«Թող ժողովուրդը որոշի` ո՞վ է ու՞մ վարկաբեկում և ո՞վ է վարկաբեկված, ով` ոչ». Շարմազանովը Քոչարյանի հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 3, 2012 13:50

«Թող ժողովուրդը որոշի` ով է ում վարկաբեկում և ով է վարկաբեկված, ով` ոչ». Շարմազանովը Քոչարյանի հայտարարության մասին
Շարմազանովը հարգում է Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, բայց իրենք էլ իրենց կարծիքն ունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա կարծում է, որ հակառակ Քոչարյանի հայտարարությանը, երեկվա դեպքը ԱԺ-ի համար վարկաբեկիչ չէ:
«Ես բնական եմ համարում, որ ցանկացած քաղաքական գործիչ, այդ թվում`նաև Հայաստանի առաջին և երկրորդ պաշտոնաթող նախագահները ունեն իրենց կարծիքը և կարող են հանրության հետ կիսվել իրենց կարծիքով: Այստեղ որևէ սենսացիոն բան պետք չէ փնտրել, պետք չէ նաև ակնկալել, որ 10 տարի Օսկանյանի ղեկավար աշխատած նախագահը պետք է Վարդան Օսկանյանին ներկայացներ որպես վատ արտգործնախարար”,-ասաց Շարմազանովը` ավելացնելով. «Շատ հարգելով առաջին և երկրորդ նախագահների` կարծիք արտահայտելով իրավունքը, ևս մեկ անգամ պետք է նշեմ , անկախ իրենց կարծիքից, մենք ունենք մեր կարծիքը»:
Շարմազանովը նշեց նաև, որ ցանկացած քաղաքական շահարկում այս խնդրի հետ որևէ եզրեր չունի և քաղաքական ցանկացած ենթատեքստ այս խնդրի հետ որևէ առնչություն չունի, սա բացառապես իրավական խնդիր է, և իրենք այս խնդիրը տեսնում են բացառապես իրավական տիրույթում:
«Բոլոր այն կարծիքները, որ հանձնել ենք, չենք հանձնել, մերն է, ձերն է, դրանք ընդամենը ծիծաղելի են”,-նկատեց ԱԺ փոխխոսնակը:
Ինչ վերաբերում է վարկաբեկմանը, ապա Է. Շարմազանովն ասաց. «Թող ժողվուրդը որոշի` ով է ում վարկաբեկում և ով է վարկաբեկված, ով` ոչ»:
Հշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն էր տարածել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու` Ազգային ժողովի որոշման վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, ասվում է.
«Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր և իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա: Բացառիկ արդարամիտ է, և սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների և վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել ևս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում:
Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար և իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին»:

Վահե Մակարյան

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply