Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում և Լիբանանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2012 15:45

Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում համապատասխանաբար սեպտեմբերի 23-ին և 28-ին տեղի ունեցան տոնական համերգներ` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Համերգները կազմակերպվել էին Կանադայում ՀՀ դեսպանության կողմից` Կանադայի բոլոր հայկական մշակութային միությունների աջակցությամբ:
Համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանից ժամանած ՀՀ պետական ֆիլհարմոնիկի «Շելլ» եռյակը և սոպրանո Իրինա Զաքյանը, ում կատարումները ոգևորությամբ ընդունվեցին ինչպես հայ համայնքի, այնպես էլ ներկա գտնվող կանադացի պետական պաշտոնյաների և քաղաքացիների կողմից: Տորոնտոյում համերգի ավարտից հետո բեմ բարձրացավ պատգամավոր Ջո Դենիելը, որը Կանադայի կառավարության անունից ընթերցեց շնորհավորական ուղերձը:

Բեյրութի «Թեքեյան» մշակութային միությունը կազմակերպել էր տոնական երեկո՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին:
Երեկոն բացեց միության ատենապետ Արամ Սեպեջյանը: Այնուհետև, ելույթով հանդես եկավ միջոցառման գլխավոր բանախոս, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Շնորհավորելով ՀՀ անկախության օրվա առթիվ` դեսպան Քոչարյանը մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ անկախության տարիների նվաճումներն ու մարտահրավերները, անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, օրենսդրական բարեփոխումներին, տնտեսական զարգացումներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, ինչպես նաև հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին:
Երեկոյի ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ, ասմունք, ցուցադրվեց ֆիլմ Հայաստանի մասին:
Եզրափակիչ փոսքով հանդես եկավ Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը:

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply