Հանդիպում անհետ կորած անձանց հարազատների հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 2, 2012 17:39

Տավուշի մարզում այսօր անհետ կորած են համարվում 11 անձ: Այդ անձանց ընտանիքների խնդիրները մարզում բազմապիսի են` սոցիալական, ֆինանսական, առողջական:

Պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզի տարածքային գրասենյակի աշխատակիցները սեպտեմբերի 29-ին հանդիպեցին անհետ կորած անձանց հարազատների հետ:

Հանդիպման ընթացքում հարազատները խոսեցին իրենց հուզող խնդիրների մասին, մասնավորապես նրանք դժգոհեցին, որ պետությունը սոցիալական ապահովության ծրագրերում ընդգրկվելու, անվճար կամ մասնակի հատուցմամբ բժշկական ծառայություններից, նպաստներից օգտվելու ոչ մի արտոնություն չի սահմանել իրենց համար:

Տարածքային գրասենյակի աշխատակիցներն էլ իրենց հերթին ներկայացրեցին անհետ կորածների հարցերով զբաղվող պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմից իրականացված և իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվող մտահոգիչ հարցերի շարքում էին նաև անհետ կորածների և նրանց ընտանիքների կարգավիճակի մասին օրենքի և օրենսդրական ակտերի, անհետ կորածների տվյալների բազայի և տեղեկատվության բացակայությունը:

Հանդիպման ավարտին գրասենյակի աշխատակիցները հայտնեցին ցանկացած իրավական հարցերով աջակցելու իրենց պատրաստակամությունը անհետ կորածների ընտանիքներին և նրանց հարազատներին: Ներկաներն էլ խնդրեցին Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը անհետ կորածների և նրանց ընտանիքների մասին օրենքի և օրենսդրական ակտերի շուտափույթ ընդունման հարցում:

Հանդիպումը նախաձեռնել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի տարածքային գրասենյակը:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply