Սումգայիթյան ջարդերից անցել է 22 տարի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 26, 2010 15:30

Ուղիղ 22 տարի անց այս օրերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվում էին հայկական բնակչության կազմակերպված ջարդեր, կոտորած ու տեղահանություն:

«Իրականում, այս ամենը կրել է կազմակերպված բնույթ և ուղղորդվել է ադրբեջանական իշխանությունների կողմից»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նրա առաջարկով լրագրողները մեկ րոպե լռությամբ հարգեցին եղերագործությանը զոհ գնացած հայորդիների հիշատակը:

Եգանյանի խոսքով` փետրվարյան կազմակերպված դեպքերի և դրան հաջորդող իրադարձությունների արդյունքում ադրբեջանաբնակ մոտ կես միլիոն հայ է տարհանվել Հայաստան, որից 360 000-ը Հայաստանն ընտրել է որպես մշտական բնակության վայր: «Մարդիկ, որոնք սերնդեսերունդ ապրել են այտնեղ, մի քանի շաբաթների ընթացքում դարձան տնավեր, բնավեր»,-ասաց Եգանյանը:

2004թ. կառավարությունն ընդունեց որոշում 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարաններով ապահովելու մասին: Իսկ 2005թ. սկսած արդեն բյուջեում այդ խնդրի լուծման համար համար գումարներ էր հատկացված:

Եգանյանն ասաց, որ փախստականների հիմնախնդիրներից ամենակարևորը բնակարաններով ապահովվածության խնդիրն է, որի ամբողջական լուծումը պահանջում է 40 մլն. ամերիկյան դոլար. «Դա Հայաստանի բյուջեի համար հսկայական թիվ է»: «Այդ խնդիրը լուծելու համար այս տարի հոկտեմբերին կանցկացվի միջազգային մեծ համաժողով, որտեղ կհրավիրվեն միջազգային դոնոր կազմակերպություններ,- ասաց Ենգոյանը,- ում ներգրավվածությամբ կփորձենք լուծել չլուծված խնդիրները»:

2009թ. տնտեսական ճգնաժամի պատճառով բյուջեում փախստականներին բնակարանածածկով ապահովելու համար գումար նախատեսված չի եղել, իսկ 2008թ. հատկացվել է 815 մլն. դրամ:

Եգանյանը կարևորեց այն հանգամանքը, որ երկրում փախստականի և քաղաքացու կարգավիճակները համադրելի չեն: «Մարդը կարող է լինել քաղաքացի կամ փախստական,- ասաց նա, – սակայն այն փախստականները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացու կարգավիճակ, միևնույն է վայելում են ՀՀ կառավարության առանձնահատուկ հոգածությունը»:

Դիտվել է 3130 անգամ:
Print Friendly

Leave a Reply