ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի այցը Իտալիա

Պաշտոնական, Օրվա լուր | | October 3, 2012 10:09

Սեպտեմբերի 27-28-ը Հռոմում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Այցի առաջին օրը Տիգրան Դավթյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կ.Պասսերայի և Իտալիայի արտաքին առևտրի գործակալության նախագահ Ռ.Մոնտիի հետ:

Հանդիպումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց Հայաստանում առկա բիզնես մթնոլորտը և արտաքին ներդրումները խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը: Նախարար Դավթյանն ընդգծեց Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործող իտալական ընկերությունների գործունեությունը:

Նախարարը հատուկ անդրադարձ կատարեց Հայաստանում արդեն ստեղծված և ստեղծվելիք ազատ տնտեսական գոտիներին` նշելով, որ վերջիններիս առկայությունը առավել գրավիչ է դարձնելու Հայաստանը ներդրողների համար:

Տիգրան Դավթյանը նաև ներկայացրեց Ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ ԵՄ և Հայաստանի միջև վարվող բանակցությունների ընթացքը` մատնանշելով վերջինիս ստորագրման կարևորությունը Հայաստանի համար: Նախարարը նշեց, որ տվյալ պայմանագրի ստորագրման պարագայում Հայաստանը կհայտնվի տնտեսապես չափազանց շահեկան դիրքում` նկատի ունենալով ԱՊՀ երկրների հետ արդեն իսկ գործող նույնանման պայմանագրի առկայությունը:

Երկուստեք նշվեց, որ, թեև Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը 2011թ. կտրվածքով աճել է շուրջ 40%-ով, իսկ ընթացիկ տարվա վեց ամիսների կտրվածքով` գրեթե կրկնապատկվել, այնուամենայնիվ, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ներկայիս մակարդակը բավարար չէ, քանի որ երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունն ունի շատ ավելի մեծ ներուժ:

Որպես լուրջ խթան հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, նախարար Դավթյանը շեշտեց Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականների աճը:

Այնուհետև, կողմերը քննարկեցին Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման, քիմիական արդյունաբերության, շինանյութի արտադրության, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մի շարք հարցեր:

Նույն օրը նախարար Դավթյանը հանդիպեց նաև Իտալիայի տարածքային կառավարման, զբոսաշրջության և սպորտի նախարար Պ.Նյուդիին:

Զրուցակիցները գոհունակություն արտահայտեցին` Իտալիայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների թվի տարեցտարի արձանագրվող աճի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կարևորվեց երկու երկրների միջև զբոսաշրջության հոսքերի ավելացումը և մատնանշվեց զբոսաշրջային արդյունաբերության մեջ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին երկու նախարարների կողմից ստորագրվեց «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր:

Այցի երկրորդ օրը Հռոմի Առևտրի պալատի նստավայրում` պատմական Տեմպի Ադրիանի սրահում, անցկացվեց հայ-իտալական գործարար համաժողով: Հռոմում առաջին անգամ է տեղի ունենում ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ գործարար համաժողով: Այն կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության, Հռոմի Առևտրի պալատի և Զարգացման Հայկական գործակալության կողմից և անցկացվել Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության հովանու ներքո:

Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին 14 հայաստանյան և շուրջ 120 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ Իտալիայի Լացիո և այլ նահանգներից:

Համաժողովին ելույթներով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, Իտալիայի Առևտրի պալատի նախագահ Ջ.Կրեմոնեզին, Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության պետքարտուղար Կ.Դե Վինչենտին և երկկողմ առևտրային պալատների միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ս.Պետտինատոն:

Իրենց ելույթներում թե` Հայաստանի և թե` Իտալիայի պաշտոնյաները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վերջին տարիներին արձանագրված դրական դինամիկան, միաժամանակ ընդգծելով այդ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը և դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը:

Այնուհետև Զարգացման Հայկական գործակալության ներկայացուցիչը համաժողովի մասնակիցներին համառոտ ներկայացրեց Հայաստանում առկա բիզնես մթնոլորտը, Հայաստանի արտահանման և ներմուծման ցուցանիշները և հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային և մաքսային քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանում ստեղծվող ազատ առևտրի գոտիների ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա:

Միջոցառմանը նաև ելույթներով հանդես եկան Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործող իտալական երեք ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում հայտարարվեց Հռոմում Իտալա-հայկական Առևտրային պալատ հիմնելու գործընթացի մեկնարկի մասին:

Միջոցառման ինստիտուցիոնալ մասի ավարտին նախարար Դավթյանը և դեսպան Կարապետյանը պատասխանեցին իտալական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին:

Այնուհետև տեղի ունեցավ համաժողովի գործնական մասը, որի ընթացքում հայաստանցի և իտալացի գործարարները հնարավորություն ունեցան անմիջական շփումների միջոցով քննարկել միմյանց միջև համագործակցության հնարավորությունները:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply