Սպորտի մասսայականացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցություն` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 3, 2012 16:57

Հայաստանում մասսայական սպորտը զարգացնելու հիմնախնդիրներին էր նվիրված ՀՀ սպորտի երիտասարդության հարցերի նախարությունում կազմակերպված խորհրդակցությունը, որին մասնակցում էին Հայաստանի մարզերի, Երևանի մարզական ոլորտի պատասխանատուներ, բուհերի ամբիոնների վարիչներ, հասարակական մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ սպորտի  և երիտատասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց, որ ծանր իրավիճակ է առաջացել: Բնակչության  տարբեր խավերի ներկայացուցիչների զգալի մասը գործնականում հնարավորություն չունի կանոնավոր զբաղվելու ֆիզիկական կուլտուրայով և սպորտով: Դպրոցականների արձակուրդը, ակտիվ հանգստի փոխարեն վերածվում է պարապուրդի, ֆիզիկական կուլտուրայի 3 դասաժամ էլ բավարար չէ, որպեսզի մատաղ սերնդի ներկայացուցիչները կոփվեն, համակողմանի զարգանան: Ուսանողական սպորտն էլ ցանկալի վիճակում չէ: Հայաստանի մի շարք բուհերում փակվել են ֆիզիկական դաստիարակության ամբիոնները, մի մասում էլ սովորողները առողջության առարկայի դասերին կանոնավոր չեն հաճախում: Չի գործում ֆիզիկական  կուլտուրայի և սպորտի մասին օրենքը և դրանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է զգացվում: Դրությունը շտկելու նպատակով, նախատեսվում է մշակել 2013-17-ի մասսայական սպորտի զարգացման հայեցակարգ:

Ռոստոմյանը հայտնեց, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին պայմանանվորվել են քննարկել, թե ինչ կարելի է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխանախար Խաչիկ Ասրյանը  պարզաբանեց, որ , 2010-ին թեև, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դրվածքին ծանոթանալու նպատակով,  ուսումնասիրություններ են կատարվել մայրաքաղաքի կրթօջախներում, և տխուր պատկեր է արձանագրվել, սակայն կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել, քանի որ խնդիր է դրվել ամբողջական տվյալներ ունենալ, որի համար պահանջ է զգացվել  ուսումանսիրություններ կատարել նաև մարզերի կրթօջախներում: Դրան խանգարել է ֆինանսների պակասը:

Խորհրդակցությունն անցավ գործնական մթնոլորտում: Մտքերի փոխանակությանը մասնակցեցին և ելույթներ ունեցան Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հենրիկ Մոկացյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Յուրի Մամիկոնյանը, Երևանի տնտեսգիտական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանը և ուրիշներ:

Որոշվեց գրավոր առաջարկները հավաքել, համակարգել և դրանց համար լուծումներ գտնել:

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply