Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ուկրաինայում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 2, 2012 10:13

Սեպտեմբերի 21-ին` Կիևի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի շենքում Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն և համերգ` Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Պաշտոնական հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Նա իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության 21 տարիների առանցքային նվաճումները և խոսեց հայ-ուկրաինական հարաբերությունների ու դրանց զարգացման հեռանկարների մասին:

Ելույթով հանդես եկավ նաև Ուկրաինայի Մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակը, ով իր խոսքում ջերմորեն շնորհավորեց Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև Ուկրաինայի հայ համայնքին` անկախության տարեդարձի կապակցությամբ:

Միջոցառման ավելի քան 1300 հյուրերի թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, մշակութային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ:

Ընդունելությունն ուղեկցվում էր Ուկրաինայում հայ նկարիչների նկարների ցուցահանդեսով:

Անկախության տարեդարձի առթիվ տեղի ունեցած համերգին հայ և ուկրաինացի երաժիշտների մասնակցությամբ և Ուկրաինայի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչեցին Արմեն Տիգրանյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Կարեն Խաչատուրյանի ստեղծագործությունները:

Սեպտեմբերի 25-ին Խարկովի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի շենքում Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն և համերգ:

Բացման խոսքում դեսպան Մանուկյանն իր երախտիքի խոսքը հղեց Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի Նախագահներին` Ուկրաինայի հայ համայնքին մեծ ուշադրության արժանացնելու համար, շնորհավորեց հայ համայնքին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ և կոչ արեց ակտիվորեն մասնակցել համայնքի աշխատանքներին` իր պատրաստակամությունը հայտնելով շարունակել աջակցել համայնքում առաջացած խնդիրների լուծմանը:

Ելույթով հանդես եկան նաև Խարկով քաղաքի քաղաքապետ Գենադի Կեռնեսը, Խարկովի մարզպետի տեղակալ Եվգենի Սավինը, Խարկովում Հայաստանի Հանրապետության Պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը: Նրանք ջերմորեն շնորհավորեցին Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև Ուկրաինայի հայ համայնքին` անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Միջոցառման հյուրերի թվում էին Ուկրաինայի Խարկովի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և հայ համայնքի անդամներ: Համերգի ավարտից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Սեպտեմբերի 27-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված Ուկրաինայում կազմակերպված միջոցառումներին հաջորդեց Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը` Ուկրաինայի հայոց Թեմի առաջնորդ Տ.Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հանդիսապետությամբ և Ուկրաինայի հայոց Թեմի հոգևոր դասի ու հավատացյալների ներկայությամբ:

Հիմնարկեքի արարողությանը մասնակցեց և ներկաներին իր ողջույնի խոսքն ուղղեց դեսպան Մանուկյանը:

Հաջորդ օրը ՀՀ դեսպանը Յալթայում հանդիպում ունեցավ Ղրիմահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply