Ճեպազրույցներում՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2010 15:57

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողության շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը կրկին նշել է, որ եթե Թուրքիան ողջամիտ ժամկետում չվավերացնի արձանագրությունները, Հայաստանը կդադարեցնի գործընթացը, իսկ Թուրքիայի գործադիր իշխանությանը ոչինչ չի խանգարում՝ սահմանը բացել առանց արձանագրությունների վավերացման:

Այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում մեկնաբանելով նախագահի այս հայտարարությունը՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը նշեց, որ ընդհանրապես  սահմանի խնդիրը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների առանցքում դնելը շատ սխալ էր. « Սահմանի փակումը տեղի է ունեցել միակողմանի, որևէ պայմանագիր չի կնքվել: Եվ բացումն էլ Թուրքիայի հանրապետության միջազգային պարտավորությունն է: Հետևաբար՝ սխալ է դա դարձնել քննարկման առարկա, քանի որ այդ պարագայում մենք ավելի խոցելի ենք դառնում: Մեր ազգային, պետական շահը միայն սահման բացելը չէ»,-ասաց Նռանյանը:

Դաշնակցական պատգամավորը կարևորեց նաև միջազգային պայանագրերի մասին օրենքում լրացումներ կատարելու նախաձեռնությունը՝ շեշտը դնելով 24 ժամում նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու Կառավարության առաջարկությանը. «Քննարկման առաջին օրը նման հարց գոյություն չուներ և 24 ժամվա ռեժիմի մասին ոչ ոք տեղյակ չէր: Պարզվում է, որ իշխանությունները որոշել են արագացնել գործընթացը, որովհետև համոզված չեն, որ այս պայմանագրի դրույթներն իրենց պետք չեն գալու մինչև հաջորդ քառօրյա»,-ասաց Նռանյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ փաստեց, որ ՀՀ իշխանությունների կողմից ամենավերջին միամտությունը կլիներ՝ առաջինը վավերացնել արձանագրությունները: «Եթե մինչ այժմ Հայաստանն ու հայաստանյան խնդիրները պատանդ էին դարձել չվավերացված արձանագրություններին ու գործընթացի շահարկման, ապա վավերացումից հետո Հայաստանը պատանդ է դառնալու վավերացված, ուժի մեջ չմտած կամ էլ՝ կիսատ-պռատ ուժի մեջ մտած մի հավիտենական գործընթացի, որտեղ դժվար է անգամ նկարագրել հայկական կողմի կորուստները: Ամենավերջին միամտությունն ու անթույլատրելի մոտեցումը կլինի, եթե Հայաստանի իշխանությունները հերթական խայծը կուլ տան ու առաջինը վավերացնեն արձանագրությունները»,-ասաց Սաֆարյանը: Իսկ ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանը միայն նշեց, որ Սերժ Սարգսյանի բոլոր հայտարարությունները պետք է ընդունել ուղիղ, մաքուր և անկեղծ։

Դիտվել է 3615 անգամ:
Print Friendly

Leave a Reply