Վաղը տեղի կունենա Սոցիալական գործընկերության 3-րդ ազգային կոնֆերանսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2012 15:06

Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.00-17.00 Երևանի  Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում  տեղի կունենա Երրորդ Ազգային սոցիալական գործընկերության կոնֆերանսը

Կոնֆերանսը նվիրված է սոցիալական երկխոսությանը և տարածքային զարգացման հիմնախնդիրներին, այդ ոլորտում գործատուների դերակատարման հարցերին:

Կոնֆերանսը կընթանա  «Սոցիալական երկխոսությունը և տարածքային զարգացման հիմնախնդիրները: Միասին դեպի տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորումը» խորագրի ներքո:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, որն այս տարի նշում է իր հիմնադրման 5-ամյակը, հանդիսանալով ՀՀ կառավարության հետ սոցիալական գործընկեր կազմակերպություն (համաձայն 2009թ. ապրիլի 27-ին կնքած Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի և Հանրապետական կոլեկտիվ պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Համաձայնագրի՝ կնքած 2012թ. հունիսի 30-ին), սկսած 2010թ.-ից  կազմակերպում և իրականացնում է ազգային կոնֆերանսներ՝  նվիրված  սոցիալական գործընկերության զարգացմանը:

«Սոցիալական երկխոսությունը մարզերում և մարզերի զարգացում»  սոցիալական գործընկերության Երրորդ Ազգային կոնֆերանսին մասնակցում են միջազգային փորձագետներ և գործընկերներ: Հիմնական հովանավորներն են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, «Գերմանական համագործակցության ծրագիրը Կովկասում», Հոլանդիայի գործատուների աջակցման ծրագիրը, «Արմենթել» ՓԲԸ-ն:

Հատկանշական է, որ այս ոլորտում աշխատանքային տեմպը տարեցտարի ավելի ու ավելի ինտենսիվ բնույթ է ստանում և արդեն այս համակարգի ինստիտուցիոնալացման ուղղությամբ կատարվածի ծավալը կրկնակի անգամ ավելացել է: Դրա լավագույն ապացույցը հանրապետության երկու արդյունաբերական մարզերում` Լոռիում և Սյունիքում  եռակողմ սոցիալական գործընկերության համակարգի համար կազմակերպական  կառույցների ձևավորումն է: Իսկ դա նշանակում է, որ Արագածոտնից հետո այս առաջադեմ և սոցիալական առումով քաղաքակիրթ երկխոսության  ինստիտուտներ են ձևավորվել հանրապետության 3 տարածաշրջաններում, որտեղ տեղական իշխանության մարմինների, Արհմիութենական կազմակերպությունների և գործատուների համար կգործի մշտական երկխոսության և բոլոր կողմերի շահերը  ընդհանուր հայտարարի բերող հարթակ, որի միջոցով կկարգավորվեն սոցիալ-աշխատանքային և արտադրական ամենաբազմազան խնդիրները:

Սոցիալական գործընկերությունը իրականացվում է 4 մակարդակներում.

  • հանրապետական մակարդակում, որտեղ` կողմերն են ՀՀ կառավարությունը, Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը.
  • ճյուղային մակարդակում,  որտեղ կողմերն են արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը եւ գործատուների համապատասխան ճյուղային միությունը. (Եթե գործատուն Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը, ապա ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմերն են արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը եւ համապատասխան պետական կառավարման մարմինը կամ համայնքի ղեկավարը):
  • տարածքային մակարդակում, որտեղ  կողմերն են արհեստակցական կազմակերպությունների համապատասխան տարածքային միությունը եւ գործատուների համապատասխան տարածքային միությունը.
  • կազմակերպության մակարդակում, որտեղ գործընկերության կողմերն են տվյալ կազմակերպության գործատուն եւ աշխատողների ներկայացուցիչները:

Սոցիալական գործընկերության գերակա նպատակը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը հնարավորինս կայուն և հավասարակշիռ դարձնելն ու պահպանելն է:

Ավելացնենք, որ Հայաստանը ոչ միայն վավերացրել է սոցիալական գործընկերության համակարգի միջազգային  հիմնարար չափանիշները, այլև ձևավորել է այդ ոլորտին առնչվող  համապատասխան   օրենքներ և իրավական փաստաթղթեր, որոնց միջոցով միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան երկրում պետք է կարգավորվեն  մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, այլ անձանց հետ միավորումներ կազմելու հիմնախնդիրները և թեմային առնչվող մյուս հարցերը:

 

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply