Օսկանյանի դրամական միջոցների շարժերը գտնվել են ֆինանսական դիտարկման կենտրոնի ուսունասիրման ներքո

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 2, 2012 10:17

Հանսթմանների ընտանիքի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին բարեգործական նպատակներով հատկացված գումարից 1 մլն 400 հազար ԱՄՆ դոլարը Վարդան Օսկանյանի կողմից որպես տիպային ավանդ ձևակերպվել է բանկում: Մնացած 227 հազար ԱՄՆ դոլարն ամբողջությամբ ծախսվել է, որից 181 հազար դոլարը` անձնական նպատակներով, ինչը համաձայն օրենքի, կոչվում է յուրացում:

Այս մասին` ի պատասխան պատգամավորների հարցերի, Ազգային ժողովի հոկտեմբերի 1-ի նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Ըստ նրա, բնականաբար, բոլոր այս դրամական միջոցների շարժերը գտնվել են ֆինանսական դիտարկման կենտրոնի ուսունասիրման ներքո: Այս կենտրոնն ուսումնասիրում է հանրապետությունում 20 մլն դրամից ավելի բոլոր դրամական միջոցների շարժը, եթե դա կապված չէ անշարժ գույքի օտարման հետ, և 50 մլն դրամից ավելի գումարների շարժը, եթե դա կապված է նույնիսկ անշարժ գույքի օտարման հետ:

Ա. Հովսեփյանը հայտնեց նաև, որ այս դեպքում ևս առկա է դրամական շարժի վերաբերյալ ֆինանսական դիտարկման կենտրոնի տեղեկատվությունը, քանի որ Վ. Օսկանյանին փոխանցված գումարը գերազանցում է 20 մլն դրամը, ինչը կենտրոնը պարտավոր է համաձայն օրենքի ներկայացնել համապատասխան իրավական մարմիններին, մասնավորապես` Ազգային անվտանգության ծառայությանը: «ԱԱԾ-ում գոյություն ունեն օպերատիվ ստորաբաժանումներ, որոնց սրբազան պարտքն է այս գումարների շարժը ստուգել, որի հիման վրա ներկայացվում է քննչական ծառայություն, և հիմքեր են ստեղծվում քրեական գործ հարուցելու, ինչը և տեղի է ունեցել»,-նշեց նա:

«Միգուցե դա զուգադիպել է Վարդան Օսկանյանի պատգամավոր ընտրվելու հետ, բայց այդ դիտարկումները տեղի են ունեցել մինչ այդ»,-ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը: Ըստ նրա՝ գործի քննությունը շարունակվում է, և նախաքննություն իրականացնող մարմինը դեռևս զգալի գործողություններ ունի կատարելու` բոլոր դրամական միջոցների շարժի ստուգում, հարցաքննություններ և այլն:

«Փաստինֆո»

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply