Ֆինանսական արբիտրաժը մինչ օրս քննել է 350 գործ
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | October 3, 2012 15:31
«Ամբողջ աշխարհում արբիտրաժները առևտրային վեճեր լուծող մարմիններ են, որոնք ընտրվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ նրանց միջև առաջացած վեճը քննելու՝ արդարացի, անկողմնակալ վճիռներ կայացնելու նպատակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանկերի միության Ֆինանսկան արբիտրաժի նախագահ Նաիրա Մարգարյանը:
2010թ. Հայաստանում ստեղծվել է ֆինանսական արբիտրաժ, որը հիմնականում մասնագիտացված է ֆինանսական-առևտրային վեճերր լուծելու ոլորտում, սակայն չի սահմանափակվում միայն դրանով և լուծում է բոլոր արբիտրաժային համաձայնություններ ունեցող վեճերը:
«Բանկերի միության ֆինանսական արբիտրաժի կողմից մինչ օրս քննվել է 350 գործ, այս պահին կա 150 գործ, որոնք դեռ ավարտված չեն: Կայացվել են վճիռներ, որոնք առանց լուրջ խնդիրների կատարվել են ու դրանց հիման վրա տրամադրվել են կատարողական թերթեր, և եթե կողմերը կամովի չեն կատարել արբիտրաժային տրիբունալի վճիռները՝ ի կատար են ածվել հարկադիր կարգով»,- նշեց Նաիրա Մարգարյանը՝ հավելելով, որ արբիտրաժային տրիբունալի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթական չէ:
«Առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային դատարանի կանոնակարգում հստակորեն սահմանված է վեճերի լուծման համար տրամադրված ժամանակ, ըստ որի 4 ամսվա ընթացքում արբիտրաժային տրիբունալը պարտավոր է կայացնել վճիռ»,- ասաց առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային դատարանի քարտուղար Արմեն Ոսկանյանը՝ հավելելով, որ ի տարբերություն պետական դատարանների` արբիտրաժային դատարանը ապահովում է գործերի գաղտնիությունը, այսինքն՝ բացի կողմերից 3-րդ անձ չի կարող ներկա լինել նիստին, բայց եթե կողմերի միջև կա համաձայնություն, այդ դեպքում գործը կարող է քննվել դռնբաց:
«Մենք պայքարում են, որ այս կառույցը չդառնա պետությունից կախված կառույց, որպեսզի պետությունը չմիջամտի»,- վերջում ավելացրեց Արմեն Ոսկանյանը:
«ՓԱՍՏԻՆՖՈ»






Facebook
Tweet This
Email This Post
