Ռուբեն Հակոբյանն «ուղղեց» Արամ Մանուկյանին. «Նախադեպը ոչ թե 2008-ին էր, այլ 1996-ին»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2012 14:56

Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու խայտառակ նախադեպը եղել է 2008-ի մարտի 1-ից հետո` նկատի ունենալով Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը:

Քիչ անց ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և Արամ Մանուկյանին հիշեցրեց, որ նախադեպը եղել է 1996-ին. «Դա առաջին և ամենադաժան նախադեպն էր, երբ խորհրդարանը ոչ միայն «տվեց» Վազգեն Մանուկյանին, Պարույր Հայրիկյանին, Դավիթ Վարդանյանին, իրեն և այլոց, այլև խեղանդամեցին այստեղ և ուղարկեցին բանտ: Ըստ որում, «տվեցին» չորս այնպիսի հոդվածներով, որոնցից մեկը՝ հայրենիքի դավաճանություն, որը լրիվ բավական էր իրենց անընդմեջ գնդակահարելու համար»:

Ռուբեն Հակոբյանի խոսքով, եթե 2008-ին անձեռնմխելիությունից զրկվածներն իմանային, որ նույն բանի առաջ են կանգնելու, ապա 1996-ին չէին քվեարկի իրենց դեմ:

Այնուհետև «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք Վարդան Օսկանյանը ձկան այն մեծ գլուխն է, որի մասին խոսել էր ՀՀ նախագահը, և որը խորհրդանշում է կոռուպցիան, կամ որի պատճառով մեր հայրենակիցները Հայաստանից փախչում են։
«Սխալ եք խնդիրը ձևակերպել, և ցանկացած խնդիր, եթե սխալ եք ձևակերպում, արդյունքն էլ սխալ է լինելու, և սրա հետևանքները մենք դեռ զգալու ենք, հավատացնում եմ ձեզ,–ասել է նա:

Հակոբյանը հայտնեց. «Ժառանգությունը» որոշել է քաղաքական մեծամասնությանն առաջարկել հետ վերցնել Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու նախաձեռնությունը, և եթե պետք է, ապա խորհրդարան մտնել բոլո՛ր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, որովհետև կոռուպցիան իրենց մեջ է, և հենց խորհրդարանից պետք է սկսել»։

Նա համոզված է, որ այս միջնորդագրի հիմքում քաղաքական հաշվարկն է՝ նախագահական ընտրություններից առաջ:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply