Խորհրդարանական ուժերը մեկնաբանում են Էկոնոմիկայի նախարարի խոսքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2010 16:03

Արմեն ՄարտիրոսյանՀայաստանում տնտեսական ճգնաժամը կհաղթահարվի այն ժամանակ, երբ մեր հարազատները արտերկրից կրկին խոշոր գումարներ ուղարկեն: Իսկ քանի դեռ դա այդպես չէ, խոսք անգամ գնալ չի կարող այն մասին, որ Հայաստանը հաղթահարել է ֆինանսական ճգնաժամի դժվարությունները. այդ մասին այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հայտարարությունը, թե Հայաստանը կարողացել է հաղթահարել տնտեսական ճգնաժամի դժվարությունները և մտել է վերականգնման փուլ:

«Կառավարության հարգարժան անդամները նույնիսկ ճգնաժամը չէին տեսնում ու որպես դեղատոմս՝ առաջարկում էին դրա մասին չխոսել, երբ ողջ աշխարհում այն մոլեգնում էր: Իսկ այժմ էլ երկու հույս ունեն ու երկուսն էլ դրսի հետ են կապված՝ տրանսֆերտները ու միջազգային շուկայում պղնձի գների բարձրացումը: Այնպես որ՝ Ներսես Երիցյանի ասածները հերթական անգամ հեռու են իրականությունից»,-ասաց Մարտիրոսյանը: Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ նկատեց. «Մեր կառավարությունը ոչ ճգնաժամի գալը տեսավ, ոչ էլ գնալը»:

Երիցյանի խոսքերի վերաբերյալ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը նշեց, որ նախարարը պարզապես ուզում էր ասել, թե տնտեսական ճգնաժամի պիկը փորձ է արվել շրջանցելու: «Նա երևի ի նկատի ուներ, որ վերջին երկու ամիսներում մեր երկրում արձանագրվել է տնտեսական աճ: Իսկ ֆինանսատնտեսական ճգնաժամն այս պահին շրջանցած համարելը ճիշտ չէ»,-ասաց Մարգարյանը:

Դիտվել է 2792 անգամ:
Print Friendly

Leave a Reply