հանրային շահերի կամ այլոց սահմանադրական իրավունքների սահմանափակման հարցերի առումով կարող է ստուգվել վերադասի կամ Վարչական դատարանի կողմից:

-Նոր օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` հավաքներն արգելված են Ազգային Ժողովից, կառավարությունից, դատարաններից, քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց բնականոն գործունեությանը: Ի՞նչ հեռավորության մասին է խոսքը: Կա կարծիք, որ դա շատ ընդհանրական է և կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ:

-Խոսքն իրական խոչընդոտների մասին է, երբ անհնար է դառնում այդ մարմինների աշխատանքը: Կան երկրներ, որտեղ այդ մարմիններին բավականին տարածությամբ մոտենալն ինքնին արգելվում է: Մենք ավելի ազատական մոտեցում ենք ցուցաբերել:

Ինչ-որ սահմաններ դնելը կնշանակեր համաչափության սկզբունքի որոշակի խախտում: Օրենսդիրը դիտավորյալ չի ցանկացել որոշակի սահման դնել, ելնելով այն հանգամանքից, որ լինում են դեպքեր, երբ 10 հոգու համապատասխան պաստառներով ներկայությունը պետք է թույլատրվի շատ մոտ տարածության դեպքում և հնարավոր լինի, որ այդ անձինք իրենց կարծիքը հայտնեն: Սահմանել 10 մետր կամ 20 մետր հեռավորություն` սխալ կլիներ: Եթե խոսքը բազմամարդ, բարձրախոսներով, լուսային ազդանշաններով ուղեկցվող հավաքների մասին է, այդ հեռավորությունը պետք է լինի ավելին:

Սա արվել է հավաքների ազատությունը երաշխավորելու համար: Կարծում եմ` դա ճիշտ է, քանի որ դրանով ապահովվում է այդ մարմինների գործունեությունը չխոչընդոտող հավաքների իրականացումը, անգամ հնարավոր են բազմամարդ հավաքներ, որոնք սակայն չեն ուղեկցվում աղմուկով, ձայնային ազդանշաններով:

Օրենսդիրն այս տրամաբանությամբ է ամրագրել հեռավորությունը: Որոշել հեռու է, միջին է, թե շատ մոտ է` օրենսդիրը թողել է իրավակիրառ մարմիններին: Կոնկրետ դեպքում կորոշվի ոստիկանության կազմակերպիչների բանակցությունների արդյունքում: Կախված կլինի նաև հավաքի բնույթից. եթե հավաքը չի ուղեկցվում բարձրախոսների գործածմամբ, այդ մարմինների մուտքի խոչընդոտմամբ և այլն:

Ամբողջ խնդիրը հետևյալն է, եթե օրենքի այս դրույթը կիրառվի, վարչական պրակտիկայում արդեն կոնկրետ դեպքերի համար կձևավորվեն հստակ չափանիշներ:

Ակնհայտ է, որ այստեղ իրավակիրառ պրակտիկան դեռ պետք է իրականացվի, դատարանները պետք է պատշաճ վերահսկողություն իրականացնեն: Եվրոպական բոլոր երկրներում այդպես է. դատական պրակտիկայում ենթաչափանիշներ են սահմանվում այն դեպքերի համար, երբ օրենսդիրը գործածել է անորոշ իրավական հասկացություն:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply