Գազի գնի թանկացումները. մոնոպոլիա՞, առաջնայնության խնդի՞ր, թե՞ համաշխարհային միտում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2010 16:38

գազ

Գազի գնի թանկացման վերբերյալ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս Արա Նռանյանն ասաց, որ համաձայն իրենց ուսումնասիրության. գազի գինը կարելի էր նվազեցնել, սակայն որոշակի առաջնայնությունների պատճառով դիտվում է հակառակ պրոցեսը:

«Առաջնայինը ոչ թե պետություն, ազգային տնտեսություն կառուցելը, ազգային պետականությունը հզորացնելն է, այլ փող վաստակելը։ Փող են վաստակում ամենաաղքատ քաղաքացիներից մինչև ամենահարուստը։ Արժեքային այս համակարգում մենք միշտ ունենալու ենք այս մրցապայքարը, որն արտահայտվում է նաև գների թանկացման մեջ»,- ասաց Նռանյանը՝ հավելելով, որ եթե ՀՀ-ում մտածելակերպը պտտվում է միայն դրամ աշխատելու շուրջ, ապա այս թանկացումը վերջինը չի լինելու։

ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչներ Գալուստ Սահակյանն ու Հովհաննես Մարգարյանն էլ ասացին, որ գազի գնի թանկացումը մեզանից կախված չէ, այլ՝ համաշխարհային միտում: Նրանք նշեցին, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի թեթևացնի սոցիալապես անապահով խավերի բեռն ու փոխհատուցի թանկացումը:

ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հռետորական- հեգնական հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանում բողոքի ցույց անելու կարիք միշտ ունենում են ընչազուրկ եւ աղքատ խավերը, մինչդեռ հարուստները և նրանց ընտանիքները երբեք չեն ունենում նման ցույցեր անելու կարիք: Նրա խոսքով, կառավարությունն անում է քայլեր, որոնք էլ ավելի են ծանրացնում բնակչության սոցիալական բեռը:

«Ժառանգության» մեկ այլ ներկայացուցիչ՝ Անահիտ Բախշյանը,  որպես մասնավոր օրինակ, հիշեց Մեղրիի օրինակը: Այնտեղ հեղուկ գազը վաճառվում է 600 դրամով, և բնակչությունը 2009թ.-ի ամռանը դիմել էր կառավարությանը՝ խնդրելով լուծել խնդիրը, քանի որ գազը նախ Մեղրիից գալիս է Երևան, ապա նորից վերադառնում Մեղրի, ինչի արդյունքում էլ 1,5-2 անգամ թանկանում է: «Արդյունքում՝ փոխվարչապետը հանձնարարականներ է տվել տարբեր պաշտոնյաների, ովքեր գրավոր խոստացել են ամեն ինչ անել:Սյունիքի մարզպետն էլ իր նամակում տեղեկացրել է, որ ընդամենը մեկ ռետինե խողովակ է պակասում՝ գործընթացն ավարտին հասցնելու համար: Սակայն մինչ օրս խնդիրը չի լուծվել ու չի լուծվելու, որովհետև  ռետինե խողովակը կա, սակայն գազը վաճառում են նույն սակագնով: Այս փաստը խոսում է միայն մի բանի մասին. մարզպետն այնտեղ աղբյուրի վրայի նստած դև է: Մոնոպոլիան իրենն է»,-ասում է Անահիտ Բախշյանը:

Դիտվել է 5200 անգամ:
Print Friendly

Leave a Reply