ՀԱԿ-ը ևս չի մասնակցի քվեարկությանը. Արամ Մանուկյանը խորհուրդ է տալիս գլխավոր դատախազին` խաչ կառուցել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2012 13:03

Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` վերջում խորհուրդ տալով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խաչ կառուցել:

“Նկատի ունենալով, որ Վարդան Օսկանյանին ներկայացվող մեղադրանքների մասին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տեղյակ են եղել 1.5-2 տարի առաջ, իսկ քրեական գործը հարուցվեց 2012 թվականի մայիսի վերջին, այն բանից հետո, երբ Օսկանյանը սկսել էր զբաղվել ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ, ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ` անկախ ներկայացված միջնորդագրի իրավական հիմնավորվածությունից կամ ոչ հիմնավորվածությունից”,- ասաց Մանուկյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը ասաց նաև, որ սա նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանցավոր պրակտիկայի դրսևորման մի նմուշ է, երբ իշխանությունները կոմպրոմատներ են հավաքում բոլոր պաշտոնյաների, պատգամավորների, հասրակական-քաղաքական գործիչների, գործարարաների վերաբերյալ` հետագայում այդ կոմպրոմատները հարկ եղցած դեպքում նրանց դեմ քաղաքական նպատակներով օգտագործելու նկատմամբ:

Ըստ Ա. Մանուկյանի` դատախազն այս միջնորդությամբ փորձում է ամրապնդել պատգամավորների նկատմամբ իշխանությունների հրահանգով ձևավորված այն արատավոր ավանդույթը, որի նախադեպն Ազգային ժողովի 4 պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հակոբ Հակոբյանի և Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ գործադրված ապօրինի քաղաքական հետապնդումն էր:

Ի դեպ, Մանուկյանը հայտնեց, որ այս 4 պատգամավորների գործով ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում է Ազգային ժողովում հանդես գալ առանձին նախաձեռնությամբ:

Վերջում Մանուկյանը նշեց, որ, նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այն անձն է, ում անվան հետ կապ ունեն Հայաստանում տեղի ունեցող բոլոր հակաօրինական հետապնդումները, շինծու քրեական գործերի ու մեղադրանքների հարուցումը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործի տապալումը, ուստի ՀԱԿ խմբակցությունը որևէ վստահություն չի կարող տածել գլխավոր դատախազի ո’չ պրոֆեսիոնալ, ո’չ էլ բարոյական որակների նկատմամբ:

“Ելնելով այս ամենից` Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությունը ամբողջ կազմով չի մասնակցելու քվեարկությանը”,-ասաց Արամ Մանուկյանը` վերջում խորհուրդ տալով Աղվան Հովսեփյանին խաչ կառուցել, քանի որ, ըստ նրա, բոլոր գողերը, հանցագործներն ու մեղք գործածնցերը վերջում, սովորաբար, փորձում են եկեղեցի և խաչ կառուցել. “Պարո’ն դատախազ, փորձեք խա’չ կառուցել”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply