«Եթե Ադրբեջանը վերսկսի ագրեսիան Ղարաբաղի դեմ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը կհայտնվի սպառնալիքի տակ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 28, 2010 21:15

Այս մասին հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Վահան Դիլանյանը Թբիլիսիում  Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական փորձագետների հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր «Գլոբալ գործընկերություն հանուն կոնֆլիկտների կանխարգելման» միջազգային կազմակերպությունը:

Վահան Դիլանյանը ելույթ է ունեցել «Անվտանգության հիմնախնդիրները Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Իրան-Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում» խորագրով կլոր սեղանի շրջանակում: Նա, մասնավորապես, խոսել է Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորման հիմնախնդիրների մասին:

Ստորև` ելույթի ամբողջական տեքստը.

«Հարգելի գործընկերներ,

Ողջունելի է, որ կլոր սեղանի խորագիրն ընգրկում է անվտանգության լայն իմաստը: Իրոք, այսօր, կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը շատ ավելի փոխկապակցված է դարձել Եվրոպայի ու ԱՄՆ-ի անվտանգության համակարգերի հետ, քան նախկինում էր, և անվտանգության այս «երկար գծի» երաշխիքները պետք է փնտրենք ոչ թե առանձին երկկողմ հարաբերությունների մակարդակում, այլ ավելի լայն սպեկտրում: Այլ կերպ ասած` Կովկասի անվտանգության մասին խոսելիս անուղղակիորեն խոսում ենք Եվրոպայի անվտանգության մասին և ավելին:

Կովկասը մի տարածաշրջան է, որից եկող ռիսկերն ազդում են աշխարհի այլ մասերի վրա: Այն տարածաշրջան է` լի երկարատև հակամարտություններով, էթնոմշակութային ու կրոնական տարբերություններով, և այս ամենով հանդերձ, տարածաշրջան, որն ունի լավ ներուժ` վերածելու այդ տարբերությունները համագործակցության բազմազան հնարավորությունների:

Հայաստանի կողմից 2008 թվականին նախաձեռնված հայ-թուրքական մերձեցման գործընթացը ողջ տարածաշրջանում վստահություն և համագործակցություն հաստատելու նման տրամադրություն ստեղծեց: Այն կարող է տարածաշրջանում այլ հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով հաղթահարելու լավ օրինակ լինել:

Թեև Երևանի ու Անկարայի միջև երկխոսությունը «առանց նախապայմանների» պատճառով վեջերս ձգձգվում է Թուրքիայի կողմից, այդուամենայնիվ, ես դեռ «լույս» տեսնում եմ այս պատմական գործընթացի ավարտի համար: Այն, եթե իրականանա, կհանգեցնի թուրք-հայկական սահմանի բացման, այդպիսով ապագայում էներգոռեսուրսների նոր ուղիներ կարող են բացվել` Եվրոմիությանն ապահովելով այլընտրանքային մատակարարումներով:

Այնուամենայնիվ, շատերն այս տարածաշրջանում դժկամությամբ են վերաբերվում Հայաստան-Թուրքիա գործընթացին` նշելով, որ եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, իրենց ազգային շահերը կոտնահարվեն: Սակայն, նրանք պետք է հասկանան, որ իրենց ազգային շահերի իրականացումը նույնպես այսօր դրված է ավելի լայն ձևաչափի մեջ: Եթե Ադրբեջանն ուզում է հետագայում էլ նավթ ու գազ վաճառել Արևմուտքին, պետք է նաև շահագրգռված լինի տարանցիկության անվտանգությամբ. եթե դու ուզում ես, որ ժողովուրդդ բարեկեցիկ ապրի, պետք է երկարատև կայունություն ապահովես երկրից դուրս: Բաց սահմանն այդ կայունության առաջին երաշխիքն է:

Բայց խաղաղության այս հայեցակարգը դեռևս չի ընկալվել մեր հարևանների կողմից, նույնիսկ ռուս-վրացական պատերազմից հետո, որի ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ու Բաքու-Սուփսան խոցելի դարձան:

Նկատենք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ԼՂՀ Մարտակերտի շրջանից մոտ 50 կմ հեռավորության վրա է գտնվում, որտեղ 2008 թ. մարտին կարճատև զինված բախում եղավ (1994 թվականից ի վեր զինադադարի միակ լուրջ խախտումը): Ուստի, եթե Ադրբեջանը վերսկսի ագրեսիան Ղարաբաղի դեմ, այս գիծը  նույնպես սպառնալիքի տակ կհայտնվի:

Այս փաստը պետք է լսելի լինի միջազգային հանրությանը, որը երբեք չի դատապարտել Ադրբեջանի ռազմական ծախսերի հարաճուն չափն ու իշխանությունների կողմից հնչող պատերազմաշունչ հայտարարությունները: Ռուս-վրացական պատերազմի դեպքում տեսանք, որ ռազմատենչ հայտարարությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից և իրական սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար:

Սա այն է, ինչից բոլորս պետք է խուսափենք:

Տնտեսական համագործակցության տեսլականը կարող է լինել հենց այն հնարավորությունը, որով կկարողանայինք կանխել պատերազմը:

Նայե’ք Եվրոպային: Որպեսզի խուսափեն երրորդ աշխարհամարտից, այդ երկրները որոշեցին այնպիսի ամուր տնտեսական կապեր ստեղծել, որ մեկի հնարավոր ագրեսիան մյուսի դեմ կքանդեր ոչ միայն սեփական, այլև ողջ համակարգը:

Անվտանգության այս բանաձևը դասական է, ուստիև կարող է գործառել նաև Կովկասի դեպքում:

Տարածաշրջանային տնտեսական նախագծերից երկրին դուրս թողնելը անկատար է դարձնում տարածաշրջանային անվտանգության համակարգը: Այն, ինչ արել ենք վերջին երկու տասնամյակներում` «քաղաքական նավթամուղներ ու ճանապարհներ» ստեղծելը, այսօր այլևս չի գործում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր հերթին մեծ հարցական դրեց այդօրինակ քաղաքականության վրա:

Եթե սա հասկանայինք անցյալում, այսօր կունենայինք ավելի շատ բազմազանություն և ավելի քիչ տարբերություններ:

Ինչու՞ ստեղծեցինք խողովակաշարեր` Հայաստանը շրջանցելով, եթե ճանապարհները, ներառելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, կարող էին անվտանգության երաշիք լինել, և հակամարտությունն ավելի հեշտ կլուծվեր:

Ինչու՞ չենք ուզում` Հայաստանի ու Թուրքիայի միջև երկաթգիծը գործարկվի, եթե այն կարող է ապագայում ձգվել դեպի Արևելք ու Արևմուտք` տնտեսական դիվիդենտներ  բերելով բոլոր կողմերին և  դարձյալ անվտանգություն երաշխավորել տարածաշրջանում:

Ուզում եմ ասել, որ պետք է  ձերբազատվենք նախապաշարմունքներից և ճկուն կերպով անցնենք մտածելու և գործելու ավելի արդյունավետ ձևի:

Այստեղ են մեր ադրբեջանցի հարևանները, որոնք թերևս կընդդիման ինձ` ասելով, թե «Լեռնային Ղարաբաղն անկախ երկիր լինելու իրավունք չունի,  թե այն պետք է իքնավարություն լինի Ադրբեջանում, և թե միայն այդ դեպքում կարող են հարաբերություններ հաստատվել երկրների միջև»: Գիտեք, Ղարաբաղի ժողովուրդը կպատասխաներ ձեզ` ասելով, որ «մենք անկախ պետություն ենք ստեղծել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,  բացի այդ, Ադրբեջանի քաղաքականությունն ացյալում ցույց տվեց, որ նույնիսկ Ղարաբաղի ժողովրդի ապրելու պարզ իրավունքը կարող է ոտնահարվել, եթե այն Ադրբեջանի կազմում է» և այլն:

Այսօրինակ փաստարկները կշարունակվեն, բայց հակամարտությունը լուծում չի գտնի:

Եկեք համաձայնվենք, որ Բաքվի պետական քաղաքականությունն ավելի ու ավելի է դժվարացրել խաղաղության ընկալումը ադրբեջանցիների համար. դրա պատճառը ռազմաշունչ հայտարարություններն են, որոնք պատերազմամետ հոգեբանական միջավայր  են ստեղծում Ադրբեջանում: Հայաստանի իշխանությունները հիմնականում խուսափում են առճակատում ստեղծող արձագանքներից` այդպիսով «դուռ» թողնելով հակամարտության կարգավորման համար:

Այնուամենայնիվ, հուսով եմ` այստեղ գտնվող ադրբեջանցիներից ոչ ոք պատերազմ չի ուզում. մենք` բոլորս, պետք է մերժենք այն:

Այս առումով, պետք է հասկանանք նաև, որ «հանրային ձայնն» է մեր պետական քաղաքականության հիմքը: Ուստի, եթե իսկապես  պատերազմ չուզենանք, այն չի լինի, և տրամաբանորեն, եթե խաղաղություն ու բարեկեցություն ուզենանք, կսկսենք կապեր  ստեղծել մեր միջև:

Ինչպես նշեցի, առանձին ռազմավարարություններն այլևս չեն գործում: Մեր աշխարհը չափազանց փոխկապակցված ու ինտեգրացված է դարձել: Հաշվի առնելով այն փաստը, որ ապրում ենք այս աշխարհագրական իրավիճակում, և այդպես է լինելու ապագայում, պետք է գոյակցենք: Գոյակցության բանաձևը պարզ է: Անհրաժեշտ է հանրային կամք, որպեսզի քաղաքական կամք ձևավորի:

Անկեղծ ասած, ես դեռևս այդ համակեցության հնարավորություն տեսնում եմ, որի սկզբնական քայլը տնտեսական խաչմերուկների ստեղծումն է մեր միջև: Դրանից հետո երկարատև անվտանգություն կհաստատվի մեր տարածաշրջանում` այդպիսով երաշխավորելով Եվրոպայի ու ԱՄՆ-ի սահմանների անվտանգությունը նույնպես:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Դիտվել է 3383 անգամ:
Print Friendly

Leave a Reply